Ապրիլի 22–ին ռուսաստանցիները պետք է հաստատեն սահմանադրությունում Աստծո առկայությունն ու այլ նորարարություններ
Հայտարարվել է Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քվեարկության օրը՝ ապրիլի 22։
Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում
Առավել մեծ ուշադրություն են գրավել հետևյալ նախադասությունները․
• Սահմանադրությունում Աստծո հիշատակում կատարել հետևյալ ձևակերպմամբ «… պահպանելով նախնիների հիշատակը, որոնք մեզ են փոխանցել իրենց իդեալներն ու Աստծո նկատմամբ հավատը…»
• Արգելել «հայրենիքը պաշտպանելիս ժողովրդի սխրանքի նշանակության նսեմացումը»։
• Արգելել միասեռ ամուսնություններն՝ ամուսնությունը սահմանելով որպես «կնոջ և տղամարդու միջև մություն»։
• Երեխաներին հայտարարել «Ռուսաստանի Դաշնության արժեք»։
• Ռուս ժողովրդին հայտարարել որպես «պետականաստեղծ»։
Փորձագետների կարծիքը
Տնտեսագիտական բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, սահմանադրագետ Ելենա Լուկյանովան կարծում է․
«Ինձ հարցնում են, թե ինչու ես չեմ քննարկում նոր փոփոխությունները։ Պատասխանում եմ․ պրոֆեսիոնալ տեսանկյունից քննարկելու բան չա։ Այնտեղ կամ տեքստեր են, որոնք սահմանադրական կարգավորման առարկա չեն, կամ՝ տարօրինակ հայտարարություններ՝ առանց վերահսկողության և դրանց չկատարման համար պատասխանատվության։ Շատ մեղմ ասած, իրավաբանական ձևակերպումների օրենքներն այդ փոփոխությունները մշակելիս հաշվի չեն առնվել։ Ինչո՞ւ դա քննարկել»։
Քաղաքագետ, University College of London–ի գիտաշխատող Վլադիմիր Պաստուխով․
«Գլխավոր հարցն այն է, թե իշխանության ինչի՞ն են սահմանադրական այդ բարեփոխումները, որը գրեթե բացահայտ իր իդեալն է հռչակում ինքնակալությունը։ Մենք հասկանում ենք, որ Վլադիմիր Պուտինը չի կարող իրեն թույլ տալ իշխանությունը ձեռքից բաց թողնել։ Եվ նրա պահվածքից հետևում է, որ նա չի էլ պատրաստվում դա անել»։
Սոցցանցերի արձագանքները
Առաջարկված սահմանադրական փոփոխությունները մեծ արձագանք են առաջացրել սոցցանցերի օգտատերերի շրջանում։
«Առաջարկում եմ սահմանադրությունում ներառել նաև քերած խնձորն ու մայոնեզը»։
«Աստծուն անպայման պետք է հիշատակել սահմանադրությունում հետևյալ ձևակերպմամբ․ «Փառք Աստծո, Ռուսաստանն աշխարհիկ պետություն է»։
«Անհրաժեշտ է սահմանադրությունում ամրագրել, որ օղին պետք է լինի 40 աստիճան, իսկ ծորակից հոսող տաք ջուրը՝ 60»։
«Ամուսնությունը Խորհրդային միություն է տղամարդու և կնոջ միջև»։