Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1000-ը
Ադրբեջանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 1058 դեպք, հաղորդում է նախարարների կաբինետի ներքո գործող օպերատիվ շտաբը:
11 վարակված մահացել է, 200-ը ապաքինվել են և դուրս գրվել հիվանդանոցից:
Նախարարների կաբինետը վարակման և մահացության այս մակարդակը համարում է ցածր՝ այլ երկրների հետ համեմատած, սակայն գտնում է, որ հարկավոր է ավելի շատ խստացնել ինքնամեկուսացման կանոնները:
- Կորոնավիրուսն ու քաղաքականությունը Ղարաբաղում. նախագահական ընտրությունների երկրորդ փուլն ու դրա այլընտրանքները
- «Հենց դուրս եկա, առաջին հերթին, կնոջս եմ համբուրելու». կարանտինային յոթ պատմություն Վրաստանից
Այս պահին Ադրբեջանում հայտարարված է խիստ կարանտինային ռեժիմ. փակ են մետրոն, այգիները, զբոսայգիները, համարյա բոլոր առևտրի օբյեկտները, ձեռնարկությունները և կազմակերպությունները:
Փողոց դուրս գալու համար հարկավոր է կամ ունենալ աշխատավայրից թուղթ, կամ իշխանություններից SMS-թույլտվություն ստանալ, որը տրվում է միայն օրը մեկ անգամ երկու ժամով:
65-ից բարձր անձանց ընդհանրապես արգելված է դուրս գալ տանից: Միևնույն ժամանակ երկրում մինչ այժմ պաշտոնապես արտակարգ դրություն չի սահմանվել, որը այս բոլոր արգելքները, ըստ էության, դարձնում է անօրինական:
Սակայն պաշտոնյաների խոսքերով՝ քաղաքացիները, միևնույն է, չեն ցանկանում նստել տանը, խախտում են կանոնները և դիմում են տարատեսակ հնարքների, չնայած մեծ տուգանքներին (սկսած 58 դոլարից) և նույնիսկ կալանավորման վտանգին:
Այսպես, ապրիլի 11-ին ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 3 հազար խախտում անողների: Նրանցից 27-ին կալանավորել են վարչական կարգով, իսկ մեկին՝ նույնիսկ քրեական:
Ոստիկանները ստուգում են ոչ միայն անցորդներին, այլև կարող են մտնել ավտոբուս և խնդրել ուղևորներին ներկայացնել թույլտվությունները: Այդպիսի ստուգման ականատես է եղել JAMnews-ի քաղաքական վերլուծաբան Շահին Ռզաևը:
«Գնում եմ ավտոբուսով Հին Սուրահան (Բաքվին մոտ քաղաքամերձ գյուղ): Ավտոբուսը կանգնեցրին, առջևի և հետևի դռներով մտան ոստիկաններ և ներքին զորքերի զինվորներ: «Սալամ ալեյկում», — ասացին, — «Ցույց տվեք ձեր թույլտվությունները»:
Ես այդպիսի բան տեսել եմ կյանքում մեկ անգամ՝ 1993-ի վերջին, երբ ընթանում էր ղարաբաղյան պատերազմը: Այն ժամանակ երթուղայիններում այդպիսի արշավներ էին կազմակերպում և զորակոչային տարիքի երիտասարդ տղաներին ուղիղ այդտեղից ուղարկում էին ճակատ՝ նույնիսկ թույլ չտալով հրաժեշտ տալ տանեցիներին:
Այս անգամ բռնացրին երկու տղայի և մի աղջկա, ովքեր չունեին SMS-թույլտվություններ: Աղջկան գեղեցիկ աչքերի համար բաց թողեցին, իսկ տղաներին տարան մեքենա»:
Կարանտինի ռեժիմը խախտելու մեղադրանքով կալանավորված մարդկանց շարքում արդեն կան մի քանի ընդդիմադիրներ:
Իսկ ապրիլի 10-ի երեկոյան հենց այդ հոդվածով 10 օրով կալանավորվել է երկրի հարավում գտնվող Լենքորան քաղաքի մի բնակիչ, ով արդեն նախկինում խնդիրներ է ունեցել իշխանությունների հետ Facebook-ում իր քննադատական գրառումների պատճառով:
Նարիման Աբդուլաև անունով երիտասարդին, նրա մոր խոսքերով, ոստիկանությունը տարել է անմիջապես տանից: