«Ալիևի պահանջով է արվում»․ քաղաքագետը՝ Փաշինյանի Արցախ չայցելելու մասին
Ի՞նչ ուղերձներ եղան Լավրով-Միրզոյան հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ: Ի՞նչ տեղ ունի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը Հայաստանի քաղաքական օրակարգում: Ինչո՞ւ հայաստանյան քաղաքական վերնախավը չի մեկնելու Ստեփանակերտ Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ:
Այս հարցերի շուրջ JAMnews-ը զրուցել է քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ: Նա բավական կոշտ և տարբերվող կարծիք է հայտնել Հայաստանի և Արցախի համար օրախնդիր հարցերի շուրջ։
-Ինչպե՞ս կգնահատեք Լավրով-Միրզոյան հանդիպումն ու ճեպազրույցը: Ինչպիսի՞ ուղերձներ հնչեցին ռուսական կողմից:
— Երկու հետաքրքիր նկատառում եմ արել: Առաջինը այն, որ բացման խոսքում ՀՀ արտգործնախարարը խոսեց Արցախի դեմ անցյալ տարի սանձազերծված ագրեսիայի մասին ու տվեց միայն Ադրբեջանի անունը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած՝ մեր իշխանություններն ու բարձրաստիճան պաշտոնատար անձինք միշտ նշում էին՝ «Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիա»։
Որոշ դեպքերում ավելացվում էր նաև «ահաբեկչական ուժեր» ձևակերպումը, սակայն ադրբեջանա-թուրքական տերմինն օգտագործվում էր միշտ: Առաջին անգամ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի փոխարեն նշվեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մասին:
Սա ևս մեկ վկայություն է, որ Թուրքիայի հետ ոչ հրապարակային գործընթաց կա, և ամենայն հավանականությամբ՝ մոտ ենք հրապարակային հայտարարություններին:
Սա, ընդհանուր առմամբ, տեղավորվում է Թուրքիայի հանդեպ ՀՀ իշխանությունների դրական ուղերձների, խոսքերի կամ դրական մթնոլորտի ձևավորման տրամաբանության մեջ:
Երկրորդը՝ երբ խոսք գնաց գերիների մասին, ՌԴ արտգործնախարարը հայտարարեց, որ չի կարող Ադրբեջանին մեղադրել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ դրույթը խախտելու մեջ, որովհետև այդ կետը վերաբերում է բացառապես այն գերիներին, որոնք գերեվարվել են մինչև նոյեմբերի 9-ը:
Լավրովը պարզապես կոչ արեց Ադրբեջանին՝ դրսևորել բարի կամք և ազատ արձակել ռազմագերիներին, մեկ անգամ ևս շեշտելով, որ ռազմագերիների ազատ արձակումը չի բխում եռակողմ հայտարարությունից:
Լավրով-Միրզոյան հանդիպումից հետո մեծ արդյունքներ չեն արձանագրվել և չեմ էլ կարծում, թե հույսեր կային արդյունքներ արձանագրելու: Իմ գնահատմամբ՝ այցը արարողակարգային բնույթ էր կրում և նպատակ ուներ ՌԴ իշխանություններին ցույց տալ, որ ՀՀ նոր կառավարությունը ևս կարևորում է Ռուսաստանի հետ հարաբերություններն ու Ռուսաստանին համարում է իր թիվ 1 գործընկերը:
Պատահական չէ, որ շեշտվեց, որ սա Հայաստանի ԱԳ նախարարի առաջին արտասահմանյան այցն է:
-Խոսելով հայ ռազմագերիների վերադարձի մասին՝ Լավրովը նշեց, որ վերջնական որոշումը ՌԴ-ից կախված չէ: Միաժամանակ ասաց, որ պիտի վերացվեն այն բոլոր գործոնները, որոնք Երևանին ու Բաքվին գրգռում են՝ մատնանշելով ռազմագերիների վերադարձն ու ականազերծման քարտեզների տրամադրումը: Սա ինչպիսի՞ ուղերձ էր: Ո՞ւմ էր ուղղված:
-Եռակողմ հայտարարության մեջ ականազերծման քարտեզների մասին ոչինչ գրված չէ: Ցավոք սրտի, Ադրբեջանին հաջողվել է այդ երկու հարցերը դնել մեկ հարթության վրա:
Լավրովի հայտարարությունը վկայում է, որ Ռուսաստանը ևս դրանք դիտարկում է որպես մեկ փաթեթ, այսինքն՝ եթե պահանջում եք ձեր ռազմագերիներին, որոնց ազատ արձակումը չի բխում հայտարարությունից, բարի եղեք քայլ կատարել և փոխանցել ականազերծման քարտեզները:
Մյուս կողմից՝ ՌԴ-ն հասկանում է, որ ռազմագերիների հարցն օգտագործվում է ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ առաջ բերելու մեջ: Պատահական չէ, որ ՀՀ վարչապետը հայտարարում է, որ Ադրբեջանում պահվող մեր ռազմագերիների բացարձակ մեծամասնությունը գերեվարվել է խաղաղապահների պատասխանատվության գոտում:
Սա անուղղակի մեղադրանք է Ռուսաստանին, ակնարկ, թե՝ ստեղծված իրավիճակի պատասխանատուն ոչ այնքան ՀՀ իշխանություններն են, այլ ռուս խաղաղապահները կամ Ռուսաստանը:
«Վերջնական որոշումը Ռուսաստանից կախված չէ» խոսքերով Լավրովն ուզում էր ասել՝ մենք մեր ստանձնած պարտավորությունները կատարել ենք, մեզ մի մեղադրեք գերիների շուրջ ստեղծված իրավիճակի համար:
-Խոսք գնաց նաև խաղաղության պայմանագրի մասին: Միրզոյանը ասաց, որ եթե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսվեն, դրանցում պետք է անպայմանորեն արձանագրվի ԼՂ կարգավիճակի հարցը: Ձեր կարծիքով՝ այս հարցն ի՞նչ տեղ ունի մեր քաղաքական օրակարգում:
-Իրենց ելույթներում բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են տարբեր բաներ հայտարարել՝ ուղղված ներքին կամ արտաքին լսարանին: Դրանք քաղաքական տեքստեր են, որոնք շատ արագ մոռացվում են և ոչինչ չեն նշանակում:
Եթե հենվում ենք միակ ու հիմնական փաստաթղթի՝ ՀՀ կառավարության ծրագրի վրա, որը հաստատվեց ԱԺ կողմից, գնահատականը մեկն է՝ ՀՀ կառավարության համար Արցախի խնդիր՝ որպես հակամարտություն կամ որպես քաղաքական խնդիր, գոյություն չունի:
Այժմ Հայաստանի համար Արցախի խնդիր կա միայն հետևյալ հարթության մեջ՝ Արցախը մի տարածք է, որտեղ ապրում են հայեր, և ՀՀ-ն պատրաստ է հոգալ այդ մարդկանց նվազագույն սոցիալ-տնտեսական կարիքները՝ վճարելով աշխատավարձեր, թոշակներ, նպաստներ, ինչպես նաև ֆինանսավորելով որոշ շինարարական աշխատանքներ:
Արցախի հարցը դիտարկվում է բացառապես այդ տրամաբանության մեջ:
-Վաղը նշվելու է Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակը: Վարչապետն արձակուրդում է, ԱԺ նախագահը՝ գործուղման մեջ: Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը, որ պատերազմից հետո և հատկապես նման կարևոր հոբելյանի առիթով քաղաքական վերնախավը չի մեկնելու Արցախ:
-Չգիտեմ՝ նախարարներ ներկա կլինեն, թե ոչ, բայց կարծես թե վարչապետ և փոխվարչապետներ չեն լինելու: Լինելու է ԱԺ փոխնախագահը, հնարավոր է՝ երկուսը՝ իշխանական և ընդդիմադիր:
Ակնհայտ է, որ Ադրբեջանն է պահանջել, որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք Արցախում չլինեն:
Ըստ իս, ՀՀ իշխանությունները, մասնավորապես՝ վարչապետը համաձայնել է այդ պահանջը կատարել: Ինչով է այդ համաձայնությունը պայմանավորված՝ չգիտեմ:
Գուցե ֆիզիկական անվտանգությունը ապահովված չէ, և մարդիկ երկյուղում են, որ եթե գնան Արցախ, հնարավոր է՝ ճանապարհին ադրբեջանցիների կողմից գերեվարվեն կամ սպանվեն: Դա ասել չեմ կարող: Գուցե այլ պատճառներ կան, թե ինչու է Հայաստանի վարչապետը համաձայնել կատարել Ալիևի այս պահանջը:
Բոլորի համար էլ հասկանալի է, որ Ալիևի կողմից կա պահանջ, որը կատարվում է: Սա ևս մեկ ցուցիչ է, որ Արցախի հարց՝ որպես քաղաքական խնդիր կամ որպես հակամարտություն, ՀՀ կառավարության համար այլևս չկա:
Արցախի հարցն արդեն Ադրբեջան-Ռուսաստան կամ Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների հարթությունում է: Հայաստանն այդտեղ որևէ անելիք չունի և չի էլ ուզում ունենալ:
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի: