«Մի՛ շտապեք վերդիկտ հայտարարել»․ Փաշինյանի կինը՝ իր ենթադրյալ խախտման մասին
Աննա Հակոբյանը՝ բարեգործության արգելքի մասին
Հայաստանի վարչապետի կինը՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը խնդրել է նախապատրաստել դատական հայցեր՝ ընդդեմ իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանի և «Անկախ դիտորդ» դաշինքի։
«Խնդրել եմ իմ փաստաբանական թիմին ուսումնասիրություն կատարել՝ նախաձեռնելու հետևյալ երկու գործողությունները՝ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու նպատակով հաղորդման ներկայացման հնարավորությունը, «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին, հեղինակությանը հասցրած վնասները հատուցելու պահանջով»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հակոբյանը։
Օրեր առաջ՝ ապրիլի 23-ին, «Անկախ դիտորդ» դաշինքը հայտնել էր, որ դիմել է Վարչական դատարան և պահանջել վարչական պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին։ Իոաննիսյանի դիտարկմամբ՝ հիմնադրամը, որն «աֆիլացվում է» իշխող ուժի հետ, պետք է դադարեցներ իր գործունեությունը ընտրությունների վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո․ այնինչ շարունակել է գործել։
Վարչապետի կնոջ պնդմամբ՝ ինքը չի մասնակցում ընտրություններին, թեկնածու չէ, չի իրականացնում նաև նախընտրական քարոզչություն։
«Քարոզչական ուղղակի փաստեր չեն հայտնաբերել, սակայն հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու իմ կերպարն ասոցացրել են իշխող քաղաքական ուժի հետ»,- արձագանքելով դաշինքի պնդումներին՝ ասել է Աննա Հակոբյանը։
Հիմնադրամի ծրագրերը հետաձգելու ոչ մի պատճառ Հակոբյանը չի տեսնում։ Ըստ նրա՝ գործունեության ընթացքում ՀՀ օրենսդրության որևէ դրույթ չեն խախտում, ունեն միջազգային գործընկերներ և ստանձնած պայմանագրային պարտավորություններ, ուստի աշխատանքը պետք է շարունակվի։
Այս պահին հայտնի մանրամասները
- «Կեղծ թեզ է, թե Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին»․ Փաշինյան
- «Եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ»․ կաթողիկոսի հեռացման հարցը ՔՊ ծրագրում
- «Հայաստանը՝ կամուրջ դեպի Եվրոպա»․ ԱԳ փոխնախարարը Թուրքիայում քննարկման է մասնակցել
«Երբևէ որևէ շահառուի հետ քարոզչություն չի եղել »․ Աննա Հակոբյան
Բարեգործության արգելքի հնարավոր խախման մասին քննարկումների ֆոնին վարչապետի կինը հայտարարել է, որ խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և մինչև անգամ միջազգային կոնվենցիաներով պաշտպանված իր իրավունքները։
«Վճռական եմ՝ պաշտպանելու իմ իրավունքները՝ որպես կին, քաղաքացի, որպես ընտրող և հիմնադրամի տնօրեն»,- հայտարարել է նա։
Մասնավորապես՝ Հակոբյանը պնդել է, որ խախտվում են իր ընտրական իրավունքը, ազատ կամարտահայտության իրավունքը։ Կարծում է՝ «չի կարելի դիմացի մարդու քաղաքական կողմնորոշումը, ընտրության իրավունքը հանրային քննարկման առարկա դարձնել՝ անկախ նրանից, թե ով է այդ մարդը»։
Ասում է՝ խախտվել են նաև «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ կոնվենցիայի դրույթները։
Հիշեցրել է՝ դեռևս 2022 թ․-ի սեպտեմբերին Շիրակում անց էին կացվում ՏԻՄ ընտրություններ և այդ նույն ժամանակաշրջանում «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր ՔՊ կուսակցության վարչության անդամ Մխիթար Հայրապետյանը։ Ներկայումս նա ԲՏԱ նախարարն է։ Հակոբյանի փոխանցմամբ՝ հիմնադրամը մարզում իրականացնում էր նաև պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիր։
«Մխիթար Հայրապետյանի հիմնադրամի գործադիր տնօրեն լինելու ընթացքում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել տարբեր համայնքներում, որտեղ «Իմ քայլը» հիմնադրամը զուգահեռաբար իրականացրել է բարեգործական ծրագրեր։ Որևէ ուսումնասիրություն հիմնադրամի կամ նրա պաշտոնատար անձի նկատմամբ քրեական կամ վարչական պատասխանատվություն կիրառելու մասով այդ փուլում չի կատարվել։ Ես այս փաստը դիտարկում եմ որպես օրենսդրությամբ սահմանված՝ կանանց նկատմամբ խտրականության արգելքի խախտում»,- պարզաբանել է վարչապետի կինը։
Աննա Հակոբյանը հղում է արել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարզաբանման վրա և նշել, որ բարեգործություն իրականացնելու սահմանափակումը վերաբերում է բացառապես այն դեպքերին, երբ՝
- հիմնադրամի ղեկավար մարմնի անդամներն ամբողջությամբ կամ մասնակի համընկնում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների հետ, այն է՝ հիմնադրամը ղեկավարվում է կուսակցության կողմից,
- հիմնադրամի հիմնադիրը կամ ղեկավարը ընտրություններում առաջադրվել են՝ որպես թեկնածու։
«Փաստերն այն մասին են, որ ոչ հիմնադրամի գործադիր տնօրենը, ոչ հոգաբարձուների խորհրդում գտնվող անձինք չեն հանդիսանում այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչներ, թեկնածուներ առաջիկա ընտրությունների ժամանակ։ Հիմնադրամի որևէ ծրագրի շրջանակում որևէ շահառուի հետ երբևէ տեղի չի ունեցել որևէ ձևով քարոզչություն»,- շեշտել է նա։
Լրագրողները հետաքրքրվել են՝ «Իմ քայլը» հիմնադրամը չի ասոցացվո՞ւմ իշխող ուժի հետ։ Հիմնադրամի գործադիր տնօրենը հորդորել է հարցի պատասխանը ստանալ ՀՀ քաղաքացիներից։
«Ես դրա մասին կարծիք չունեմ։ Դուք ճշտեք՝ ասոցացվո՞ւմ է։ Դանիել Իոաննիսյանի մոտ ասոցացվում է։ Բայց դա ինչ կապ ունի ընտրության հետ»,- պատասխանել է նա։
«Անկախ դիտորդ» դաշինքի հայտարարությունները «վիճելի» է որակել և հայտնել, որ դրանք վիճարկելու է դատական կարգով։
«Մի շտապես վերջնական վերդիկտ հայտարարել, թե, իբր, մենք որևէ բան խախտում ենք։ Դատարանում կերևա՝ գուցե պարտվենք, գուցե՝ ոչ։ Չեմ ուզում առաջ անցնել իրադարձություններից և մեզ վերագրել դատավորի դեր»,- ամփոփել է նա։
Ի՞նչ խախտումների մեջ է մեղադրվում վարչապետի կինը
«Անկախ դիտորդ» դաշինքը հայտնել է, որ դիմել է Վարչական դատարան և պահանջել 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին։
«Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6.1 մասը ենթադրում է, որ այն հիմնադրամները, որոնք աֆիլացվում են այս կամ այն կուսակցության հետ, պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը ընտրությունների վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը ուժի մեջ մտնելու պահից ի վեր»,- շեշտել է դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
Օրենքը նման խախտման համար նախատեսում է տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով։ Խոսքը մինչև 6 մլն դրամի մասին է։
Իոաննիսյանը հիշեցրել է՝ «Իմ քայլը» հիմնադրամն ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Օրինակ է բերել այն, որ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լենա Նազարյանը իշխող ՔՊ խմբակցության գործող պատգամավոր է։ 2026 թ.-ի ընտրացուցակում, սակայն, Նազարյանը ներառված չէ:
««Իմ քայլը» այն դաշինքի անվանումն էր, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմել էր Երևանի ավագանիում և Ազգային ժողովի ընտրություններում՝ նախորդ գումարման Ազգային ժողովում։ «Իմ քայլը» բրենդ էր, որը ՔՊ-ն օգտագործում էր»,- հիշեցրել է նա։
Նրա գնահատմամբ՝ հիմնադրամը պետք է դադարեցներ գործունեությունը, սակայն շարունակել է։
«Անկախ դիտորդ» դաշինքն ուսումնասիրել է հիմնադրամի վերջին շրջանի գործունեությունը։ Քրեական օրենսգրքով արգելված արարք չի հայտնաբերվել։
«Քրեական օրենսգրքի 221 հոդվածը ենթադրում է, որ բարեգործությունը պետք է արվի թեկնածուի, կուսակցության անդամի կամ վստահված անձի կողմից։ Ըստ էության, Աննա Հակոբյանը կամ հիմնադրամը ո՛չ թեկնածու է, ո՛չ կուսակցությունն է, ո՛չ վստահված անձ է, ո՛չ կուսակցության անդամ է։ Եվ այս առումով հանցակազմ չկա»,- մանրամասնել է Իոաննիսյանը։
Նրա խոսքով՝ բարեգործությունը չի զուգակցվել նաև քարոզչությամբ, ինչը ևս բացառում է քրեական պատասխանատվությունը։
Համատեքստ
Ամիսներ առաջ Աննա Հակոբյանը հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքացիական ամուսնության ավարտի և կառավարական առանձնատնից հեռանալու մասին։ Ի թիվս այլ հարցերի՝ Հակոբյանը տեսանյութով անդրադարձել էր նաև «Իմ քայլը» հիմնադրամում իր գործունեությանը։ Նա չէր բացառել, որ որպես հիմնադրամի գործադիր տնօրեն՝ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել։ Մանրամասներ, սակայն, չէր հայտնել։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների նշանակումից հետո հիմնադրամը հայտարարել էր անգլերենի սկսնակ մակարդակի ուսուցման անվճար դասընթացների մասին, ինչը կարող էր դիտարկվել որպես բարեգործության արգելքի հնարավոր խախտում։ Փետրվարի վերջին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ասել էր, որ հիմնադրամի գործունեությունն ուսումնասիրվում է։ Օրեր առաջ Նահապետյանը հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցում Աննա Հակոբյանին առնչվող քրեական վարույթ չկա։
Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հետ աղմկահարույց բաժանմանը, բոլորովին վերջերս Հակոբյանը սկսեց երևալ կառավարական առանձնատնից արված Փաշինյանի տեսանյութերում, ուղեկցել նրան մարզային այցերի ժամանակ։ Ինքը՝ Փաշինյանը հայտարարեց, որ ջանքեր է գործադրել և շատ ուրախ է, որ ունի ընտանիքի պահպանման ևս մեկ շանս։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Աննա Հակոբյանը՝ բարեգործության արգելքի մասին