ԱՄՆ-ն կհետաքննի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած հանցագործությունները
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց: Պալատն ընդունել է կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Թոնի Քարդենասի և Բրեդ Շերմանի կողմից ներկայացված նախագիծը, որում շեշտվում է, որ Ժնևյան կոնվենցիաների և միջազգային իրավունքի համաձայն՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայերը պետք է վերադարձվեն։
«Չնայած Ժնևյան կոնվենցիաներով և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պահել մոտ 200 հայ ռազմագերիների ու կալանավորված անձանց և սխալ ձևով ներկայացնել նրանց կարգավիճակը՝ արդարացնելու համար նրանց գերության մեջ պահելը», — ասված է Ներկայացուցիչների պալատի կայքում հրապարակված փաստաթղթում։
Կոնգրեսականները շեշտում են, որ ռազմագերիների և գերեվարված խաղաղ բնակիչների ազատ արձակման համար Բայդենի վարչակազմը պետք է ձեռնարկի համապատասխան քայլեր, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում։
Օրենսդրական նախագծի հեղինակները պահանջում են ոչ միայն վերադարձնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին, այլև քննել Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները: Ըստ այդմ՝ պետք է անցկացվի հետաքննություն 2020 թ․-ի Արցախյան պատերազմի ժամանակ հայ խաղաղ բնակիչների թիրախավորման համար օգտագործված անօդաչու թռչող սարքերում՝ թուրքական «Բայրաքթարներում», ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ։
Փաստաթղթում նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և օտարերկրյա զինված խմբավորումների աջակցությամբ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ սկսել է ռազմական գրոհ, ինչը հանգեցրել է հազարավոր մարդկանց մահվան և տասնյակ հազարավոր էթնիկ հայերի տեղահանման: Ընդգծվում է նաև 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից սպիտակ ֆոսֆոր, կլաստերային ռումբեր և արգելված այլ զինամթերք օգտագործելու հանգամանքը:
Ընդունված օրինագծի համաձայն՝ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասին զեկույցը Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին պետք է ներկայացվի օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 180 օրվա ընթացքում։