Ադրբեջանում անցկացվել են երկրի պատմության մեջ «ամենաբուռն» ՏԻՄ ընտրությունները․ ԹԱՐՄԱՑՈՒՄ
Ադրբեջանում դեկտեմբերի 23-ին անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Անկախություն ձեռք բերելուց հետո երկրի հասարակությունն այդ ընտրությունների նկատմամբ առաջին անգամ ինչ-որ հետաքրքրություն ցուցաբերեց, իսկ թեկնածուների թվում են նախկին քաղբանտարկյալներ, ընդդիմադիրներ և ֆեմինիստներ։
• Ինչո՞վ են հետաքրքիր 2019 թ-ի ՏԻՄ ընտրություններն Ադրբեջանում
• Ինչո՞ւ է վրացական ընդդիմությունը սկսել պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցում էր ավելի քան 40 հազար թեկնածու, որոնցից ընտրվելու է ողջ երկրի 1 606 տեղական ինքնակառավարման մարմինների 15 156 անդամ։
22:00
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն Ադրբեջանում ավարտվել են։
Անկախ թեկնածուների դիտորդները հաղորդել են մի քանի ընտրատեղամասերում մի շարք խախտումների մասին։
Խոսքը «կարուսելների», դիտորդների և լրագրողների աշխատանքը խաթարելու մասին է։ Նրանցից ոմանց նույնիսկ փորձել են ոստիկանության միջոցով դուրս բերել ընտրատեղամասերից։
Ընտրողների մասանակցությունը կազմել է 32,72%, հաղորդում է ընտրական հանձնաժողովը։
Ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կլինեն դեկտեմբերի 24-ին։
Արտասովոր ընտրություններ
Առաջին անգամ մունիցիպալ ընտրություններ Ադրբեջանում անցկացվել են 1999 թ-ին, այդ օրվանից դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։
Եվ նախկինում դրանք անցկացվում էին բոլորովին աննկատ։ Երկրի շատ բնակիչներ այդ ընտրություններին չէին մասնակցում։ Անգամ ընդդիմությունն ու լրագրողներն էին ընկալում դրանք որպես ձևականություն։
Սակայն այս տարի՝ դեկտեմբերի 23-ին, ընտրություններն անցկացվում են երկրի ներքաղաքական կյանքի ընդհանուր աշխուժացման և մի քանի անսպասելի իրադարձությունների ֆոնին։
Այդ իրադարձություններից գլխավորը խորհրդարանի ինքնացրումն էր և արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը (դրանք կանցկացվեն 2020 թ-ի փետրվարի 9-ին)։
Բացի այդ, նախորդ երեք ամսում նախագահ Իլհամ Ալիևը տեղափոխություններ էր արել կառավարությունում և աշխատանքից ազատել մի քանի խոշոր և հասարակությունում ոչ պոպուլյար պաշտոնյաների։
Իսկ ՏԻՄ ընտրություններից մեկ շաբաթ առաջ պետանվտանգության վարչությունը ձերբակալել է գործադիր իշխանության երկու ղեկավարի կոռուպցիայի և հափշտակության մեղադրանքով։
Աշնանն Ադրբեջանում բողոքի մի քանի չարտոնված ցույց էր անցկացվել՝ մի քանի տարվա մեջ առաջին անգամ։
Այս ամենը կարծես աշխուժացրել է հասարակությանը։
Ընտրարշավ և առաջին խախտումները
Ընդդիմադիրների և ակտիվիստների շարքից թեկնածուներն ակտիվ արշավ էին վարում Ֆեյսբուքում՝ երիտասարդներին կոչ անելով մասնակցել ընտրություններին և անգամ գրանցվել որպես անկախ դիտորդ։
Դեկտեմբերի 21-ին թեկնածուներից մեկը՝ Վաֆա Նագին, որը շրջաններից մեկում կանանց աշխատանքի տեղավորման համար սոցիալական բիզնեսի հիմնադիր է, ֆեյսբուքյան իր էջում պատմել է տեղական իշխանությունների կողմից ճնշման և սպառնալիքների մասին։ Առիթն այն է եղել, որ Նագին հետաքրքրվել է, թե որքանով է օրինական այն, որ ընտրական հանձնաժողովի կազմում ներառված է ՏԻՄ գործող ղեկավարի զարմիկը։