Ալիևն ակնարկել է ԵԽ-ում և ՄԻԵԴ-ում Ադրբեջանի մասնակցության վերանայման մասին
Ալիևը՝ Ադրբեջանի և ԵԽԽՎ հարաբերությունների մասին
Անդրադառնալով ԵԽԽՎ-ի հետ Ադրբեջանի հարաբերություններին՝ Ալիևն ասել է, որ ադրբեջանական պատվիրակության իրավունքները պետք է վերականգնվեն, «հակառակ դեպքում կվերանայվի ԵԽ-ում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի մասնակցության հարցը»։
Իլհամ Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն արդեն կա, երկու երկրների սահմանին մի քանի ամիս է, ինչ խաղաղ իրավիճակ է տիրում։ «Սակայն այս գործընթացի տրամաբանական ավարտի համար անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիր և վերջ դնել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնություններին»,- հայտարարել է նախագահը։
- Հայաստան-Ադրբեջան պայմանագրի ստորագրումը միայն տեսականորեն է հնարավոր
- Պատմակա՞ն, թե՞ հերթական․ Երևանն ու Թբիլիսին հռչակագիր են ստորագրել
- Քաղաքացիությունը՝ փախստական․ ԼՂ-ի հայերի պատմություններն ու հիշողությունները
Փետրվարի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին։
Չունգոնգը շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման կապակցությամբ։ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար, նշել, որ սա պատմական պահ է ադրբեջանական ժողովրդի և պետության համար և ընդգծել, որ ներկայիս նոր պայմանները հնարավորություններ են բացում տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համար: Այդ մասին հաղորդել է AzərTAc-ը։
Միջխորհրդարանական միությունը միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը ծառայում է աշխարհի խորհրդարանների գործողությունների համակարգմանը։ Այն հիմնադրվել է 1889 թվականին և դարձել քաղաքական քննարկումների համար ծառայող առաջին միջազգային կազմակերպությունը։
Միջխորհրդարանական միության կենտրոնակայանը գտնվում է Ժնևում։
Կազմակերպության անդամներն են 143 երկրների և 7 միջպետական խորհրդարաններ, ներառյալ բոլոր եվրոպական երկրները, բացի Վատիկանից։ ԱՄՆ Կոնգրեսը կազմակերպության անդամ չէ։ Միջխորհրդարանական միությունը ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունի։
Հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը մի շարք հայտարարություններ է արել:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն արդեն կա»
Ադրբեջանի նախագահը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը 28 տարի զբաղվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով.
«Սակայն որևէ արդյունքի չհասավ, ադրբեջանական հողերը մնացին օկուպացիայի տակ, ներքին տեղահանվածները չկարողացան վերադառնալ իրենց տները։
Ադրբեջանական կողմը Մինսկի խմբի անդամ երկրներին կոչ էր անում ճնշում գործադրել Հայաստանի վրա և պատժամիջոցներ կիրառել նրա դեմ, սակայն Մինսկի խումբն այս ուղղությամբ որևէ քայլ չէր ձեռնարկում»։
Ալիևը հայտարարել է, որ 2020 թվականին 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանն է հանդես եկել որպես տարածաշրջանում խաղաղության օրակարգի նախաձեռնող և առաջարկել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։
«Հայաստանի կողմից սրան համարժեք արձագանք չի եղել։ Ուստի Ադրբեջանը առաջ է քաշել 5 սկզբունք, որոնք կազմում են խաղաղության պայմանագրի հիմքը։ Այդ սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի նախաձեռնողը ևս եղել է Ադրբեջանը։
Հայաստանը չի կատարել 2020 թվականի 44-օրյա Հայրենական պատերազմի ավարտից հետո Եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած մի շարք պարտավորություններ և վերջին 3 տարիների ընթացքում շարունակել է ֆինանսական, ռազմական և այլ միջոցներով աջակցել անջատողականությանը Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում։
Անցյալ տարվա սեպտեմբերի 2-ին Հայաստանի ղեկավարության շնորհավորական ուղերձը չճանաչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» «անկախության», ինչպես նաև սեպտեմբերի 9-ին կայացած «նախագահական ընտրությունների» կապակցությամբ լուրջ հարված հասցրեցին խաղաղության գործընթացին։ Ադրբեջանը ստիպված էր ձեռնարկել հակաահաբեկչական միջոցներ՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն արդեն կա, երկու երկրների սահմանին մի քանի ամիս խաղաղ իրավիճակ է տիրում։
«Սակայն այս գործընթացի տրամաբանական ավարտի համար անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիր և վերջ դնել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնություններին»,- ասել է նախագահը։
Իլհամ Ալիևը հատկապես նշել է, որ Հայաստանի անկախության հռչակագիրը պարունակում է «ղարաբաղյան տարածաշրջանը Հայաստանին միավորելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման ուղղակի կոչեր, այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են Հայաստանի Սահմանադրության մեջ։ Հայաստանի այլ իրավական փաստաթղթերում ևս կան Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ, շատ կոնվենցիաներում և այլ փաստաթղթերում, որոնց միացել է Հայաստանը, կան բազմաթիվ կետեր, որոնցում խոսվում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության չճանաչման մասին»։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում ներկայացված հայցերի հիմքը «Երևանի կողմից Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության չճանաչումն է, Ղարաբաղի տարանջատումն Ադրբեջանից»։
Ալիևն ասել է, որ խաղաղության կարելի է հասնել այն դեպքում, երբ «դադարեցվեն այդ հավակնությունները, փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ և այլ իրավական փաստաթղթերում»։ Կարևորելով Երևանի կողմից այդ միջոցառումների արագ իրականացումը, երկրի ղեկավարն ընդգծել է, որ այս թեմայով քննարկումների սկիզբը Հայաստանում գնահատվում է որպես դրական քայլ, որը կարող է լավ հնարավորություն ստեղծել խաղաղության գործընթացի շուտափույթ ավարտի համար։
«Տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառը պաշտոնական Փարիզն է»
Նախագահ Իլհամ Ալիևը նաև հայտարարել է, որ Ֆրանսիան «տարածաշրջանում ապակառուցողական քաղաքականություն է վարում՝ առաջնորդվելով «կրակի վրա յուղ լցնելու» սկզբունքով, զինում է Հայաստանը և աշխարհաքաղաքական ինտրիգներ նախաձեռնում։
Ալիևն ընդգծել է, որ պաշտոնական Փարիզն է «տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառ հանդիսանում, հակաադրբեջանական քաղաքականություն վարում միջազգային տարբեր կազմակերպություններում և խորհրդարանական հարթությունում»։ Նախագահը նշել է, որ Ֆրանսիայի քաղաքականությունը «ուղղված է Հարավային Կովկասի տարածաշրջանում առաջատար դիրքեր գրավելուն և իր ազդեցությունն ամրապնդելուն, սակայն այդ ուղղությամբ նրա ջանքերն ապարդյուն են»։
«Ադրբեջանական պատվիրակության իրավունքները պետք է վերականգնվեն»
Նախագահը հայտարարել է, որ «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում փոքր խմբի նախաձեռնությունը, որն իր բնույթով հակաադրբեջանական է և կապված է ադրբեջանական պատվիրակության լիազորությունները վավերացնելու մերժման հետ, չի ծառայում երկխոսությանը»։
Ալիևը նշել է, որ «ընդհանուր առմամբ դա հակասում է խորհրդարանական հարթակի ավանդույթներին»։
Ասելով, որ ադրբեջանական պատվիրակության իրավունքները պետք է վերականգնվեն, Իլհամ Ալիևն ընդգծել է, որ «հակառակ դեպքում կվերանայվի Եվրոպայի խորհրդում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի մասնակցության հարցը»։