Ամանորին Հայաստան այցելած զբոսաշրջիկները հանգստացել են Երևանում, տեղացիները՝ մարզերում
Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյան, JAMnews
Ամանորի օրերին Հայաստան այցելած զբոսաշրջիկներն իրենց հանգիստն անցկացրել են մայրաքաղաքում, իսկ տեղացիները գերադասել են մեկնել մարզեր:
Զբոսաշրջիկների մեծ մասը ժամանել են Ռուսաստանից: Եվ դա հիմնականում եղել են ոչ թե խմբային, այլ անհատական այցելություններ:
«Իմ կարծիքով՝ Հայաստան եկողների 70 տոկոսը եղել է Ռուսաստանից, իսկ Իրանից՝ 10 տոկոսի սահմանում»,- ասել է «Հյուրանոցների ասոցիացիայի» նախագահ Հակոբ Հակոբյանը:
«Տուրիզմի ասոցիացիայի» հիմնադիր անդամ Մարինա Կպրյանը կարծում է, որ Հայաստանը պատրաստ է ընդունել ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ, պարզապես պետք է ավելի շատ գովազդել երկիրը և ստեղծել ավելի գրավիչ պայմաններ: Օրինակ, Վրաստանում ուղիղ չվերթներն ավելի շատ են և ավելի մատչելի, ինչը հանգստի մեկնող զբոսաշրջիկների համար որոշիչ հանգամանք է: