Ադրբեջանում գուշակում են, թե երբ է համաճարակը սկսելու նահանջել, մինչդեռ կորոնավիրուսից մահացել է արդեն 12-րդ հիվանդը
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով 12–րդ մահն ու վարակման 50 նոր դեպք։
Ընդ որում, ևս 39 մարդ է ապաքինվել և դուրս գրվել հիվանդանոցից։
Այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվն այս պահին կազմում է 1148 մարդ, բուժվածներինը՝ 289։

Նախօրեին՝ ապրիլի 12–ին, երկրում բուժվածների թիվը գերազանցում էր վարակման նոր դեպքերի քանակը։
Սոցցանցերի շրջանում դա ոչ միանշանակ արձագանք էր առաջացրել։
Ոմանք սկսել են լավատեսական կանխատեսումներ անել․
«Վարակման վիճակագրությունը նվազում է, և էլ ավելի է նվազելու մոտակա 10-15 օրվա ընթացքում»։
«Գոնե շուտ ավարտվեր այս ամենը, որքա՞ն կարելի է տանը նստել»։
- Ի՞նչ տեսք ունի Բաքուն կարանտինի օրերին
- «Հենց դուրս գամ, առաջին հերթին կնոջս եմ համբուրելու»․ յոթ կարանտինային պատմություն Վրաստանից
Մյուսներն, ընդհակառակը, խորհուրդ էին տալիս ժամանակից շուտ չուրախանալ և զգոնությունը չկորցնել․
«Այդ հուսադրող վիճակագրությունից հետո փողոցում միանգամից ավելացել է մարդկանց թիվը։ Սակայն չի կարելի զգոնությունը կորցնել։ COVİD 19–ն այդքան հեշտ չի հանձնվում»։
Իսկ երրորդներն ընդհանրապես չեն հավատում պաշտոնական տվյալներին․
«Ադրբեջանում վարակման ոչ մի վիճակագրություն չկա։ Կա միայն կառավարության պլան և համապատասխան պրոպագանդա լրատվամիջոցներում։ Սկզբից նրանք խուճապ են սերմանում, հետո ասում են, թե իրավիճակը կայունացել է»։
Ոչ մի փորձագիտական կարծիք այն բանի վերաբերյալ, թե երբ է Ադրբեջանում վարակման մակարդակն իր գագաթնակետին հասնելու և սկսելու նվազել, դեռ չկա։
Այս պահին Ադրբեջանում խիստ կարանտինային ռեժիմ է հայտարարվել․ փակ է մետրոն, այգիները, պուրակները, գրեթե բոլոր առևտրային օբյեկտները, կազմակերպություններն ու ձեռնարկությունները։
Փողոց դուրս գալու համար պետք է տեղեկանք ունենալ աշխատավայրից կամ իշխանությունների sms-թույլտվությունը, որը տրվում է օրական մեկ անգամ երկու ժամով։ 65 տարեկանից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում է դուրս գալ տնից։
Ընդ որում, երկրում մինչև հիմա արտակարգ դրություն չի հայտարարվել, ինչն այդ արգելքներն, ըստ էության, ապօրինի է դարձնում։