ԱՄՆ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել 4 վրացի դատավորների նկատմամբ
ԱՄՆ պատժամիջոցներ Վրաստանի դատավորների նկատմամբ
ԱՄՆ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել դատավորներ Միխայիլ Չինչալաձեի, Լևան Մուրուսիձեի, Իրակլի Շենգելիայի և Վալերիան Ցերցվաձեի, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։ Նրանց արգելվում է մուտք գործել ԱՄՆ «լուրջ կոռուպցիոն գործունեության մեջ ներգրավված լինելու պատճառով»։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։
Էնթոնի Բլինքենը նշում է, որ այդ մարդիկ՝ որպես դատարանների նախագահներ և արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ, չարաշահել են իրենց պաշտոնը։
Անկախ փորձագետներն ու իրավապաշտպանները տարիներ շարունակ նշում են, որ Լևան Մուրուսիձեն և Միխայիլ Չինչալաձեն ղեկավարում են դատավորների հզոր «կլանը», որը խոչընդոտում է Վրաստանի և ԵՄ-ի կապերի ամրապնդման համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը: Երկու դատավորներն էլ կապ ունեն ազդեցիկ մարմնի՝ Արդարադատության բարձրագույն խորհրդի հետ։ Այն երկրի դատական համակարգի հիմնական վերահսկող մարմինն է։
Ենթադրվում է նաև, որ նրանք գաղտնի հարաբերություններ ունեն Վրաստանի ամենահարուստ մարդու՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և երկրի ոչ պաշտոնական ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Մուրուսիձեն աչքի էր ընկնում նաև իր հավատարմությամբ նախկին իշխանությանը. նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կառավարման տարիներին նա դատավոր էր Սանդրո Գիրգվլիանիի աղմկահարույց գործով։ Մուրուսուձեի անվան հետ է կապվում նաև Սանդրո Գիրգվլիանիի սպանության մեջ մեղադրվողների պատիժների մեղմացումը։
Դատական համակարգի կատարելագործման մասին կետ էր ներառված նաև Շառլ Միշելի՝ ապրիլի 19-ի համաձայնագրում։ Ավելի ուշ մի քանի հայտարարություններ արեց նաև ԱՄՆ դեսպանը։
Սակայն կառավարությունը չդադարեցրեց գործընթացը և շարունակեց ցմահ դատավորներ նշանակել Գերագույն դատարանում։ Հոկտեմբերի 31-ին դատավորների համաժողովն ընտրեց Արդարադատության բարձրագույն խորհրդի երկու նոր անդամների՝ Պաատա Սիլագաձեին և Գիորգի Գոգինաշվիլիին։ Սիլագաձեն և Գոգինաշվիլին, այսպես կոչված, դատական «կլանի» անդամներ են համարվում, և երկուսն էլ նշանակվել են Թբիլիսիի վերաքննիչ դատարանի դատավորներ՝ ցմահ։
«Այդ անձինք չարաշահել են Վրաստանի դատարանների նախագահների և Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների իրենց պաշտոնը՝ խարխլելով օրենքի գերակայությունը և Վրաստանի դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը»,- ասված է Բլինքենի հայտարարության մեջ:
ԱՄՆ Պետդեպարտամենտն ընդգծում է, որ կշարունակի պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր չարաշահում են պետական իշխանությունը անձնական նպատակների համար.
«Մենք աջակցում ենք բոլոր դատավորներին, ովքեր ունեն բավարար ազնվություն և քաջություն անաչառ և անկախ գործելու համար»:
- ԱՄՆ դեսպանը կոշտ է արձագանքել Վրաստանի վարչապետի քննադատությանը
- «ԵՄ ճանապարհին խնդիրներից մեկը Բիձինա Իվանիշվիլի է». քննարկում Եվրախորհրդարանում
ԱՄՆ պատժամիջոցներ Վրաստանի դատավորների նկատմամբ