Իլհամ Ալիև. «Կամ կապրեն Ադրբեջանի դրոշի ներքո, կամ կհեռանան»
Ալիևի հարցազրույցը պետական հեռուստատեսությանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորման, ինչպես նաև Ղարաբաղի հայ բնակչության ապագայի թեմաներին։ «Ղարաբաղում ապրող հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ այլ բնակության վայր փնտրեն»,- հայտարարել է նա։
- Հայաստան ներթափանցած ադրբեջանցին մեղադրվում է սպանության մեջ
- «Ինքներս մեզ խաբել ենք»․ Փաշինյանը՝ ԼՂ-ի կարգավիճակի մասին
- ԵՄ դիտորդները Բաքվին զեկուցում են՝ երբ և որտեղ են մոնիթորինգ անելու
«Ադրբեջանն է առաջ քաշել հայտնի 5 սկզբունքները»
Ըստ Ալիևի՝ այսօրվա բանակցությունների հետ կապված հիմնական գործոնները Ադրբեջանի կողմից առաջ քաշված նախաձեռնություններն են.
«Չնայած հայերի օկուպացիային, վայրագություններին, բարբարոսությանը, հենց Ադրբեջանն առաջարկեց խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի և Հայաստանի միջև, և Ադրբեջանն էր, որ առաջ քաշեց հայտնի հինգ սկզբունքները։ Դրանք միջազգային իրավունքի հիմնարար նորմերն ու սկզբունքներն են։
Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ հենց այդ՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և այլ սկզբունքների հիման վրա են հնարավոր բանակցությունները, և կարող է կնքվել խաղաղության պայմանագիր»։
«Եթե նա ասել է «Ա»-ն, պետք է ասի նաև«Բ»-ն»
Իր հարցազրույցում Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև կարգավորման հարցերին Հայաստանի վերաբերմունքին.
«Հայկական կողմի դիրքորոշումներում վերջին երկու տարիներին եղել են տարբեր զիգզագներ, այսինքն՝ տարբեր փոփոխություններ։ Վերջին հաշվով, ինչպես մեզ թվում է՝ Հայաստանը նույնպես սկզբունքորեն համաձայն է մեր մոտեցմանը, քանի որ այլ տարբերակ պարզապես չկա։
Այդ իսկ պատճառով անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումներում Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այսինքն՝ ընդունեց, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի հարցը պետք է լուծվի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
Իսկ ինչի՞ մասին է այն։ Այն ասում է, որ միութենական հանրապետությունների սահմանները համարվում են պետական սահմաններ։ Այսպիսով, այդ պաշտոնական քայլն անելով՝ Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի անբաժանելի մաս»։
Ալիևը կարծում է, որ «Հայաստանը, որը ժամանակին պնդում էր, որ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», «այսօր պետք է կրկնի մեր խոսքերը՝ Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան»։
«Քանի, որ եթե ասել է «Ա»-ն, պետք է ասի նաև «Բ»-ն»։ Հայաստանը, որը հիմք ընդունեց Ալմա-Աթայի հռչակագիրը և պատրաստակամություն հայտնեց այդ հիմքով խաղաղության պայմանագիր կնքել, արդեն պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղն Ադրբեջան է»,- հավելել է նա։
«Ղարաբաղը մեր ներքին գործն է»
Ադրբեջանի ղեկավարը կրկնել է իր թեզը, թե Ղարաբաղի հարցը երկրի ներքին գործն է.
«Կարծում եմ, որ դեպքերի ընթացքը դա ցույց է տալիս, քանի որ այլ ճանապարհ չկա։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոչ մի երկրի հետ չենք քննարկելու մեր ներքին գործերը։ Ղարաբաղը մեր ներքին գործն է»։
Նա անդրադարձել է նաև Ղարաբաղի հայերի ապագայի թեմային, որը շատերին է հետաքրքրում.
«Ղարաբաղում ապրող հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ այլ բնակության վայր փնտրեն։ Այստեղ լիակատար ազատություն է, առաջարկվում են բոլոր ժողովրդավարական հիմքերը։
Այս հարցը պետք է լուծվի մարդու իրավունքների հիման վրա, այսօր մեր բոլոր գործողությունները դա են ցույց տալիս։ Եվ մեր մտադրությունն է, որ շուտով խաղաղության պայմանագիր ստորագրվի, վերջ դրվի Ադրբեջանի և Հայաստանի առճակատմանը»։
«Ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա»
«Անջատողականները նույնպես պետք է իմանան, որ ունեն երկու տարբերակ՝ կա՛մ ապրեն Ադրբեջանի դրոշի ներքո, կա՛մ հեռանան։ Անջատողականների հիմնական ներկայացուցիչներին՝ Սերժիկ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին շների պես քշեցինք Ղարաբաղից, ծնկի բերեցինք։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ նրանք Ղարաբաղ էին եկել, իբր, մեզ հետ կռվելու։ Երեքն էլ նապաստակի պես փախան մեր հողից, այսօր նրանցից ոչ մեկը չի կարող քիթը մտցնել ոչ Խանքենդի, ոչ էլ որևէ այլ տեղ։
Անջատողականները, որոնք հիմա իրենց մտացածին կոչումներ են վերագրել՝ մեկը իրեն նախագահ է անվանում, մյուսը՝ նախարար, երրորդը՝ չգիտեմ՝ խորհրդարանի նախագահ, ծաղրածուների այս խումբը վերջապես պետք է հասկանա, որ մեր համբերությունը չպետք է չափել։ Մենք նրանց բազմիցս տարբեր ձևերով բացատրել ենք, որ կա՛մ կանեն այն, ինչ ասում ենք, կա՛մ դուրս կգան այնտեղից և հանգիստ կթողնեն այնտեղ ապրող հայերին, որոնք փաստացի վերածվել են նրանց պատանդների, գերիների։
Վստահ եմ, որ այսօր Ղարաբաղում ապրող հայ բնակչության մեծամասնությունը պատրաստ է ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն։ Պարզապես այդ տզրուկները, այդ վայրի կենդանիները, անջատողականները դա թույլ չեն տալիս։ Այդ մարդկանց թույլ չեն տալիս հանգիստ ապրել, նրանց 30 տարի պահել են պատանդի կարգավիճակում։
Ուստի իմ դիրքորոշումը հետևյալն է՝ թող բոլորը սա լսեն՝ և՛ Հայաստանի ղեկավարությունը, և՛ այսօր նրանց թիկունքում կանգնած ուժերը, ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա։ Մենք դա ապացուցեցինք պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Եթե պետք լինի, ևս մեկ անգամ կապացուցենք դա ցանկացած ձևով»,- հայտարարել է Ալիևը։
«Հայաստանի կառավարության հերթական կեղտոտ արարքը»
Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Երևանում բռնկված սկանդալին.
«Ես կարծում եմ, որ դա Հայաստանի կառավարության հերթական կեղտոտ արարքն էր։ Ես դա ընկալում եմ այսպես՝ դա ինչ-որ անհատի պատահական գործողություն չէր: Դա Հայաստանի կառավարության հերթական կեղտոտ գործողությունն էր։ Շատ պատճառներ կան, որոնք հիմք են տալիս սա ասելու։
Նախ՝ այդ արարքը կատարած մարդանման արարածն անմիջական կապի մեջ է Հայաստանի իշխող օղակների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Երկրորդ՝ այդ արարածը ոչ մի պատիժ չի կրել, ընդհակառակը, նրան Հայաստանում հերոսացնում են։ Նրան, իբր, բերման են ենթարկել ու մի քանի րոպե անց ազատ արձակել։ Այնտեղ շոու են սարքել, նրան դիմավորել են ծափահարություններով, ու այդ մարդու նկատմամբ ոչ մի պատիժ, նույնիսկ տուգանք չի կիրառվել։ Այսպիսով, ինչի մասին է սա վկայում:
Նման այլանդակ արարք է կատարվում Հայաստանի քաղաքական ղեկավարության աչքի առաջ, և դրան որևէ արձագանք չկա։ Դա նշանակում է, որ այդ կեղտոտ արարքի հեղինակը իշխանություններն են, Հայաստանի կառավարությունը, հայկական պետությունը։
Բայց նրանք չպետք է մոռանան, թե այսօր որտեղ է ծածանվում Ադրբեջանի դրոշը։ Այսօր Ադրբեջանի դրոշը ծածանվում է Ղարաբաղում։ Աղդամում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում, Կուբաթլուում, Քելբաջարում, Լաչինում, Շուշայում, Հադրութում, Թալիշում, Սուգովուշանում և բազմաթիվ գյուղերում, հարյուրավոր գյուղերում, ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Այսօր Զանգեզուրի լեռներում ծածանվում է Ադրբեջանի դրոշը, թող չմոռանան դա։ Կարո՞ղ են նրանք մոտենալ այդ դրոշին: Այդ մարդանման էակը և նրա նմանները կարո՞ղ են մոտենալ այդ դրոշներին: Նրանք կվախենան նույնիսկ հեռվից նայել այդ դրոշին։
Դրոշն այրելով նրանք ամբողջ աշխարհին ցույց տվեցին միայն իրենց կեղտոտ էությունը։ Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ սրա հետևում կանգնած է հայկական պետությունը, Հայաստանի կառավարությունը, որը երկար տարիներ, տասնամյակներ շարունակ Հայաստանում իրականացնում է հակաադրբեջանական արշավ, ադրբեջանաֆոբիա։ Դա սովորական միջադեպ չէր։
Պետք է ասեմ նաև, որ, իհարկե, այդ դեպքը չի կարող մեզ ցնցել, որևէ կերպ չի կարող ազդել մեր կամքի վրա։ Ու թող լավ մտածեն։ Մի օր, երբ աչքերը բացեն, իրենց գլխավերևում կարող են տեսնել Ադրբեջանի դրոշը»։