Ադրբեջանի «գորշ կարդինալը» մեղադրվում է պետական դավաճանության մեջ
Ալիևի վարչակազմի նախկին ղեկավարի դատավճիռը
Ռամիզ Մեհդիևն այն մարդն էր, որը կարող էր որոշել, թե ով կդառնա Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, որ թերթը կփակվի և ով համաներումով կազատվի բանտից։ 24 տարի նա ղեկավարել է նախագահական վարչակազմը՝ սկզբում Հեյդար Ալիևի, ապա Իլհամ Ալիևի օրոք, ղեկավարել է Համաներման հանձնաժողովը և համարվում էր «երկրորդ մարդը» երկրում։
Նա այժմ մեղադրվում է պետական դավաճանության մեջ։

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 88-ամյա Մեհդիևին դատապարտել է 14 տարվա ազատազրկման։ Սակայն, հաշվի առնելով նրա տարիքն ու առողջական վիճակը, պատիժը պայմանականորեն կկիրառվի։
Պետական հեղաշրջման փորձի մեջ մեղավոր ճանաչվելով՝ Մեհդիևը չի բանտարկվի։
Մեհդիևը մեղավոր է ճանաչվել 4 հոդվածներով՝
- իշխանությունը բռնազավթելուն ուղղված գործողություններ,
- պետական դավաճանություն,
- հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում,
- առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալ։
Դատարանը նաև որոշել է բռնագրավել նրա գույքը պետության օգտին և միջնորդություն ներկայացնել նրան պետական պարգևներից զրկելու համար։
Դատավճիռը կայացվել է հոկտեմբերի 22-ին, սակայն այն հանրայնացվել է միայն հինգ օր անց՝ հոկտեմբերի 27-ին։ Դատավարությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում, և դատավճիռը չի հրապարակվել։ Բռնագրավված գույքի ցանկը և արժեքը նույնպես պաշտոնապես չեն հրապարակվել։
Դատավճիռը կարճում է քրեական գործը, սակայն այն չի պատասխանում մեկ տարի շարունակ քննարկման առարկա դարձած գլխավոր հարցին՝ ինչո՞ւ Մեհդիևը հայտնվեց հարվածի տակ և ինչո՞ւ հիմա։
Վերջին ամիսներին պետական պաշտոնյաները, կառավարամետ ԶԼՄ-ները, անկախ մեկնաբանները և ընդդիմությունը ներկայացրել են տարբեր, երբեմն իրար հակասող պարզաբանումներ։
Պաշտոնական վարկածը. Կրեմլի ներգրավվածության մասին ակնարկներ, ընդդիմությանն ուղղված մեղադրանքներ
Հետաքննության առաջին օրերին կառավարամետ APA լրատվական գործակալությունը ներկայացրեց իրադարձությունների իր վարկածը։
Ըստ գործակալության՝ 2025 թվականի սկզբին Բաքվի և Մոսկվայի միջև լարվածության ֆոնին, Մեհդիևը Ռուսաստանին առաջարկել է Ադրբեջանում իշխանությունը տապալելու և ժամանակավոր Պետական խորհուրդ ստեղծելու ծրագիր։ Հենց նա էլ մտադիր էր ղեկավարել խորհուրդը։
Գործակալության փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինն այդ մասին տեղեկացրել է Իլհամ Ալիևին հոկտեմբերի 9-ին՝ Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ։
Սակայն, Պետական անվտանգության ծառայության 2026 թվականի փետրվարի 12-ի հայտարարությունը և հետագա մեղադրանքը ներկայացնում են իրադարձությունների այլ ժամանակագրություն։
Ըստ հետաքննության տվյալների՝ 2025 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Մեհդիևը պատրաստել է օտար լեզվով մի փաստաթուղթ՝ «Պետական կառավարման համակարգի վերակազմակերպման առաջարկներ» վերնագրով, և իր օգնական Էլդար Ամիրովի միջոցով այն փոխանցել է Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քարիմլիին։
Փաստաթղթի վերջնական տարբերակն ուղարկվել է հոկտեմբերի 3-ին։
Մեղադրական եզրակացության մեջ ներառված է նաև արտասահմանում գրանցված «Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միություն» կազմակերպությունը, որը հայտնի է որպես «Միլիարդատերերի միություն»։
Պետական անվտանգության ծառայությունը պնդում է, որ այն ստեղծվել է արտասահմանյան հատուկ ծառայությունների կողմից, և դրա ղեկավարների թվում են եղել նախկին առաջին փոխվարչապետ Աբբաս Աբբասովը և սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովը։
Քննիչների փոխանցմամբ՝ Մեհդիևը, Աբբասովը և Ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավարությունը մաս են կազմել այն խմբի, որը դավադրություն էր կազմակերպել իշխանությունը բռնազավթելու համար։
Այսպիսով, մեկ տարվա ընթացքում գործի շեշտադրումները զգալիորեն փոխվել են։
Եթե սկզբում Կրեմլը ներկայացվում էր որպես ենթադրյալ դավադրության գլխավոր խաղացող, ապա հետաքննության ավարտին ընդդիմությունն է բերվել առաջին պլան։
ՊԱԾ կողմից փետրվարին հրապարակված աուդիոձայնագրության մեջ Մեհդիևը ռուսերենով զրուցում է ենթադրյալ արտասահմանյան հետախուզության աշխատակցի հետ և հայտարարում, որ առաջարկություններ ունի կառավարման համակարգը վերակազմակերպելու վերաբերյալ։
Զրուցակիցը պատասխանում է. «Դա ձեր գործն է»։
Դատելով հրապարակված հատվածից՝ ենթադրյալ արտաքին հետախուզության աշխատակիցը, կարծես, ինքն իրեն հեռացնում է այս առաջարկներից, այլ ոչ թե հետաքրքրություն է ցուցաբերում դրանց նկատմամբ։
Սեպտեմբերին մեղադրանքներին ավելացել է նաև կաշառակերության մեղադրանք, սակայն չի բացահայտվել՝ ումից, ինչի համար և ինչ չափի գումար է ստացել Մեհդիևը։
Պաշտոնական դատավճռում օգտագործվում է նաև «օտարերկրյա պետություն» տերմինը, բայց կոնկրետ երկիրը չի մատնանշվում։
Պաշտոնական հռետորաբանությունը՝ դավաճան, օլիգարխ, բանսարկու
Դատավճռի հրապարակման հաջորդ օրը Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը Մեհդիևին ակադեմիայից հեռացնելու մասին որոշում ընդունեց: Այդ որոշումը պետք է հաստատվի ընդհանուր ժողովի կողմից։
Ակադեմիայի նախագահ Իսա Հաբիբբեյլին նրա գործողություններն անվանեց «դավաճանություն, որը հարիր չէ գիտնականի կոչմանը»։
Նիստի ընթացքում հնչած հիմնական ուղերձն այն էր, որ դավաճանությունը մի մարդու կողմից, ով տարիներ շարունակ օգտվել է պետության տրամադրած բոլոր հնարավորություններից, աններելի է։
Միևնույն ժամանակ, կառավարամետ կայքերն ուշադրություն են հրավիրել Մեհդիևի ակտիվների վրա։
Հրապարակվել են առանձնատների, հողատարածքների, առևտրի կենտրոնների բաժնեմասերի, բանկային բաժնետոմսերի և «Շարգ-Գարբ» հրատարակչության՝ ենթադրաբար նրան պատկանելու մասին տեղեկություններ։
Փաստաբան Չինգիզ Գանիզադեն Modern.az-ին ասել է, որ դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո բռնագրավված գույքը կարող է վաճառվել աճուրդով, վարձակալության տրվել կամ մասամբ փոխանցվել պատերազմի վետերաններին և զոհված զինծառայողների ընտանիքներին։
Նա նաև նշել է, որ դատավճիռը դեռևս ուժի մեջ չի մտել, և այն բողոքարկելու համար տրվել է 20 օր ժամանակ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ալիևի վարչակազմի նախկին ղեկավարի դատավճիռը