Ադրբեջանցի մարզիկները բողոքում են աշխատավարձերի ուշացման դեմ
Ադրբեջանի ըմբշամարտիկների հավաքականի տասնյակ մարզիկներ, որոնց թվում են նաև աշխարհի չեմպիոններ, տարերային ցույց են կազմակերպել Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիայի շենքի դիմաց իրենց աշխատավարձը վճարելու պահանջով:
Ակցիայի մասնակիցները պնդում են, որ նրանց մի քանի ամսվա աշխատավարձն ուշացնում են: Մարզիկները լրագրողներին ասել են, որ երիտասարդության և սպորտի նախարարությունն անտեսում է իրենց պահանջները: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Ռասուլ Չունաևն ասում է, որ արդեն 5 ամիս է, ինչ աշխատավարձ չի ստանում: Չունաևը հայտարարել է, որ չի կարող մրցամարտերի պատրաստվել պայմանների բացակայության պատճառով, թեև աշխարհի հերթական առաջնությանն ընդամենը 3 ամիս է մնացել:
«Մեզնից հաղթանակ են սպասում: Ինչպե՞ս հաղթել այսպիսի պայմաններում: Վերջերս ես վնասվածք եմ ստացել, սպասում էի, որ ինձ վիրահատեն: Չվիրահատեցին: Ես ինքս իմ միջոցներով եմ վիրահատության մեկնել Թուրքիա», — ասել է Չունաևը «Թուրան» գործակալությանը:
Հայտնի մարզիկ Հաջի Ալիևն սատարել է հավաքականի իր գործընկերոջը.«Բանը հասել է նրան, որ որոշ մարզիկներ աշխատանքի են տեղավորվել ավտոմեքենաների լվացման կետում, քանի որ պետք է ինչ-որ կերպ ապրել և ընտանիք պահել: Նախորդ տարի Ռիոյից վերադարձած տղաները մինչև հիմա պարգևավճար չեն ստացել: Մարզիկների բուժզննում չի անցկացվում, նորմալ մարզադահլիճներ չկան»:
Ցուցարարների շարքում էր նաև օլիմպիական չեմպիոն Թորգուլ Ասկերովը, որը վերջերս Թուրքմենստանի հավաքական տեղափոխվելու առաջարկ է ստացել: Աշխատավարձի ուշացման և պաշտոնյաների կողմից ըմբշամարտիկների դրության հանդեպ անտերբերության պատճառով նա, հավանաբար, կհամաձայնի այդ առաջարկին:
Սպորտսմենները սպառնացել են բոյկոտել աշխարհի առաջնությունը, որն անցկացվելու է Փարիզում օգոստոսի 21-ից 26-ը, եթե մինչ այդ ֆեդերացիան չլուծի նրանց ֆինանսական խնդիրները:
Որոշ իշխանամետ լրագրողներ և հանրային գործիչներ դատապարտել են մարզիկների ակցիան: Օրինակ, նախկին լրագրող և խորհրդարանի անդամ Էթիբար Հուսեյնովը բաց նամակ է հրապարակել դժգոհ մարզիկներին: Նա նրանց մեղադրել է հայրենասիրության բացակայության և մերկանտիլիզմի համար:
«Մի՞թե չեմպիոններ դառնալուց առաջ դուք բարձր աշխատավարձեր եք ստացել: Արդյո՞ք այսօրվա հարմարավետ կյանքով եք ապրել: Իսկ ի՞նչ է եղել այժմ, երբ երկիրը սկսել է տնտեսական դժվարություններ զգալ, լեզուներդ բացվե՞լ է: Մի նեղացեք, բայց ես և ինձ պես շատերը ձեր խոսակցությունները գնահատում եմ որպես ապագա անհաջողություններից ապահովագրելու փորձ», — Հուսեյնովի խոսքերն է մեջբերում musavat.com կայքը:
Լրագրողների փորձերը որևէ մեկնաբանություն ստանալ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, Ադրբեջանի հարկերի նախարար Ֆազիլ Մամեդովից, անարդյունք մնացին: