Արդյո՞ք Նեյմարը կդառնա պատմության մեջ ամենաթանկ ֆուտբոլիստը
«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Նեյմարը կարող է դառնալ ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ խաղացողը, սակայն դրան խոչընդոտում է իսպանական բարձրագույն լիգան:
Նեյմարը մտադիր է պայմանագիր կնքել փարիզյան ՊՍԺ ակումբի հետ, որտեղ նրան տարեկան 40մլն եվրոն գերազանցող աշխատավարձ է առաջարկվել: Սակայն այդ պլանի իրագործման համար սկզբում անհրաժեշտ է խոշոր գումար վճարել նրա ներկայիս ակումբին:
«Բարսելոնայի» հետ պայմանագրի համաձայն՝ այդ գումարը կազմում է 222մլն եվրո:
ՊՍԺ-ն հայտարարել է, որ պատրաստ է այդ գումարը վճարել Նեյմարի համար:
Սակայն այդ գործարքին դեմ է արտահայտվել Իսպանիայի La Liga-ն: Օրենքի համաձայն՝ հենց նա պետք է ստանա հրաժարադրամը, այնուհետև փոխանցի վաճառող ակումբին: Լիգան հրաժարվել է դա անել՝ հայտարարելով, որ ՊՍԺ գործողությունները խախտում են ՈւԵՖԱ-ի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները:
Այդ կանոնների համաձայն՝ ակումբի տարեկան ծախսերը չպետք է գերազանցեն դրա եկամուտը ավելին, քան 30 մլն եվրոյով: ՊՍԺ-ի փաստաբանները լիգայի գործողություններն ապօրինի են անվանել և հայտարարել, որ բողոքարկելու են դրանք:
Այսպիսով Նեյմարի՝ ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային գումարով անցման ճակատագիրը դեռևս պարզ չէ:
Ֆրանսիական ՊՍԺ-ն պատկանում է քաթարցի ներդրողների: Այս սեզոնում ակումբը հայտարարել է, որ իր առջև հավակնոտ խնդիր է դնում՝ հաղթել Չեմպիոնների լիգայում: