ԵՄ-ն պատրաստ է Վրաստանի համար կասեցնել առանց վիզայի ռեժիմը․ «Ֆորմուլա»
Առանց վիզայի ռեժիմի կասեցում Վրաստանի համար
«Ֆորմուլա» հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ Եվրամիությունում փաստացի համաձայնություն է ձեռք բերվել Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի կասեցման վերաբերյալ այն պարագայում, եթե հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո գրանցվեն իրավիճակի հետագա վատթարացում և ժողովրդավարական սկզբունքների, այդ թվում՝ ազատ ընտրությունների սկզբունքի խախտումներ:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունների հետ խորհրդակցություններն ու համաձայնեցման փուլն արդեն ավարտված են:
Կարևոր է ընդգծել, որ «Վրացական երազանքի» նկատմամբ ԵՄ անհատական պատժամիջոցները մշտապես արգելափակվում են Հունգարիայի կողմից: Սակայն առանց վիզայի ռեժիմի կասեցումն այն որոշումն է, որը չի պահանջում բոլոր անդամ երկրների համաձայնությունը կամ լիարժեք կոնսենսուս: Բավարար է 15 երկրների համաձայնությունը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն փորձում է հասարակությանը համոզել, որ հաջորդ տարվա սկզբից արևմտյան գործընկերների հետ հարաբերությունները «կառողջանան»:
Նրա խոսքով՝ հույս ունի, որ պատերազմը Ուկրաինայում կավարտվի հաջորդ տարի, ինչը, ըստ նրա տրամաբանության, կհանգեցնի Վրաստանի կառավարության և նրա գործընկերների հարաբերությունների կարգավորմանը:
«Ուզում եմ ընդգծել, որ մենք որոշակի դժվարություններ ունենք գործընկերների հետ հարաբերություններում, բայց ես հավատում եմ, որ հենց Ուկրաինայում պատերազմն ավարտվի, բոլոր խնդիրները կլուծվեն, և հարաբերությունները կվերադառնան բնականոն հուն: Ինչ վերաբերում է մեր կանխատեսմանը, մենք մեծ հույս և հավատ ունենք, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի հաջորդ տարի:
Ուստի հաջորդ տարվանից սկսած Վրաստանի կառավարության և մեր գործընկերների միջև հարաբերությունները որակապես կբարելավվեն, ինչը, իհարկե, վճռորոշ նշանակություն ունի, որպեսզի տնտեսության զարգացման ճանապարհին ոչ մի խոչընդոտ չլինի»,- ասել է Կոբախիձեն:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի հատուկ նշանակության զորքերի ղեկավար Զվիադ Խարազիշվիլիի (հայտնի Խարեբա մականունով), նրա տեղակալ Միլերի Լագազաուրիի, ինչպես նաև ռուսամետ «Alt-info» շարժման առաջնորդներ Կոնստանտին Մորգոշիայի և Զուրաբ Մախարաձեի նկատմամբ:
Բացի այդ, Պետդեպարտամենտը «ժողովրդավարությունը խարխլելու համար» վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի կառավարության և խորհրդարանի ավելի քան 60 ներկայացուցիչների, այդ թվում՝ նրանց ընտանիքի անդամների նկատմամբ:
Ուշագրավ է, որ ինչպես Խարեբան, այնպես էլ նրա տեղակալը ներառվել են, այսպես կոչված, «Մագնիտսկու ցուցակում»: Երկու բարձրաստիճան պաշտոնյաներն էլ կապված են «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի [կամ ռուսական օրենքի, ինչպես այն անվանում է վրաց հասարակությունը] ընդունման դեմ հանդես եկող քաղաքացիների հանդեպ բռնությունների հետ:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ այս անձանց ողջ գույքն ու ակտիվները, որոնք գտնվում են ԱՄՆ-ում կամ ԱՄՆ իրավասության ներքո գտնվող երկրներում, կսառեցվեն: