«Որևէ իշխանություն իրավասու չէ»․ արձագանք Փաշինյանի ելույթին
Արձագանք Փաշինյանի հայտարարությանը
«Մեզ համար անընդունելի և առոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմված որևէ փաստաթուղթ»,- Հայաստանի վարչապետի հայտարարությանն այսպես է արձագանքել Արցախի խորհրդարանը։
Փաշինյանի նախորդ օրվա ասուլիսից հետո ԼՂ-ի պատգամավորներն արտահերթ նիստ են հրավիրել և հայտարարություն ընդունել։ Նրանք Հայաստանի ու Արցախի նախկին և գործող նախագահներին կոչ են անում դատապարտել Փաշինյանի հայտարարությունները, լռությունը կդիտարկեն որպես «Հայաստանի վարչապետի հետ համաձայնության նշան»։
«Ադրբեջանի 86․600 քառ․ կմ տարածքային ամբողջականությունը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»,- մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր Հայաստանի վարչապետը։ Ընդգծել էր՝ ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատում և այդ երկխոսության համար կարևոր համարել միջազգային երաշխիքների ստեղծումը։ Նիկոլ Փաշինյանն ասել էր նաև, որ համաձայն չէ այն դիտարկման հետ, թե «Արցախի վրա խաչ են քաշում»։
Խոսելով Ադրբեջանի հետ կնքվելիք համաձայնության մասին՝ նկատել էր հայկական կողմը պատրաստ է «հնարավորինս արագ ավարտին հասցնել բանակցությունները և ստորագրել խաղաղության պայմանագիր», ինտենսիվ աշխատում է այդ ուղղությամբ։
Հայաստանի և Արցախի նախկին նախագահների արձագանքը, պատգամավորների դիրքորոշումները, նաև մեկնաբանություն՝ ԼՂ հարցով նախկին բանակցող Վարդան Օսկանյանից
«Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց»
Նման արձանագրում է արված Արցախի խորհրդարանի՝ երեկ ուշ երեկոյան ընդունած հայտարարության մեջ։ Խորհրդարանականներն ընդգծել են, որ «Արցախն Ադրբեջանի կազմում ներառելու» իր հանձնառությամբ Հայաստանի վարչապետը կոպտորեն խախտում է ՀՀ Անկախության հռչակագրում և Սահմանադրության մեջ արված ամրագրումներն Արցախի մասին.
«Առանձնապես, ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թ․ի հուլիսի 8-ի որոշման հրամայական հիմնադրույթն առ այն, որ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։
Հայտարարության մեջ ասվում է, որ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ և շեշտվում՝ «որևէ իշխանություն իրավասու չէ այն բեկանելու»։
Արցախի պատգամավորների դիտարկմամբ՝ Արցախն ու ՀՀ ինքնիշխան տարածքները «անկլավների» անվան տակ Ադրբեջանին զիջելուն ուղղված աղետալի քայլերն անխուսափելիորեն հանգեցնելու են հայկական պետականության կորստին։
«Անընդունելի է»․ նախկին նախագահների արձագանքը
Դատապարտող հայտարարությամբ հանդես գալու կոչին արձագանքել են Արցախի նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։ Նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ընդգծել են՝ վարչապետի ներկայացրած մոտեցումներն «Արցախը չի ընդունել և չի ընդունելու», իսկ հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքի համար պայքարելու են «բոլոր հնարավոր միջոցներով»․
«Հայաստանի գործող իշխանությունների պահվածքն ու դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի համար ճակատագրական հարցերում Ադրբեջանի ցանկություններին անվերապահ ենթարկվելու տրամաբանությամբ, անընդունելի են»։
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իրենից նոր հայտարարություն ակնկալելը տարակուսելի է համարել․
«Մշտապես, այդ թվում՝ անցած հինգ տարիներին, բոլոր հնարավոր առիթներով ես հայտարարել եմ՝ Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում»։
Նախագահներին ուղղված վերջնագրային պահանջները իր մասով «անտեղի և վիրավորական» է համարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա ընդգծել է, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր չտեսնել, որ վերջին երկու տարիներին տեղի է ունենում «Արցախի բացահայտ հանձնում»։
«Մենք դրա մասին խոսել ենք հանրային և բոլոր առիթներով: Արցախի ԱԺ-ն իր մեծամասնությամբ (բացառությամբ 4 պատգամավորի), իրենց առաջնորդներով որևէ կերպ չի արձագանքել մեր զգուշացումներին»։
Քոչարյանն ասել է նաև․
«Ձեր հնազանդությամբ և Հայաստանի իշխանություններին գոհացնելու ձգտմամբ դուք թույլ տվեցիք, որ Արցախի ճակատագիրը որոշվի առանց ձեր մասնակցության»։
Հայաստանի խորհրդարանը կիսո՞ւմ է վարչապետի կարծիքը
Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է քննարկման առարկա դարձնել Արցախի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարություններն ու դրանց գնահատական տալ։ Ի պատասխան ԱԺ նախագահն ասել է, որ ընդդիմության իրավունքն է հանդես գալ լսումների անցկացման նախաձեռնությամբ, թող ներկայացնեն, կքննարկեն։
«Եթե Ձեզ հետաքրքրում է անձնապես իմ կարծիքը, ես ամբողջությամբ կիսում եմ վարչապետի՝ երեկ հնչեցրած կարծիքները»,- ասել է Սիմոնյանը:
Իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանն էլ նշել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը «որևէ կերպ չի կարող խոչընդոտել Արցախի հայ ժողովրդի իրավունքների և անվտանգության իրացմանը»․
«Այս իրավիճակով ավելի մեծ է հնարավորությունը Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության իրացման ու ավելի քիչ են ռիսկերը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված, սուվերեն տարածքների շուրջ»։
Վստահեցրել է՝ չի եղել և չի կարող լինել որևէ մեկը, ով Հայաստանի կամ ԼՂ-ի տարածքներից, որտեղ դարերով հայեր են ապրել, «նվերներ կտա»։
Ընդդիմությունը Փաշինյանի հայտարարությունը որակում է «հակապետական», բայց նաև հավելում՝ այն անակնկալ չէր։
«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին հրապարակել է Արցախը և Հայաստանը հանձնելու ճանապարհային քարտեզը և ժամանակացույցը»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Մեկնաբանություն՝ ԼՂ հարցով նախկին բանակցողից
Հայաստանի նախկին արտգործնախարար, ԼՂ հարցով երկար տարիներ բանակցություններին մասնակցած Վարդան Օսկանյանի կարծիքով՝ Փաշինյանի երեկվա ասուլիսից վերջնականապես պարզ է դարձել, որ նա Ադրբեջանին է հանձնում Ղարաբաղը, ինչպես նաև «անկլավների» քողի տակ լրացուցիչ տարածքներ։ Դա, ըստ նրա, միանշանակ վնասելու է Իրանի ու Վրաստանի հետ ռազմավարական հաղորդակցություններին, առաջացնելու է անվտանգային լրջագույն խնդիրներ․
«Կասկած չունեմ՝ շուտով նաև կլսենք, որ Ադրբեջանին տրվում է միջանցք «ոչ միջանցքային տրամաբանությամբ։
Այս բոլորը բացատրվում և արդարացվում է պարզունակ հիմնավորմամբ, թե Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակում և աշխարհաքաղաքական առկա փոփոխությունների պայմաններում պարզապես այլընտրանք չկա»։
Վարդան Օսկանյանը նշել է, որ իրավիճակի հիմնական պատճառը Փաշինյանի սխալ և անհեռատես ռազմաքաղաքական ու դիվանագիտական որոշումներն են։ Նրա դիտարկմամբ՝ աշխարհաքաղաքական այսօրվա հեղհեղուկ վիճակը ստիպում է ոչ թե արագ հասնել մեզ համար բացարձակապես անընդունելի հանգուցալուծման, այլ հակառակը՝ «առավել լայն հնարավորություններ է ստեղծում հարցի՝ մեզ համար բարենպաստ լուծումների հասնելու համար»։
Հայտարարել է, թե լրջագույն այլընտրանք կա այն ամենին, ինչ արվում է ու վստահեցրել՝ շատ կարճ ժամանակում հնարավոր է «կտրուկ փոփոխություն մտցնել այս հարցում հետաքրքրություն ցուցաբերող և միջնորդական առաքելություն իրականացնող երկրների տեսակետներում և մոտեցումներում»։ Թե ինչպե՞ս կամ ինչի՞ արդյունքում՝ չի հստակեցրել։
«Նույն ժամանակահատվածում հնարավոր է հասնել մի այնպիսի բանակցային փուլի, որի օրակարգային հարցերի համադրումը հնարավորություն կստեղծի հասնել Արցախյան հարցի՝ կողմերի համար ընկալելի լուծման, որը և կարող է լինել միակ երաշխիքը այս տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության»,- նկատել է Օսկանյանը։
Նախկին արգործնախարարի գնահատմամբ՝ միջազգային հանրությունն ու Ադրբեջանը պետք է գիտակցեն, որ խնդրի «փաշինյանական լուծումը» երկու ժողովուրդների միջև խաղաղություն չի բերելու։
«Այն, ինչ արվում է, անընդունելի է և դատապարտելի։ Համոզված եմ՝ Փաշինյանին չի հաջողվելու հարցին նման լուծում տալ։ Եթե անգամ նա նման փաստաթուղթ ստորագրի, դա կլինի ժամանակավոր շեղում պատմության բնականոն ընթացքից»,- գրել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Արձագանք Փաշինյանի հայտարարությանը