Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հաղթել է Ադրբեջանում շախմատի սուպերմրցաշարում
Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հաղթանակ է տարել ադրբեջանցի գրոսմայստեր Վուգար Հաշիմովի հիշատակին նվիրված սուպերմրցաշարում: 27-ամյա նորվեգացին երրորդ անգամ է հաղթում մրցաշարում, որն ավանդաբար անցկացվում է Ադրբեջանի արևմուտքում գտնվող Շամքիր քաղաքում:
Մրցաշարին 10 գրոսմայստեր էր մասնակցում: Երկրորդ տեղը զբաղեցրել է չինացի Դին Լիժենը, որը չեմպիոնից ընդամենը կես միավորով էր հետ: Ադրբեջանի երեք ներկայացուցիչներից լավագույն արդյունք ցուցաբերեց Շահրիար Մամեդյարովը. նա զբաղեցրեց 4-րդ տեղը: Նա մի փոքր հոգնած տեսք ուներ Բեռլինում համաշխարհային շախմատային թագի հավակնորդների ծանր մրցաշարից հետո, որում նա երկրորդ տեղն էր զբաղեցրել:
«Մրցաշարում պայքարը լուրջ էր: Այս անգամ իմ խաղն անթերի չէր, սակայն ճիշտ պահին կարողացա հաղթել», — ասել է Կարլսենը azerisport.com կայքին:
Հաշիմովի հիշատակին նվիրված շամքիրյան մրցաշարը պատկանում է բարդության 21-րդ աստիճանին (ընդհանուր 22 աստիճան կա) և անցկացվում է արդեն 5-րդ անգամ: Այս անգամ դրան մասնակցում էին աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն գրոսմայստերները՝ բացառությամբ չեմպիոնի կոչման հավակնորդ ամերիկացի Քարուանի և Հայաստանի ներկայացուցիչ Արոնյանի:
Ադրբեջանցի գրոսմայստեր Վուգար Հաշիմովն աշխարհի ուժեղագույն շախմատիստներից էր, աշխարհի կրկնակի չեմպիոն: Նա մահացել է 27 տարեկանում՝ իր կարիերայի գագաթնակետին: