ԱՄՆ-ն արտաքսել է 60 ռուս դիվանագետի: Նույն բանն է անում նաև Եվրոպայի 14 երկիր
«Սկրիպալի գործի» կապակցությամբ ԱՄՆ-ն որոշում է կայացրել երկրից վտարել 60 դիվանագետի: Բացի այդ, Սպիտակ տունը պատրաստվում է փակել Սիեթլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանը:
Ռուս դիվանագետների արտաքսման մասին որոշում է արդեն ընդունել Կանադան: Ուկրաինան վտարում է 13 դիվանագետի: Նույնպիսի որոշում է կայացրել ԵՄ 14 երկիր, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան, Նիդերլանդները, Դանիան, Չեխիան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը և այլն:
Ավելի վաղ ԵՄ-ը Ռուսաստանից հետ էր կանչել իր դեսպանին:
Ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը թունավորվել են Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոնում մարտի 4-ին: Այսօր երկուսն էլ կոմայի մեջ են: Սերգեյ Սկրիպալը Ռուսաստանից մեկնել էր 2010թ-ին և համագործակցում էր բրիտանական հետախուզության հետ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ մեծ է հավանականությունը, որ Սկրիպալը թունավորվել է ռուսական իշխանությունների պատվերով: Մեծ Բրիտանիան երկրից վտարել է 23 ռուս դիվանագետի և կոչ է արել մյուս երկրներին էլ նման որոշում կայացնել:
Ռուսաստանը հերքում է որևէ կապ սպանության հետ:
Սկրիպալի թունավորումը Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին դեպքն է, երբ Եվրոպայի տարածքում զանգվածային ոչնչացման զենք է կիրառել:
Սկրիպալներին թունավորել են «Նորեկ» նյութով, որի արտադրությունը սկսվել է դեռևս Խորհրդային Միությունում և շարունակվել Ռուսաստանում: