Բելառուսի նախագահը բարեփոխում է սահմանադրությունը բանտում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է քաղբանտարկյալներին։ Ըստ պաշտոնական վարկածի՝ այդ հանդիպմանը քննարկվել է սահմանադրության բարեփոխումը։ Ի՞նչ է իրականում թաքնված այս իրադարձության հետևում։ Բելառուս փորձագետների կարծիքը։
Բելառուսի ՊԱԿ-ի մեկուսարանում կայացած հանդիպմանը ներկա են եղել Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա երկու թիկնապահներն ու 11 քաղբանտարկյալներ, որոնք անցած նախագահական ընտրություններին նրա մրցակիցներն են եղել, նրանց շտաբների անդամներն, ընդդիմության Համակարգման խորհրդի մասնակիցները, որը ստեղծվել է ընտրություններից հետո։
•Լուկաշենկոյի երդմնակալությունը, որը նման էր հատուկ գործողության։ Լուսանկարներ
•Ռուսաստանը կգնի Բելառո՞ւսը։ Փորձագետների կարծիքը
•Բելառուս․ իշխանությունները սաստկացնում են բռնաճնշումներն ու «բարեփոխումներ» առաջարկում
Հանդիպումն անցկացվել է խաղաղ ցուցարարներին հերթական անգամ դաժանաբար ցրելու ֆոնին։ Բելառուսում բողոքի ակցիաները շարունակվում են արդեն գրեթե երկու ամիս՝ այն պահից, երբ օգոստոսի 19-ին կայացած ընտրություններից հետո Լուկաշենկոն հայտարարել էր իր հաղթանակի մասին։ Սակայն ընդդիմությունն ընտրությունները կեղծված է անվանել, և հարյուր հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել։
Բելառուսի պետական մեդիայի վարկածով՝ քննարկվել է սահմանադրական բարեփոխումը, և «նախագահը ցանկացել է լսել բոլորին»։ Այդ աղբյուրների համաձայն՝ «զրույցը եղել է կառուցողական», սակայն «դրա մասնակիցները պայմանավորվել են չհանրայնացնել բովանդակությունը»։
Անկախ լրագրողները նշել են այդ հանդիպմանը Մարիա Կոլեսնիկովայի՝ բելառուսական ընդդիմության ամենավառ և պոպուլյար ֆիգուրներից մեկի բացակայությունը։
Բանտում կայացած հանդիպման հաջորդ օրն ազատ է արձակվել երկու բանտարկյալ։ Նրանք հարցազրույց են տվել, որում բարձր են գնահատել Լուկաշենկոյի նախաձեռնությունն ու հաղորդել, որ «իրենց հանձնարարվել է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկներ պատրաստել»։
Անկախ լրատվամիջոցներն ու փորձագետներն այլ տեսակետ ունեն Լուկաշենկոյի՝ բանտ այցելության մասին։
«Բելառուսի ղեկավարի հանդիպումն իր իսկ կողմից բանտ նետված քաղբանտարկյալների հետ, մեծահոգության արտահայտում չէ։ Դա այն բանի նշան է, որ ռուսական ճակատում գործերը շատ վատ են։ Սա Արևմուտքի կողմից «էջը շրջելու» դիմաց քաղբանտարկյալներին փոխանակելու հնարավորության շոշափման հուսահատ փորձ է», — կարծում է EAST հետազոտական կենտրոնի ներկայացուցիչ Անդրեյ Ելիսեևը։
«Լուկաշենկոյի համար իրավիճակը կրիտիկական է, չնայած բոլոր ջանքերին և տեռորին՝ երկրում դրությունը հեռու է կայուն լինելուց։ Անհրաժեշտ է մեղմել լարվածությունն ու հանդարտեցնել ցույցերը։ Բանտ գնալը պարզապես բոլորին հիմարացնելու փորձ է», — պնդում է Քաղաքական վերլուծության և կանխատեսման վարշավյան կենտրոնի ղեկավար Պավել Ուսովը։
Փիլիսոփա Վլադիմիր Մացկևիչն ասում է, որ այս հանդիպումն այն բանի օրինակ է, թե ինչ է սպասվում երկրին, եթե Լուկաշենկոն շարունակի պաշտոնավարել․
«Երկխոսության սխեման այսպիսի տեսք ունի։ Լուկաշենկոն՝ ներքին գործերի նախարարին․
— Կալանավորեք սրան, սրան և այս մյուսին։ Նրանց ձեռնաշղթաներ հագցրեք և բերանները փակեք։ Ուզում եմ նրանց հետ երկխոսություն վարել»։