ԱՄՆ պետքարտուղարն իր ռուս գործընկերոջ հետ առաջին հանդիպման ժամանակ Ուկրաինայի հարցն է բարձրացրել
Կայացել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջին հանդիպումը «Մեծքսանյակի» երկրների արտգործնախարարների կոնֆերանսի շրջանակում, որը կայացել է փետրվարի 16-ին Բոննում: Ինչպեսհանդիպումից հետո հայտարարել է Ռեքս Թիլերսոնը, հանդիպման ընթացքում նա կոչ է արել Մոսկվային կատարել Մինսկի համաձայնագրերն ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ: Լավրովի հետ զրույցը նա «արդյունավետ» է կոչել:
«Մենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ենք քննարկել… Ինչպես ես հստակ հասկացրեցի Սենատում իմ պաշտոնում հաստատելու հարցով լսումների ժամանակ, մենք կդիտարկենք Ռուսաստանի հետ այն հարցերի շուրջ աշխատանքի հնարավորությունը, որոնց պարագայում մենք համագործակցության գործող կողմեր կարող ենք գտնել, որոնք ամերիկյան ժողովրդի շահերին կծառայեն», — ասված է Թիլերսոնի՝ Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարությունում:
«Այն հարցերի առումով, որոնց շուրջ մեր հայացքները չեն համընկնում, Միացյալ Նահանգները պաշտպանելու է ԱՄՆ և նրա դաշնակիցների շահերը: Այն ընթացքում, որ մենք շփման եզրեր ենք փնտրում, ակնկալում ենք, որ Ռուսաստանը կատարելու է Մինսկի համաձայնագրերով նախատեսված իր պարտավորությունները և աշխատելու է Ուկրաինայում բռնության դեէսկալացիայի ուղղությամբ», — նշել է պետքարտուղարը:
Ինչպես իր հերթին հայտարարել է Սերգեյ Լավրովը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հաստատել են ընդհանուր հետաքրքրությունների առկայությունն, առաջին հերթին, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում:
«Պարզ է, որ մենք չէինք կարող լուծել բոլոր խնդիրները, ես կարծում եմ որ մենք դրանք երբեք էլ չենք լուծի երկու այնպիսի խոշոր տերությունների հարաբերություններում, ինչպիսիք են ԱՄՆ-ն և ՌԴ-ն, սակայն մեզ մոտ ընդհանուր ընկալում կա, որ այն հարցերի շուրջ, որտեղ մեր շահերը համընկնում են, իսկ այդպիսիք քիչ չեն, մենք պետք է առաջ շարժվենք», — ավելացրել է Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով, ամերիկացի գործընկերոջ հետ «քննարկվել է Աֆղանստանում և Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այդ բոլոր ուղղություններով մեր ամերիկյան գործընկերները հետաքրքրված են միանալ այն ջանքերին, որոնք ձեռնարկվում են այդ հակամարտությունների հաղթահարման համար»:
Հիշեցնենք, ինչպես մի քանի օր առաջ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպասում է, որ Ռուսաստանը «կվերադարձնի Ղրիմը» և կսկսի Ուկրաինայում կոնֆլիկտի դեէսկալացիան: