«Ադրբեջանի երկրորդ ձախողումը»․ հայ իրավաբանը՝ Հաագայի դատարանի որոշման մասին
Արդարադատության միջազգային դատարանի որոշումը
«Ադրբեջանի երկրորդ ձախողումը Հաագայի դատարանում»,- իրավաբան Արա Ղազարյանն այսպես է բնորոշում Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին Արդարադատության միջազգային դատարանի արդեն երկրորդ որոշումը։ Միջազգային իրավունքի մասնագետն ասում է՝ հաղթանակ չէ, բայց փափուկ գործիք է, որը քաղաքական ասպարեզում վարքագիծ է թելադրում։
Փետրվարի 22-ի ուշ երեկոյան դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Սակայն գազամատակարարման վերականգնման վերաբերյալ ապացույցները համարել է ոչ բավարար։ Հայաստանի դեմ ներկայացված Ադրբեջանի միջնորդությունն այն մասին, թե, իբր, հայերը «Լաչինի միջանցքով ականներ են փոխադրում» Հաագայի դատարանը միաձայն մերժել է։
Իրավաբան Արա Ղազարյանի խոսքով՝ այս միջնորդության մերժումն ավելի մեծ նշանակություն ունի, քան հայկական կողմի ներկայացրած պահանջի մասնակի բավարարումը։
Որոշման մանրամասները, պաշտոնական Երևանի գնահատականը, փորձագիտական կարծիք
«Ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով»․ Հայաստանի պահանջը մասամբ բավարարվեց
«Ադրբեջանը պարտավոր է իր՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ»,- եզրակացրել է դատարանը։
Դատարանն արձանագրել է՝ 2022 թ․-ի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է ԼՂ կենսական ապրանքների ներմուծումը, ինչի հետևանքով սննդի, դեղորայքի և այլ «կյանք փրկող պարագաների» պակասուրդ է առաջացել:
«Վնասը կարող է անուղղելի համարվել, երբ համապատասխան անձինք հայտնվում են կյանքի և առողջության համար վտանգավոր հանգամանքներում»,- նշել է Հաագայի դատարանն ու հավելել, որ կա հրատապություն։ Ըստ այդմ էլ որոշում է կայացրել կիրառել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց։
2022 թ․-ի դեկտեմբերի 28-ին հայկական կողմը դատարան էր ներկայացրել երկու ժամանակավոր միջոցի կիրառելու միջնորդություն ՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին՝
- բացել Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով,
- անհապաղ և լիովին վերականգնել բնական գազի անխափան մատակարարումը։
Արդարադատության միջազգային դատարանը երկրորդ պահանջը մերժել է՝ նշելով, որ բավարար փաստարկներ չեն ներկայացվել այն մասին, որ հենց Ադրբեջանն է խաթարում գազի մատակարարումը։
Մինչ այս Հաագայի դատարանը Ադրբեջանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ էր կիրառել 2021 թ․-ի դեկտեմբերի 7-ին։ Այդ որոշման համաձայն՝ Բաքուն պարտավորվել էր՝
- ձեռնպահ մնալ բռնությունից և մարմնական վնաս պատճառելուց բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք գերեվարվել են 2020 թ․-ի հակամարտության առնչությամբ և մնում են ազատությունից զրկված, ապահովել օրենքի առաջ նրանց հավասարությունն ու անվտանգությունը,
- միջոցներ կիրառել կանխելու համար ռասայական խտրականության և ատելության սերմանումը, այդ թվում՝ պետական կառույցների, պաշտոնատար անձանց կողմից, մասնավորապես՝ հայերի նկատմամբ,
- ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` կանխելու և պատժելու վանդալիզմի դրսևորումները հայկական մշակութային ժառանգության նկատմամբ։
Ինչպես նախորդ, այնպես էլ այս միջնորդությունները ներկայացվել են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտման, մասնավորապես՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցի շրջանակներում։ Համանման հայց նաև Ադրբեջանն է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։
«Ապացույցներ ներկայացված չեն»․ Ադրբեջանի պահանջը մերժվեց միաձայն
Ադրբեջանը միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն» ու պնդել, թե ականների տեղադրմամբ հայկական կողմը խախտում է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան։
«Ադրբեջանը դատարանին չի ներկայացրել ապացույցներ, որոնք ցույց կտան, թե ականների հետ կապված Հայաստանի ենթադրյալ վարքագիծը նպատակ ունի խաթարել ադրբեջանական ծագում ունեցող անձանց իրավունքները»,- հայտարարել է դատարանը։
Պաշտոնական Բաքուն արդեն արձագանքել է այս որոշմանը՝ նշելով, որ այն «հիմնավոր չէ» և հայտարարելով, որ Ադրբեջանը կշարունակի Հայաստանին պատասխանատվության ենթարկել «մարդու իրավունքների լրջագույն խախտումների» համար։
Պաշտոնական Երևանի արձագանքը
Հայաստանի իշխանությունները ողջունել են Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումները։
Հայաստանի վարչապետը նկատել է՝ որոշումն ունի պարտադիր կատարման ուժ և շեշտել, որ Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ Ադրբեջանի կողմից կոնկրետ գործողությունների բացակայությունը «կարող է և պետք է հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների»։
«Կարևոր հանգամանք է, որ դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար՝ ըստ էության, լուրջ չհամարելով միջանցքը «էկոակտիվիստների» կողմից փակելու հանգամանքը, և հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով որոշման քաղաքական ազդեցությանը՝ վարչապետը շեշտել է, որ Հայաստանի միջնորդության բավարարմամբ արձանագրվել է «միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը», քանի որ տևական ժամանակ Բաքուն բոլոր միջազգային հարթակներում պնդում էր, թե Լաչինի միջանցքը փակ չէ։ Խոսելով ադրբեջանական կողմի միջնորդության մերժման մասին՝ կառավարության ղեկավարը նկատել է՝ ականապատումների մասին Հայաստանին ուղղված «անհիմն մեղադրանքները փլուզվեցին»։
«Դատարանը հստակ արձանագրեց նաև Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը՝ համաձայն 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Ըստ այդմ՝ նաև տվյալ հայտարարությանն ու նրա դրույթներին, այդ թվում՝ ԼՂ և շփման գծի առկայությանը տրվեց միջազգային իրավական նշանակություն»,- ընդգծել է Փաշինյանը։
Հայաստանի արտաքին գերատեսչությունը բարձր է գնահատել այն, որ դատարանը փաստել է «հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգի» առկայությունն ու հերքել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ականներ տեղադրելու կեղծ մեղադրանքները։ Արձանագրել է, որ դատարանի որոշումների համաձայն՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և այլ գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն:
«Հայաստանը ուշադիր հետևելու է իրավիճակին և դատարանին կտեղեկացնի Ադրբեջանի կողմից ցանկացած խախտումների մասին, մինչ Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։
ԱԳՆ-ն միջազգային գործընկերներին կոչ է արել գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշման անհապաղ իրականացումը։
Հաագայի դատարանի որոշմանն անդրադարձել է նաև Արցախի նախագահը։ Արայիկ Հարությունյանն այն որակել է որպես «միջազգային պայքարում կարևոր հանգրվան» և վստահեցրել, որ Հայաստանի հետ միասին շարունակելու են հնարավորինս օգտագործել միջազգային իրավական բոլոր մեխանիզմները Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նպատակով։
«Այս որոշումը ևս մեկ անառարկելի միջազգային իրավական հիմք է, որ ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում»,- գրել է Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում։
Փորձագիտական կարծիք
Իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով՝ դատարանի որոշումը կանխատեսելի էր, քանի որ կային «առերևույթ ապացույցներ», որոնք վկայում էին՝ ադրբեջանցիները խոչընդոտում են ոչ միայն բեռների ու քաղաքացիների տեղաշարժը, այլև ռուս խաղաղապահների գործառույթների իրականացումը։
Ղազարյանի գնահատմամբ՝ որոշումը «պատմական փաստ» է, որն Ադրբեջանի համար ծանրություն է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ այս դատական գործընթացը շարունակվում է։ «Առաջին լրատվականի» եթերում նա նշել է, որ այն կարող է ձգվել մեկ տասնամյակ։
«Ադրբեջանը պետք է ավելի շատ ռեսուրսներ ծախսի մանևրելու համար, նոր լեգենդներ հորինի, նոր պատճառներ ճանապարհը արգելափակված պահելու համար»,- հայտարարել է նա։
Իրավաբանի դիտարկմամբ՝ Հաագայի դատարանն արձանագրել է՝ Ադրբեջանն է արգելափակել ճանապարհը։ Ասում է՝ հաջորդ քայլը պետք է լինի ցույց տալը, որ դա «ոչ միայն արգելափակում է, այլև բլոկադա՝ պատերազմի գործիք, որն Ադրբեջանն օգտագործում է խաղաղ բնակչության դեմ»։
Նկատում է՝ եթե իրավական գործընթացներն այսպես շարունակվեն, Ադրբեջանի վրա կարող է փակցվել ագրեսոր պետության պիտակ։
Հիշեցնում է՝ մի քանի պետություններ ՄԱԿ ԱԽ նիստում հենց այդպես էլ որակել էին երկիրը, պարզապես Մոսկվան օգնության էր հասել Բաքվին։
Անդրադառնալով հայկական կողմի երկրորդ՝ գազամատակարարման վերականգնման մասին պահանջի չբավարարմանը՝ Ղազարյանը նշել է, որ «դատարանը վերապահումով է մոտեցել, քանի որ Հայաստանի պնդումները հիմնված են եղել ենթադրության վրա»․
«Դատարանը զգուշություն ցուցաբերեց, որ հանկարծ իրեն չմեղադրեն ապագա վճիռը կանխորոշելու հարցում, նաև կողմնապահության մեջ»։
Հայաստանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու Ադրբեջանի պահանջի մերժումը, ըստ միջազգային իրավունքի մասնագետի, չափազանց կարևոր որոշում էր։ Ասում է՝ Հայաստանին խաղաղ բնակավայրերում հումանիտար իրավունքով արգելված ականների տեղադրման մեջ մեղադրելով Բաքուն նպատակ ուներ «ստեղծել տպավորություն և իրավական հիմքեր, որ Հայաստանը պատերազմական հանցագործություններ է կատարում, որպեսզի հետո արդարացնի իր նախահարձակ գործողությունները»։
Հիշեցնում է՝ 2021 թ․-ի դեկտեմբերին ադրբեջանական կողմը գրեթե նույն հիմքերը բերելով մերժվել էր։ Այս անգամ հղում էին արել ի հայտ եկած, իբր, նոր փաստերի վրա։ Շեշտում է՝ միջնորդությունը միաձայն է մերժվել, ինչը նշանակում է, որ ներկայացվել է «առերևույթ անհիմն, կամայական ակտ»։
«Նման դատական ակտերը ցրում են այն կարծրատիպը, թե Ադրբեջանը մեծ ռեսուրսներ ծախսելով մեծ հաջողություններ է գրանցում, կա դավադրություն ընդդեմ Հայաստանի, և ապացուցվում է, որ հետևողական աշխատանքը տալիս է պտուղներ»,- վստահեցրել է նա։
Արա Ղազարյանի խոսքով՝ մինչ Հայաստանը հիմնավոր պնդումներ է ներկայացնում, Ադրբեջանը փորձում է ստեղծել «հայելանման հակակշիռ»։ Ասում է՝ չի հաջողվում, քանի որ «հարձակվող պետության համար շատ դժվար է հանդես գալ զոհի կերպարում»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Արդարադատության միջազգային դատարանի որոշումը