«Ապրիլյան» պատերազմից հինգ տարի անց։ Ի՞նչ է այն փոխել։ Երևանի և Բաքվի փորձագետների կարծիքը
Արցախում այսպես կոչված «քառօրյա», կամ «ապրիլյան պատերազմից» հինգ տարի է անցել։ 2016 թ-ի ապրիլի 2-5-ը տեղի է ունեցել ամենամասշտաբային և արյունալի սրացումն Արցախի շփման գծում՝ 1994 թ-ի հրադադարի հաստատումից ի վեր։ Հրադադարի ռեժիմը հաստատվել էր ռուսական կողմի միջնորդության շնորհիվ։
Այդ մարտերի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ էր անցել մի քանի բնակավայր և ռազմավարական բարձունք, ընդհանուր առմամբ, մոտ 20 քառակուսի կիլոմետր տարածք։ Պաշտոնական տվյալներով՝ չորս օրում զոհվել է ավելի քան 200 մարդ երկու կողմից։
2020 թ-ի աշնանը տեղի ունեցած Արցախյան երկրորդ արյունահեղ պատերազմից հետո, որը երկու կողմից ոչ պակաս, քան վեց հազար մարդու կյանք է խլել, այդ իրադարձություններն այլ իմաստ են ստացել։ Ի՞նչ նշանակություն է ունեցել «ապրիլյան» պատերազմը, ի՞նչ է այն փոխել կամ կանխորոշել։ JAMnews-ը հարցրել է Երևանի և Բաքվի փորձագետներին։
- Ինչպե՞ս էին գնահատում «ապրիլյան պատերազմն» Արցախյան երկրորդ պատերազմից մեկ տարի առաջ
- «Ալիևն ու [Փաշինյանը] գաղտնի բանակցություններ են վարել»․ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը
Ադրբեջան
Շահին Ջաֆարլի, քաղաքագետ
«Եթե համեմատենք 2016 թ-ի ապրիլին և 2020 թ-ի աշնանը տեղի ունեցած ռազմական գործողությունների պայմանները, առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձնել աշխարհում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակին։ 2016 թ-ին Ռուսաստանը շատ արագ կասեցրեց ադրբեջանական բանակի հակահարձակումը, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարակից օկուպացված տարածքների ազատագրումը Կրեմլի պլանների մեջ չէր մտնում։
2020 թ-ին իրավիճակը կտրուկ փոխվեց։ Ռուսաստանը «թույլ տվեց» Ադրբեջանին ազատագրել իր միջազգայնորեն ճանաչված տարածքները, ըստ էության, լռեց 44 օր շարունակ․ արդյունքում՝ իր զինված ուժերը վերադարձրեց մեր երկիր։
Այդպիսով՝ Կրեմլը պարզապես առաջ ընկավ միջազգային մասշտաբի իրադարձություններից։ Բոլորի համար պարզ էր, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում մեծ հավանականությամբ հաղթելու է Ջո Բայդենը։ Պուտինը պետք է ամրապնդեր իր դիրքերը Կովկասում՝ նախքան ԱՄՆ-ի կողմից այս տարածաշրջանում վճռորոշ քայլեր ձեռնարկելը։
- «Արյուն, քրտինք, արցունքներ և կոմպետենտ կառավարում»․ ճգնաժամից Հայաստանի ելքի բանաձևը՝ քաղաքագետից
- «Հայերի փրկությունը հենց հայերի ընտրությունն է»․ քաղաքագետ
Հարկ է ուշադրություն դարձնել․ Ռուսաստանը միշտ այդպիսի քայլեր ձեռնարկում է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների նախաշեմին։ Աշխարհաքաղաքական պայքար է գնում։ Այդպես եղավ նաև Վրաստանի հետ 2008 թ-ին։
Պետք է ընդգծել նաև Թուրքիայի դերը 2020 թ-ին, ինչը չկար 2016 թ-ին։ Եղբայրական երկրին ցուցաբերված քաղաքական աջակցությունը զգալի օգնություն էր ադրբեջանական բանակին նախորդ աշնանը։
Ինչ վերաբերում է 2016 թ-ի ռազմական գործողությունների և 2020 թ-ի պատերազմի միջև կապին, ապա Ադրբեջանը Ղարաբաղյան առաջին պատերազմի ավարտից ի վեր առաջին անգամ զգաց իր բանակի ուժը։ Ինչպես երկրի ղեկավարությունն, այնպես էլ բանակը հավատացին իրենց ուժերին, ինչը պակաս կարևոր չէ ազատագրական պատերազմի համար»։
Ասաֆ Կուլիև, քաղաքական մեկնաբան․
«2016 թ-ի ապրիլյան մարտերի գլխավոր արդյունք եմ համարում Հայաստանում «ղարաբաղյան կլանի» դիրքերի խարխլումը։ Եվ Հայաստանում, և Լեռնային Ղարաբաղում սպասում էին Ադրբեջանի ռևանշին։ Հայ հասարակությունը հասկանում էր, որ դա պետք է մի օր տեղի ունենա։
Մինչև 2016 թ-ն Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը միայն հանգեցնում էր Հայաստանում «ղարաբաղյան կլանի» իշխանության ուժեղացման։ Հասարակությունը կարծում էր, որ հենց այդ մարդիկ կարող են իրեն պաշտպանել Ադրբեջանի ռևանշից։ Այդպիսի միֆ կար։
Այն հօդս ցնդեց 2016 թ-ին։ Այդ ամենը հանգեցրեց 2018 թ-ի հեղափոխությանը։
- Ի՞նչ ստացան և չստացան Հայաստանն ու Ադրբեջանը՝ ըստ նոր համաձայնագրի, և ինչպե՞ս են բացվելու ճանապարհները
- Հայաստան-Ադրբեջան․ «Նոր հին սահման», ինչո՞ւ են այդքան շատ սահմանազատման խնդիրները
Ինչո՞ւ 2016 թ-ին Ադրբեջանի հարձակողական գործողությունները կասեցվեցին Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ։ Պատասխանը պարզ է։ 2016 թ-ին Ռուսաստանը թույլ տվեց իրեն հավատարիմ «ղարաբաղյան կլանի» ոչ մեծ մարտավարական պարտություն, բայց չցանկացավ ռազմավարական պարտության մատնել։ Ռուսաստանը հետաքրքրված էր, որ Սարգսյանը պահպանի իր ղեկավար դիրքը։
Իսկ 2020 թ-ին Փաշինյանն այնքան էլ չէր համապատասխանում Կրեմլի շահերին։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության սրացումը 2020 թ-ի հուլիսին քաղաքական փոփոխությունների չբերեց Հայաստանում։ Եվ այդ ժամանակ Ռուսաստանը նախընտրեց «աչք փակել» 2020 թ-ի աշնանն ադրբեջանական բանակի հակահարձակման վրա։
Եթե Փաշինյանը հրաժարական տար պատերազմի ժամանակ, Ռուսաստանը կկասեցներ ռազմական գործողությունները ցանկացած փուլում։ Սակայն Հայաստանի վարչապետը դիմադրում էր, իսկ Ռուսաստանն իր զինված ուժերը պարզապես մտցրեց հակամարտության գոտի։
Պարադոքսալ իրավիճակ ստեղծվեց․ Ռուսաստանը որոշեց Փաշինյանի դիրքերը պաշտպանել արդեն այն բանից հետո, երբ իր զինված ուժերը տեղակայեց Ղարաբաղում։ Քանի որ քաոսը՝ Փաշինյանի արագ հրաժարականի հավանական արդյունքը, բացարձակ չէր համապատասխանում ռուսական շահերին։ Այդպիսով այն կկորցներ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու հայկական լծակները»։
Երթ Բաքվում՝ ի աջակցություն ադրբեջանական բանակի, 2016 թ-ի ապրիլի 8
Հայաստան
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյան
«Ապրիլյան պատերազմից հետո քննարկում սկսվեց այն մասին, որ հայկական կողմերը պարտություն են կրել։ Սակայն այժմ՝ 2020 թ-ի աշնանը տեղի ունեցած պատերազմից հետո, պարզ դարձավ, թե ինչ է պարտությունն ու ինչպես է դա լինում։
Բացի այդ, հիմա պարզ է նաև, որ ադրբեջանական կողմի համար ապրիլյան պատերազմը մարտի միջոցով հետախուզում էր, հայկական բանակի պաշտպանունակության ստուգում։
Հայկական կողմի համար դա տեղային գործողություն էր երկու կետերում՝ ամենահարավում (Լելե Թեփե) և ամենահյուսիսում (Թալիշ)։ Դա պատերազմ չես անվանի, դա տեղային բախում էր և ստուգում մարտի միջոցով, շատ խոշոր սրացում։
Իսկական պատերազմը 2020 թ-ին էր։ Եվ նպատակները, որն Ադրբջանն իր առաջ դրել էր 2020 թ-ին, 2016-ին չկային։ Այդ պատճառով էլ հայկական կողմը հաջողությամբ կասեցրեց այն։
2016 թ-ի ապրիլյան պատերազմից հետո պարզ դարձավ, որ հաջորդ պատերազմում մեծ դեր են խաղալու անօդաչու թռչող սարքերը։ Եվ հիմա երևում է, որ այն պատերազմից շատ դասեր չեն քաղվել։
- Կլուծվի՞, թե կխորանա ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում արտահերթ ընտրություններից հետո
- Կարծիք․ իրականությունը թաքցնող առասպելները հանգեցրին պատերազմում հայերի պարտությանը
Իհարկե, մասնակիորեն մեկնարկեցին որոշ ծրագրեր, այդ թվում՝ «Ազգ-բանակը», սկսվեցին նոր տեսակի զենքի գնումներ, այդ թվում՝ ՀՕՊ և հրթիռների։ Սակայն այս ծրագրերը հայկական կողմը չհասցրեց իրականացնել, ինչը բերեց 2020 թ-ի պատերազմի այդ ելքին։
Մի շարք պատճառներ խանգարեցին լրջորեն նախապատրաստվել ավելի լայնամասշտաբ պատերազմի։
- Նախ՝ մտածում էինք, որ միշտ է այդպես լինելու, կարող ենք դիմանալ ադրբեջանցիների ցանկացած ճնշման։
- Երկրորդ հերթին՝ կարծում էինք, որ քաղաքական ճանապարհով կհաջողվի բավականին երկար ձգել հարցը։ Սակայն, ինչպես պարզվեց, քաղաքական գործոնները կարող են և չաշխատել։
- Երրորդ հերթին՝ բավականաչափ չգնահատվեցին պատերազմ վարելու նոր չափանիշները։ Իսկ այդ չափանիշները շատ նոր են, այսօր աշխարհում քչերն են հասկանում, թե ինչ է պետք անել։
- Պատերազմի ելքի վրա ազդեց նաև օդային կրիչների, այդ թվում՝ թանկարժեք հրթիռների գների կտրուկ անկումը։ Նախկինում թանկարժեք ինքնաթիռներ էին, դրանք հանգեցնում էին որոշակի տիպի պատերազմների։ Սակայն այդպիսի հազարավոր ինքնաթիռներ չեն լինում, դրանց քանակը սահմանափակ է լինում։ Իսկ հիմա դրանց փոխարեն հայտնվել են ԱԹՍ-ները։ Արդեն պետք չէ փող ծախսել օդաչուի վրա, ԱԹՍ-ներն էլ, ինքնաթիռի համեմատ, շատ էժան են, և կարելի է մեծ քանակությամբ գնել։
- Եվս մեկ կարևոր գործոն, որն ազդել է պատերազմի ելքի վրա, Թուրքիայի մասնակցությունն է, որն այս պատերազմում ուղղակի օգնեց Ադրբեջանին։
- Իրենց դերն են խաղացել նաև որոշ քաղաքական գործոններ, օրինակ, ընտրություններն Ամերիկայում, բրեքսիթը և կառավարման ընդհանուր ճգնաժամը Եվրապայում, ուկրաինական և բելառուսական ճգնաժամերը, Ռուսաստանում Հյուսիսային հոսքի հետ կապված ճգնաժամը, ողջ աշխարհը համակած կորոնավիրուսը, ինչպես նաև ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունները։
Այսինքն՝ պատճառները բազմաբաղադրիչ են։ Պետք է ավելացնել նաև ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում»։
Հայկ Խաչիկյան, ռազմական փորձագետ
«2020 թ-ի պատերազմից հետո վստահությամբ կարելի է ասել, որ ապրիլյան պատերազմն ավելի խոշոր պատերազմի սկիզբ էր։ Եվ Հայաստանում նույնպես հասկանում էին, որ հակառակորդը դրանով չի սահմանափակվելու։
Ապրիլյան պատերազմը մասշտաբներով ավելի փոքր էր, քան 2020 թ-ի պատերազմը։ Սակայն ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը շտկեց իր գործողությունները։
Օրինակ՝ 2016 թ-ին Ադրբեջանը որպես «բազկազարկ» օգտագործում էր հատուկ նշանակության իր ստորաբաժանումները, որոնք գրոհում էին հայկական դիրքերը։ Եվ այն ժամանակ նրա այդ ջոկատները, որոնց թվում բարձրաստիճան սպաներ կային, ձախողվեցին։
Այս անգամ Ադրբեջանը հրաժարվեց հայկական դիքերի գրոհի և ճակատագծի ճեղքման համար հատուկջոկատայիններ կիրառելու մարտավարությունից։ Փոխարենը՝ օգտագործեց զրահատանկային ստորաբաժանումները։ Երբ արդեն ճակատը՝ հատկապես հարավում, ճեղքված էր, այդ ժամանակ մարտի մեջ մտցվեցին հատուկջոկատայինները, որոնք իրենց լուրջ ավանդն ունեցան հաղթանակի գործում։
- Մոսկվա՞, թե՞ Բրյուսել։ Ինչո՞ւ է Հայաստանի վարչապետն արևմտամետ համարվում
- Ադրբեջանի ինչի՞ն է պետք թուրք զինծառայողների տեղակայումը ղարաբաղյան գոտում․ մեկնաբանություն Բաքվից
Ապրիլյան պատերազմից հետո պարզ դարձավ, որ հաջորդ պատերազմում մեծ դեր են խաղալու ԱԹՍ-ները։ Ընդ որում, այն ժամանակ խոսքը Բայրաքթարների մասին չէր, որովհետև այն ժամանակ այդ ԱԹՍ-ները մարտական մեծ փորձ չունեին, հետևաբար, դրանց հնարավորություններն էլ դժվար էր գնահատել։
Չի կարելի ասել, որ հայկական կողմն այդ ուղղությամբ ոչինչ չէր արել։ ՕՍԱ և ՏՈՐ զենիթահրթիռային համալիրների գնման պայմանագրեր էին ստորագրվել։ Ի դեպ, ՏՈՐ-երը իրենց լավ դրսևորեցին, այլ հարց է, թե արդյոք դրանց քանակը բավարար էր։
Բացի այդ, ապրիլյան պատերազի ժամանակ կիրառվել էին կամիկաձե-ԱԹՍ-ներ, իսկ 2020 թ-ի աշնանը՝ հարվածային»։
«Լուռ երթ» Երևանում 2016 թ-ի ապրիլի 10-ին՝ ի հիշատակ ապրիլի 2-5-ը տևած ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների, ինչպես նաև ի զորակցություն վիրավորների, նրանց ընտանիքների և անհետ կորածների հարազատների։