«Բաքուն նախատեսել է դեպորտացիա, ռեինտեգրացիա կամ պատերազմ»․ կարծիք Երևանից
Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի գործարկում
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման պարագայում հայկական կողմը որպես փոխզիջումային տարբերակ պետք է քննարկի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի և Լաչինի միջանցքի միաժամանակյա բացման հնարավորությունը։ Այս կարծիքին է քաղաքագետ Արեգ Քոչինյանը։
Չի բացառում, որ ի սկզբանե Բաքվի նպատակը եղել է հենց Աղդամի ճանապարհի գործարկումը։ Մյուս կողմից նկատում է՝ այդ տարբերակին չհամաձայնելու պարագայում պարզ չէ՝ ո՞րն է այլընտրանքը, վերջնարդյունքը։ Կարևորում է նաև այն, որ Լաչինի միջանցքի բացման պարագայում դա չլինի միակողմանի՝ միայն ԼՂ-ից հայերի ելքը թույլատրելու տեսքով։
Ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, որ Լաչինի միջանցքը փակ չէ, նաև օգնություն է առաջարկում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով: Սա ԼՂ-ուն անընդունելի են համարում: Ադրբեջանական ԶԼՄ-ները ժամեր առաջ հաղորդեցին, որ Բաքվից 40 տոննա ալյուրով բեռնված երկու բեռնատարներ են ուղևորվել Աղդամ, դրանք արդեն տեղ են հասել:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտարարել է, որ «արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել»: Նախօրեին էլ նախագահ Արայիկ Հարությունյանն էր ելույթ ունեցել ու շեշտել՝ մթերք ստանալու են միայն Լաչինի միջանցքով:
Factor TV-ի եթերում Քոչինյանը խոսել է Հակարիի անցակետից առևանգման դեպքերի, Լավրովի վերջին առաջարկի, Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների և իրավիճակի հանգուցալուծման սցենարների մասին։
«Առևանգումները բացահայտ տեռոր են»
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արեգ Քոչինյանի խոսքով՝ Ադրբեջանը երկու սցենար է նախապատրաստել՝
- արցախահայությունը ենթարկվում է տեռորին և դուրս է գալիս Արցախից, այսինքն՝ դեպորտացիա, որը ցեղասպանության տարատեսակներից մեկն է,
- արցախահությունը ենթարկվում է Ադրբեջանի պայմաններին, սկսվում է, այսպես կոչված, ռեինտեգրացիայի գործընթաց։
«Երկու պարագայում էլ Ադրբեջանի հավակնություններն ու սպասելիքները բավականին մաքսիմալիստական են։ Ռեինտեգրացիայի պարագայում Բաքուն, ըստ էության, լսել չի ուզում որևէ կարգավիճակի կամ հատուկ պայմանների մասին»,- ընդգծել է նա։
Քոչարյանը կարծում է, որ հենց շուտափույթ արդյունքների հասնելու համար է, որ ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի աշխատակիցների ուղեկցությամբ Հայաստան մեկնող հայերին Լաչինի անցակետում առևանգում են։ Դա համարում է «բացահայտ տեռոր»։
Նախօրեին Լաչինի միջանցքում տեղակայված անցակետից Ադրբեջանը երեք հայ երիտասարդի է առևանգել, «դրոշն անարգելու» մեղադրանք առաջադրել և նշել, որ 10 օր հետո երիտասարդներն ազատ կարձակվեն և կարտաքսվեն Հայաստան։
Ավելի վաղ նույն անցակետից առևանգվել էր 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը։ Նա Հայաստան էր տեղափոխվում Կարմիր խաչի ուղեկցությամբ և բուժման նպատակով։ Արցախցին մեղադրվում է «Մեշալիի ջարդերին» մասնակցելու մեջ։
ՌԴ-ն հանդիպում կկազմակերպի՞
Արցախցիների և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը Ռուսաստանի միջնորդության մասին քաղաքագետն ասել է․
«Երկու հարց կա՝ կկարողանա՞ն, թե՞ ոչ, նույնիսկ եթե շատ ուզենան, ինչպես նաև որքա՞ն ռեսուրս և քաղաքական կամք են պատրաստ ներդնել»։
Քոչինյանը չի բացառել, որ ռուսները կցանկանան կազմակերպել այդ հանդիպումը՝ ելնելով իրենց շահերից։ Բայց նաև ընդգծել է՝ հաշվի առնելով առևանգման վերջին դեպքերը, կարևոր է պարզել նաև հանդիպման վայրն ու հասկանալ՝ որքանո՞վ են աշխատող անվտանգային երաշխիքները․
«Եթե մարդկանց ռուս խաղաղապահների, Կարմիր խաչի ձեռքից են տանում, ո՞րն է վստահությունը, որ նույնը տեղի չի ունենա, օրինակ՝ Եվլախում»։
Ադրբեջանական կողմի հետ հանդիպման մասին օրերս խոսել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Նրա խոսքով՝ նման հանդիպում կարող է տեղի ունենալ ռուս խաղաղապահների տեղակայման վայրում կամ ցանկացած այլ անվտանգ վայրում՝ երրորդ կողմի ներկայությամբ։ Շեշտել էր՝ որևէ մեկը չի կարող երաշխավորել Արցախի քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը Ադրբեջանի տարածքում։
«Կարծում եմ, որ պետք է դիմել Ռուսաստանի Դաշնությանը, իրավիճակով հետաքրքրվող բոլոր դերակատարներին՝ ստեղծված իրավիճակի, անվտանգային խնդիրների, Արցախում ստեղծված հումանիտար աղետալի վիճակի շուրջ Ադրբեջանի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկ պահանջով», — հայտարարել էր Ներսիսյանը։
«Չգնալ բանակցությունների՝ նշանակում է իրավիճակը թողնել անփոփոխ»
Հայտարարել է քաղաքագետն ու հիշեցրել, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի վերջին նիստի ժամանակ նույնիսկ բանաձև չընդունվեց։ Ըստ նրա՝ պարտադիր կատարման ենթակա նման փաստաթղթի ընդունման պարագայում պարզ չէ՝ ո՞ր կենտրոնն է պատրաստ ուժով իրացնել այն, եթե Բաքուն հրաժարվի իրագործել։
«Ադրբեջանն ունի քաղաքական, սոցիալական, տնտեսական շատ ազդեցիկ գործիք՝ Լաչինի միջանցքի փակ լինելն է, և որպես դրա հետևանք՝ Արցախում ռեսուրսների հստակ նվազումը»,- նկատել է նա ու հավելել, որ ադրբեջանական կողմը սպասում է կրիտիկական իրավիճակի ստեղծման, որպեսզի ներկայացնի իր «հերթական պահանջները»։
Քոչինյանի համոզմամբ՝ արցախյան պատվիրակությունն ունի մտավախություններ անվտանգության ապահովման՝ մինչև անգամ բռնության գործադրման սպառնալիքների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջնագրերի ներկայացման հետ կապված։ Ասում է՝ վերջնագրերի ներկայացման համար Բաքվին հանդիպում պետք չէ, կարող է դա անել նաև առանց հանդիպման․
«Եթե Ադրբեջանի մտքին պատերազմն է կամ բռնի ռեինտեգրացիան, ինչո՞ւ է իր համար պարտադիր դա անել հանդիպման միջոցով։ Եթե դա է պլանը, հանդիպում լինի, թե չլինի, դա լինելու է»։
«Հայկական կողմը պետք է համաձայներ Լավրովի առաջարկին»
Ընդգծում է՝ դրա համար կար առնվազն մեկ պատճառ՝ դիրքավորվել որպես կառուցողական կողմ։
«Հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքական ախորժակը և նկրտումները, ես բացառում եմ, որ համաձայնի այդ թղթին։ Ադրբեջանը շատ ավելին է ուզում, քան կստանա այդ թղթով»,- ասել է նա։
Մատնանշել է նաև այն հանգամանքը, որ արցախյան կոնֆլիկտի պատմությունը ցույց է տալիս՝ «յուրաքանչյուր հաջորդ փաստաթուղթ ավելի վատն է, քան նախորդը»։ Անդրադառնալով ՌԴ արտգործնախարարի՝ վերջերս հրապարակված առաջարկի մասին՝ նկատել է՝ այն ենթադրում է «խիստ սահմանափակ էլեմենտներով մշակութային ինքնավարություն»։
Ըստ նրա՝ «ռեինտեգրացիայի» տարբերակներ կարող են լինել ոչ միայն առաջարկված ռուսական փաստաթուղթը, այլև ադրբեջանական և արևմտյան տարբերակները։ Ասում է՝ վերջինը չենք ստացել, միայն գիտենք, որ Արևմուտքին մինչ այս պահը չի հաջողվել կազմակերպել ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում։
Քաղաքագետի կարծիքով՝ ադրբեջանական տարբերակը լինելու է «նույն դեպորտացիան՝ ուղղակի ժամանակի և տարածության մեջ ավելի երկարաձգված»․
«Այնպիսի պայմաններ են ստեղծելու, որ մի քանի տարի կամ տասնամյակ հետո հայկական տարրն այնտեղից վերանալու է»։
«Մյուս հնարավոր սցենարը պատերազմն է»
Քոչինյանի խոսքով՝ բացի դեպորտացիայից և ինտեգրացիայից Բաքուն դիտարկում է նաև պատերազմական գործողություններ սկսելու սցենարը։ Ասում է՝ ինտեգրացիայի դեպքում Ադրբեջանը կփորձի այն համահարթեցնել «Արևմտյան Ադրբեջան» կամ «Զանգեզուր» ադրբեջանցիների վերադարձի թեմայի հետ։ Հիշեցնում է մոսկովյան եռակողմ հանդիպումներից մեկից հետո այդ հարցերը նույն հարթության մեջ դնող Լավրովի հայտարարությունը․
«Ադրբեջանն ու ՌԴ-ն սա իրար հետ քննարկում են, նշանակում է՝ ինչ-որ պրոցես կա, և սա սպառնալիք է Հայաստանի համար»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Մոսկվայի համար իդեալականը պատերազմի տարբերակն է․ պետք կլինի փրկել ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը։
ԼՂ-ում պատերազմ սկսվելու դեպքում, ըստ դրա, Արցախը շանսեր չունի, այդ թվում՝ Հայաստանի հետ միասին։ Շեշտում է՝ Հայաստանի ներգրավման պարագայում նույնպես չի հաջողի, իսկ «կոնֆլիկտը մեծանալու է», և հավանականություն է ստեղծվելու, որ տեղափոխվի ՀՀ տարածք․
«Հենց այդ իրավիճակը, որ Հայաստանը չի կարողանա չմիջամտել և ստիպված ներգրավվելու է, դա էլ հենց քաղաքական թակարդ է, կոնֆլիկտը տեղափոխելու է Հայաստանի տարածք»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի գործարկում