Սպանություն, ավերածություններ և քրեական «ռազբորկաներ»․ ի՞նչ է կատարվում Վրաստանի հարավում
Իշխանությունը կորցրել է վերահսկողությունը Ջավախքի շրջանի և տեղի քրեական տարրերի նկատմամբ․ այսպես է ընդդիմությունը գնահատում արտակարգ իրադարձությունները Վրաստանի հարավում գտնվող Ախալքալաք քաղաքում, որտեղ առավելապես հայեր են բնակվում։
Շատ տեղացիներ ասում են, որ իրավիճակն այնքան է քրեականացվել, որ իրենք իրենց այլևս անվտանգ չեն զգում։
Օգոստոսի 8–ին այստեղ ավերել և հրկիզել են մի քանի շենք այն բանից հետո, երբ քաղաքի կենտրոնում սպանվել է տեղի 27-ամյա բնակիչը։
Այժմ քաղաքում և շրջանում իրավիճակը հանգիստ է։ Ոստիկանությունը վերահսկում է մուտքն ու ելքը։
Սակայն տեղացիներն ասում են, որ քրեական «ռազբորկաները» սովորական երևույթ են դարձել, և շատերն այդտեղ հրազեն ունեն։
Հանցավորության աճի են բերել անպատժելիության համախտանիշն ու ընտրական արդարադատությունը, կարծում է ընդդիմությունը, և նրա հետ համաձայն են տեղացիներից շատերը։
Ի՞նչ է կատարվել
Օգոստոսի 8–ի երեկոյան ժամը 19:00–ին մոտ Ախալքալաքի կենտրոնում սպանվել է Կուլիկամ գյուղի բնակիչ 27-ամյա Վարդիկ Միրանյանը, ընդ որում, նրա վրա հրազենով կրակել են հենց փողոցում։
Դրանից առաջ քաղաքի կենտրոնում մահակներով և կրակոցներով զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել երիտասարդների երկու խմբերի միջև քաղաքացիների կողմից սիրված այգում և այն ժամանակ, երբ այնտեղ երեխաներով բազմաթիվ մարդիկ են եղել։
Կոնֆլիկտին մասնակցել է մոտ 10-12 մարդ։ Այնուհետև Mercedes մակնիշի ավտոմեքենա է մոտեցել և կանգնել հենց ամբոխի մեջտեղում, որից հետո կրակոցներ են հնչել։
Մի քանի մարդ հարձակվել է կրակողի վրա։ Վերջինս 37-ամյա Արթուր Գաբրիելյանն է, որն արդեն ձերբակալվել է դիտավորյալ սպանության մեղադրանքով։
Կռվի և կրակոցների ողջ ընթացքում այդպես էլ դեպքի վայր չի ժամանել ոստիկանությունը։
Տեղի լրագրողները շատ ավելի օպերատիվ են արձագանքել․ երիտասարդի սպանությունը տեսանկարահանել է «Ջավախքի տեղեկատվական կենտրոն» լրատվական առցանց պարբերականի լրագրողը, որն այնտեղ է հայտնվել ծեծկռտուքի ամենասկզբից։
Ուշացել է նաև «շտապօգնությունը»։ Սրտի վիրավորում ստացած Միրանյանին արդյունքում հիվանդանոց են տեղափոխել մասնավոր մեքենայով։
Կրակոցները շարունակվել են նույնիսկ հիվանդանոցի բակում։ Գաբրիելյանն ու նրա ընկերները կրակել են մեքենայի վրա, որը տարել է վիրավորին, և հենց հիվանդանոցի դարպասների մոտ մեքենան շրջվել է։
Ոստիկանութունն հայտնվել է միայն հիվանդանոցի բակում և փորձել միջամտել իրադարձություններին, որոնք դեռ առավոտյան էին սկսվել։
Քրեական «ռազբորկա»
Կոնֆլիկտը, որը սպանությամբ է ավարտվել, սկսվել է առավոտյան։ Ախալքալաքում նվազագույնը երկու աղմկոտ բախում է տեղի ունեցել, որոնց ոստիկանությունը հարկ չի համարել միջամտել։
Մի կողմից՝ կռիվներին մասնակցում էին Կուլիկամ գյուղի բնակիչներն, այդ թվում՝ սպանված Վարդ Միրանյանը։ Մյուս կողմից՝ Ախալքալաք քաղաքի բնակիչներն՝ «ԱրտՍեգ» հյուրանոցի տեր Արթուր Գաբրիելյանն ու նրա ընկերները։
Կոնֆլիկտի պատճառը մինչև վերջ պարզ չէ։ Վարկածներից մեկի համաձայն՝ դա երեք տարվա վաղեմության միջադեպի համար վրեժ էր Կուլիկամ գյուղի բնակիչների և «ԱրտՍեգ» հյուրանոցի ղեկավարության միջև։
Այդ ժամանակ միջադեպը հարթվել էր, սակայն հյուրանոցի սեփականատեր Արթուր Գաբրիելյանը սպառնացել էր վրեժ լուծել։
27-ամյա տղամարդու սպանությունը անկարգություններ է առաջացրել Ախալքալաքում։
Սպանվածի ընկերներն իսկական ավերածություն են կատարել․ հրկիզել են Արթուր Գաբրիելյանի և նրա հոր՝ Սամվել Գաբրիելյանի տներն, ինչպես նաև Գաբրիելյաններին պատկանող «ԱրտՍեգ» հյուրանոցը։
Հրկիզվել են նաև կոնֆլիկտի մասնակից, Արթուր Գաբրիելյանի ընկերներ Գենա Զարմարյանի և Կլիմենտ Քոսյանի տները։
Այրված տներում մարդ չի եղել, ոչ ոք չի տուժել։
Սպանությունից անմիջապես հետո Ախալքալաք են ժամանել հատուկջոկատայինների և ոստիկանական խմբեր։ Եկել է նաև Ջավախքի մարզպետ Բեսիկ Ամիրանաշվիլին։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել դիտավորյալ սպանության, հրազենի ապօրինի ձեռքբերման, պահպանման և կիրառման մեղադրանքով Արթուր Գաբրիելյանի ձերբակալման մասին։
Հանցագործության համար առավելագույն պատիժը 7–15 տարվա ազատազրկումն է։
Ընդդիմություն․ իշխանությունը կորցրել է վերահսկողությունը քրեական աշխարհի նկատմամբ
«Ախալքալաքի կենտրոնում տասնյակ մարդիկ կրակել և ծեծել են միմյանց։ Այնուհետև դա շարունակվել է հիվանդանոցի բակում՝ անվտանգության գլխավոր վարչությունից 15 մետր հեռավորության վրա։ Տներ, հյուրանոցներ են այրվել, և պետությունը չի կարողացել կանգնեցնել անկարգությունները, որոնք տևել են ողջ ցերեկ և ողջ գիշեր։
Դա նշանակում է, որ քրեական ուժերն իրենց տեր են զգում, երկրի ղեկավարներ, և այս իրավիճակը ստեղծել է Բիձինա Իվանիշվիլին [օլիգարխ, Վրաստանի ստվերային ղեկավար, «Վրացական երազանք» իշխող կուսակցության ղեկավար]», —JAMnews–ին տված հարցազրույցում ասել է ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ Իրմա Նադիրաշվիլին։
Այն պնդման հետ, որ իշխանությունները կորցրել են վերահսկողությունը քրեական տարրերի նկատմամբ, համաձայն է խորհրդարանի պատգամավոր և իշխող կուսակցությունից մեծամասնական պատգամավորի թեկնածու Սամվել Մանուկյանը։
«Երիտասարդների շրջանում քրեական մտածելակերպը լուրջ խնդիր է, որը տարածաշրջան է եկել Ռուսաստանից», — ասել է նա JAMnews–ին տված հարցազրույցում։
«Ախալքալաքում այդպիսի խմբավորումներ, գողականներ և նմանատիպ բաներ չկան։ Սակայն Ռուսաստանի հետ մեծ կապեր կան, իսկ այնտեղ դա սովորական բան է։ Եվ մեր երիտասարդները դա այնտեղ տեսնում են և ոգևորվում», — ասում է Մանուկյանը։
Այնուամենայնիվ, տարածաշրջանում ապօրինի զենքի խնդիր չկա․
«Նրանք կարող են օրինական զենք ունենալ, հարցն այն է, թե ինչի համար է այդ զենքն օգտագործվում։ Մեր բացթողումն այն է, որ օրինական զենք ունեցողը չպետք է այն գրպանում կրի։ Օրինակ՝ այժմ բոլոր երիտասարդներն իրենց մոտ դանակ ունեն։ Ես հարցնում եմ, հետաքրքրվում՝ ինչո՞ւ, նա պատասխանում է, որ պարզապես վերցնում է հետը, ուրիշ ոչինչ»։
Մանուկյանն ասում է, որ հասարակության վերաբերմունքը ոստիկանությանն ու ոստիկանական վերահսկողությանը շրջանում պետք է փոխել։
«Մենք ուզում ենք, որ լինի օրենք, բայց չլինի ոստիկանություն, բայց այդպես չի լինում։ Օրինակ՝ ինձ զանգահարել են Դիլիսկա գյուղից և հարցնում են, թե ինչու է հատուկ ջոկատը պտտվում իրենց գյուղում։ Դա ոչ ոքի դուր չի գալիս։ Ոչ ոքի դուր չի գալիս, որ իր մեքենան կանգնեցնում են, ստուգում։ Վրդովվում են, թե ժողովրդավարական երկրում ոստիկանությունը ստուգում է ամեն անցորդի և այլն։ Սակայն իրականում ոստիկանը պետք է ուժեղ լինի, բայց մենք չենք սիրում ուժեղ ոստիկանների, սկսում ենք բողոքել», — ասում է Մանուկյանը։