Հրապարակվել են Ադրբեջանի ոստիկանությունում ձերբակալվածների կտտանքների լուսանկարներ։ ՆԳՆ–ն հերքում է, բլոգերներն՝ ապացուցում
Ադրբեջանի սոցիալական մեդիայում օգոստոսի 11–ին հրապարակվել են Բաքվի ոստիկանական բաժանմունքում ձերբակալվածերի կտտանքների լուսանկարներ։ Դրանցում մարդկանցից ոմանք ամբողջությամբ մերկ են, մի քանիսի դեմքերը երևում են։
Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ լուսանկարներն իրականում Ադրբեջանում չեն արվել, սակայն բլոգերները մի քանի փաստարկ են բերում, որոնք, ըստ նրանց, ապացուցում են նախարարության սուտը։
Լուսանկարները հայտնվել են Ադրբեջանում արգելված «Ազադլիգ» («Ազատություն») թերթի ֆեյսբուքյան էջում, գրառման տակ թերթի նախկին գլխավոր խմբագիր Հանիմաթ Զահիդի անունն է, որն այժմ Ֆրանսիայում է ապրում։
Լուսանկարների մեկնաբանությունում նշվում է, որ դրանք արվել են Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ձերբակալվածներին խոշտանգելու ժամանակ։
Թե ով է արել և տարածել լուսանկարներն, անհայտ է։ Տեղեկություններ չկան նաև լուսանկարներում պատկերված անձանց մասին։
«Այդ լուսանկարները մանրամասն ուսումնասիրվել են մեր կողմից։ Դրանցում պատկերված անձինք Ադրբեջանի քաղաքացիներ չեն», — հայտարարել է ներքին գործերի նախարարությունը։
Լուսանկարներից մեկում երևում է Ադրբեջանի դրոշը, այդ առնչությամբ նախարարությունը հաղորդել է, որ «աշխարհի ցանկացած կետում կարելի է Ադրբեջանի դրոշ գտնել և լուսանկարել այն»։
Շուտով դրան պատասխանել է Գերմանիայում բնակվող ադրբեջանցի բլոգեր Հաբիբ Մունթեզիրը․
«Իսկ ի՞նչ կասեն լուսանկարում ՆԳՆ գերբի մասին։ Այն նույնպե՞ս կարելի է գտնել աշխարհի ցանկացած կետում։ Ի՜նչ ստախոս և տականք եք դուք։ Եվ ինչպե՞ս այդ ժողովուրդը հավատա ձեզ»։
Կատարվածը մեծ վրդովմունք է առաջացրել սոցցանցերում։
Ահա մի քանի բնորոշ մեկնաբանություն․
«Իրավախախտումների համար օրինական պատիժ կա, սակայն անթույլատրելի է մարդկային արժանապատվությունն այդ կերպով նվաստացնելը»։
«Պատկերացնում եմ, թե ինչ են անում ընդդիմադիրներին։ Խեղճ լինեն նրանք»։
«Եթե ժողովուրդն անտարբեր լինի իր ճակատագրի նկատմամբ, ոստիկանությունը մեզ բոլորիս կկոտորի»։
«Ահա համակարգի ուժը։ Սա, իհարկե, գիտակցաբար է տարածվում։ Այսպիսի բան տեսած մարդը վախից էլ ոչ մի քաղաքական գործընթացի չի մասնակցի։ Սակայն սա հարված է նաև իշխանությանը․ այն մարդկանց մեջ ավելացնում է ատելությունը, որը ոչ մի լավ բանի չի բերի»։