Հայաստանը փորձում է վերականգնել ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ
Հայաստանը բանակցություններ է վարում ավիաընկերությունների և ԵԱՏՄ գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս արագ լուծի ավիահաղորդակցության վերականգնման հարցը։ Այս մասին սեպտեմբերի 10–ին կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ մոտ 20 ավիաընկերություն արդեն պատրաստակամություն է հայտնել կանոնավոր չերթներ իրականացնել սեպտեմբերին։
Մինչ Հայաստանը բանակցություններ է վարում, երկրում ժամանակ առ ժամանակ փակ սահմանների բացելու պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում։
• Հայաստանում ԱԴ ռեժիմը կարանտինով կփոխարինվի։ Ո՞րն է տարբերությունը և ինչո՞ւ է ընդդիմությունը դեմ
• Վրաստանը խստացնում է կարգավորումները կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով
Ի՞նչ է հայտնի այս պահին
Հայտնի է միայն այն, որ այդ 10-20 ավիաընկերությունները կարող են վերսկսել կանոնավոր չվերթներն այն դեպքում, եթե «իրավական սահմանափակումներ չլինեն»։ Նիստի ժամանակ վարչապետը նշել է, որ «իր կողմից Հայաստանն առավելագույնը պարզեցրել է երկիր մուտք գործելու հնարավորությունը»․
«Օտարերկրյա քաղաքացիները, որոնք չեն ուզում կարանտինի մեջ մնալ, կարող են 14 օրվա ընթացքում PCR-թեստ անցնել, մեկ օրում ստանալ պատասխանն ու բացասական արդյունքի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից»։
Ավիահաղորդակցության վերականգնման հարցն, ըստ վարչապետի, բարձրացվելու է ԵԱՏՄ շրջանակում։
«Մեր համաքաղաքացիներից շատերն արդեն երկար տարիներ արտասահման, մասնավորապես՝ Ռուսաստան են մեկնում գումար վաստակելու, և այս թեման պարբերաբար բարձրացվում է։ Սակայն պետք է արձանագրել, որ սա ճգնաժամային համաճարակային իրավիճակ է։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե միայն Հայաստանում է այսպիսի իրավիճակ, բայց դա այդպես չէ։ Այսօր ԱՊՀ երկրների միջև ուղևորահոսքն ընդհանրապես դադարեցված է», — նշել է Փաշինյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդգծել է, որ այս հարցը ԵԱՏՄ շրջանակում արդեն սկսել է քննարկվել․
«Ես կարծում եմ, որ ԵԱՏՄ գործընկերները պատրաստ են քննարկմանը, ու մենք ի վիճակի կլինենք, որ միասնական կանոնը սահմանենք այնպես, որ ինքը սիմետրիկ գործի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար։ Անգամ եթե մոտ ժամանակներս հնարավորություն չլինի վերսկսելու կանավոր ուղևորափոխադրումներն, ապա նվազագույնը միասնական չափանիշների հաստատում կիրականացվի»։
«Ռուսաստան եմ ուզում»․ բողոքի ակցիաների մասին
Հայաստանում պարբերաբար փակ սահմանները բացելու պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում։ Մասնակիցները հիմնականում աշխատանքային միգրանտներն ու ռուսաստանցի հայերի ընտանիքի անդամներն են, որոնք չեն կարողանում մեկնել երկրից։
Վերջին անգամ որպես բողոքի նշան ակցիայի մասնակիցներն ավտոերթ էին կազմակերպել։ Երևանով երթևեկում էին մեքենաներ՝ «Ռուսաստան եմ ուզում» պաստառներով։

Հայաստանի քաղաքացիներին, որոնք ուզում են Ռուսաստան մեկնել, սեպտեմբերի 10–ին դիմել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նա հիշեցրել է, որ օդային և ցամաքային ուղևորափոխադրումների սահմանափակումները ոչ թե Հայաստանն է մտցրել, այլ ընդունող երկրները։
Այսօրվա դրությամբ Հայաստանից Ռուսաստան կարելի է մեկնել միայն հատուկ չվերթներով, որոնք կազմակերպում է Հայաստանում ՌԴ դեսպանատունը։