Ապատեղեկատվություն Արցախյան երկրորդ պատերազմի մասի՞ն։ ՀՀ վարչապետը խորհրդարանում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ներկայացրել է կառավարության 2020 թ-ի տարեկան հաշվետվությունը։ Պատգամավորների հարցերին պատասխանների հետ՝ նրա ելույթը ժամեր է տևել, և կառավարության ղեկավարն անդրադարձել է հասարակության համար ցավոտ մի շարք հարցերի։
Վարչապետը ներկայացրել է Արցախյան երկրորդ պատերազմի որոշ իրադարձությունների իր վարկածը և կրկին նախորդ իշխանություններին մեղադրել Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների տապալման մեջ։ Նա հայտարարել է, որ ուզում է առիթն օգտագործել և մեկնաբանել ապատեղեկատվությունը, որը տարածում են իր հակառակորդները։
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Հայաստանում ռուսական ռազմաբազայի հնարավոր ընդլայնման մասին։
- Հայկական կողմի պարտության պատճառները․ արցախյան պատերազմի միֆերն ու իրականությունը
- Կարծիքներ․ «Սարգսյանի Հայաստան» VS «Փաշինյանի Հայաստան»․ ո՞րն է ավելի լավ
Բանակցային գործընթացի և միջնորդների պահանջների մասին
Վարչապետն առաջին անգամը չէ, որ խոսում է այն մասին, որ նախորդ իշխանությունները ձախողել են Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը։
Այս անգամ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանն այդ ընթացքում աստիճանաբար խստացրել է իր դիրքորոշումն Արցախի կարգավիճակի հարցում, իսկ 2014-2015 թթ-ից այդ դիրքորոշումը սատարել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնց միջնորդությամբ են տասնյակ տարիներ ընթանում Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները։
Եվ, ինչպես պնդում է վարչապետը, 2016 թ-ի ապրիլյան պատերազմի մեկնարկից երկու ամիս առաջ համանախագահներն արդեն Հայաստանին առաջարկել են հրաժարվել Արցախին միջանկյալ կարգավիճակ տրամադրելուց։ Հայկական կողմն անհամաձայնություն է հայտնել, և սկսվել է ապրիլյան պատերազմը, որը պետք է Երևանին ստիպեր հրաժարվել միջանկյալ կարգավիճակից։
Վարչապետը ԳՇ նախկին պետի հայտարարության մասին
Պատգամավորները Փաշինյանին մեղադրել են, որ նա ձգձգել է ռազմական գործողությունները, ինչը հանգեցրել է հազարավոր մարդկանց մահվան։ Որպես արդարացում՝ վարչապետը խոսել է Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետի հայտարարության մասին, ավելի ճիշտ՝ կրկին նրան մեղադրել է սուտ տեղեկություն տարածելու մեջ։
Օնիկ Գասպարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ պնդել է, թե անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները պատերազմի արդեն չորրորդ օրը, հակառակ դեպքում Հայաստանի ռեսուրսները սպառման եզրին կհայտնվեն։
«Գլխավոր շտաբի պետն այդպիսի բան չի ասել, դա պաշտոնապես արձանագրված է, սղագրությունը կա։ Խոսքը Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 30-ի նիստի մասին է, որտեղ Գասպարյանն ասել էր, թե, ընդհակառակը, հակառակորդը ոչ մի հաջողության չի հասել, բանակը կատարում է իր առջև դրված խնդիրներն ու մինչև վերջ կատարելու է», — ասել է Փաշինյանը։
Ավելին, նա ընդգծել է, որ 2020 թ-ի օգոստոսի 21-ին Անվտանգության խորհրդի նիստին ԳՇ պետը զեկույց է ներկայացրել, որում ասվում էր․ «Արցախյան ուղղությամբ հայկական կողմն ի վիճակի է առկա ուժերով և միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել թշնամուն»։
Ի՞նչի շուրջ են փորձել պայմանավորվել Բաքվի հետ պատերազմի ժամանակ
Սակայն արդեն հոկտեմբերի երկրորդ կեսին, վերլուծելով իրավիճակը Արցախի ղեկավարության և Հայաստանի ԶՈւ ԳՇ-ի հետ, Փաշինյանը որոշել է, որ պետք է կանգնեցնել ռազմական գործողությունները։
Այդ ժամանակ նա կապվել է Ռուսաստանի նախագահի հետ և ասել, որ Հայաստանը հրադադար է ուզում՝ «5+2» սկզբունքով Ադրբեջանին ԼՂՀ հարող շրջանների վերադարձի պայմանով, որն ավելի վաղ բազմիցս առաջարկել էին միջնորդները։
Սակայն, ըստ վարչապետի, Բաքուն պահանջել է միանգամից վերադարձնել բոլոր յոթ շրջանները և հրաժարվել Արցախի կարգավիճակի քննարկումից։
Իր ելույթի ժամանակ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այժմ Հայաստանը պետք է բարձրացնի Արցախի տարածքի լիակատար դեօկուպացիայի և նախկին ԼՂԻՄ սահմանների վերականգնման հարցը։
Ընդ որում, Ստեփանակերտի վերահսկողության տակ Հադրութի շրջանի և Շուշի քաղաքի վերադարձի մասին որոշումը, վարչապետի խոսքով, պետք է լինի քաղաքական, այլ ոչ թե ռազմական։
Ո՞վ է որոշել վերադարձնել Լելե Թեփե ռազմավարական բարձունքը
Հայաստանում արդեն մի քանի ամիս է՝ քննարկվում է Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Լելե-Թեփե ռազմավարական բարձունքը վերադարձնելու հետ կապված դրվագը։
Այն հակառակորդին էր անցել 2016 թ-ի «ապրիլյան» պատերազմի ընթացքում։ Այդ ժամանակ հայկական ուժերը վերահսկողությունը կորցրել էին, ընդհանուր առմամբ, 800 հեկտար տարածքի նկատմամբ։
Ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են, որ Փաշինյանը հրահանգել է ամեն գնով վերադարձնել Լելե Թեփեն։ Դա նրան թույլ կտար հայտարարել, որ վերադարձվում են նախորդ իշխանության օրոք կորցրած տարածքները։
Նույն աղբյուրները պնդում են, որ անհաջող ռազմական գործողության հետևանքով մի քանի զորամաս զգալիորեն կորցրել է մարտունակությունն ու հետագայում չի կարողացել վերականգնվել։
Խորհրդարանում ելույթ ունենալիս Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է այս միջադեպն ու հայտարարել, որ այդ գործողությունը մշակել են զինվորականները․
«Լելե Թեփեի վերադարձի գործողության մասին առաջարկն արել է գեներալը, հաջողության հավանականությունը գնահատել է գեներալը, որոշումը կայացրել է գեներալը։ Ընդ որում, խոսքն այն գեներալների մասին է, որոնք այդ պահին հնարավորություն են ունեցել իրականացնել այդ որոշումը»։
Փաշինյանի խոսքով՝ գործողության պլանի քննարկումը տեղի է ունեցել իր ներկայությամբ, սակայն ինքը միայն խոսակցության «մոդերատորն» է եղել՝ ոչ մի տեսակետ չհայտնելով։
«Թուրքերն ու ադրբեջանցիները թշնամիներ են»
Հայաստանում վերջերս անընդհատ քնարկվում են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները։
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույցներից մեկում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիան Հայաստանի թշնամին է, ուղիղ պատասխան չի տվել, սակայն ասել է, որ «պետք է վերանայել մեր մոտեցումները»։
Վարչապետը նույն հարցին պատասխանելիս հայտարարել է․
«Թուրքերն ու ադբեջանցիները թշնամիներ են, և սա չի կարող քննարկման առարկա դառնալ․․․ Բայց հարցն այլ է․ ի՞նչ ենք անելու այս թշնամության հետ, որքան ենք դեռ զարգացնելու այս թշնամությունը»։
Վարչապետի խոսքով՝ աշխարհում կան թշնամի պետություններ, որոնց միջև կա միլիարդավոր դոլարների առևտրաշրջանառություն։ Եվ Հայաստանը նույնպես պետք է սկսի վերահսկել իրավիճակը, ղեկավարել այն՝ նուրբ և մտածված։
Ռուսական ռազմաբազայի ընդլայնման մասին
Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են գործող ռուսական ռազմաբազայի հենակետի ստեղծման հավանականությունն արդեն երկրի հարավային մարզում՝ Սյունիքում։
«Մենք քննարկում ենք ռուսական ռազմաբազայի հնարավորությունների «հարստացման» հարցը։ Ռուս գործընկերների հետ բավականին արդյունավետ քննարկումներ են ընթանում, պաշտպանության նախարարն էլ է խոսել այդ մասին»։
Այս համատեքստում վարչապետը նշել է զորքերի հայ-ռուսական միավորված խմբավորման և միասնական ՀՕՊ կարևորությունը․
«Այս երկու համակարգերի տրամաբանության համաձայն՝ Հայաստանի վրա հարձակումը նշանակում է հարձակում Ռուսստանի վրա»։