Ադրբեջանի նոր ռազմական գործողություն Արցախո՞ւմ։ Փորձագետների կարծիքներն իրավիճակի վերաբերյալ
Վերջին շաբաթների ընթացքում իրավիճակն Արցախում ծայրաստիճան լարված է։ Հայկական աղբյուրները հաղորդում են ադրբեջանական կողմից մշտական հրետակոծության մասին, վնասվել է գազատարը, որով գազ է ստացվում Հայաստանից։ Ադրբեջանցի զինվորականներն Արցախի բնակիչներին կոչ են անում լքել իրենց տներն, «այլապես կոչնչացվեն», սոցցանցերում տեղեկություններ են տարածվում Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին։
Ի՞նչ է իրականում կատարվում։ Հակիրճ՝ բոլոր տեղեկությունները, որ ստացվում են երկու կողմերից, ինչպես նաև հայ փորձագետների կարծիքներն այն մասին, թե ինչով է պայմանավորված լարվածությունը, ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները։
- Հայ-ադրբեջանական սրացում․ բոլոր մանրամասները՝ երկու կողմից
- Տեխնիկական խնդի՞ր, թե՞ ադրբեջանական դիվերսիա։ Արցախը զրկվել է գազից
- Հայաստանն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ իրավիճակի գնահատական հայ փորձագետների կողմից
Այն ամենն, ինչ հայտնի է այս պահի դրությամբ
Հայկական կողմը հաղորդում է գազատարի վնասման պատճառով հնարավոր հումանիտար աղետի մասին։ Վնասված է այն հատվածը, որն Արցախյան երկրորդ պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Եվ արդեն մեկ շաբաթ է՝ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել։
Այնինչ՝ Արցախում ցրտեր են, մարդիկ չեն կարողանում ջեռուցել իրենց տները, առանց գազի չեն կարողանում աշխատել հացի գործարանները։ Սակայն միաժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հայկական գյուղերի մոտ ձայնագրություն է միացնում, որը կոչ է անում լքել տներն, այլապես նրանք «կոչնչացվեն»։
Ադրբեջանական Տելեգրամ-ալիքները տեղեկություններ են տարածում Արցախում ադրբեջանական ԶՈւ կողմից հատուկ գործողության անցկացման մասին։ Խոսքը մոտակա օրերին «Ադրբեջանի տարածքից հայկական ծայրահեղական կազմավորումների հարկադիր արտաքսման» մասին է։ Այս առնչությամբ Արցախի բնակիչներին կոչ է արվում լքել իրենց բնակավայրերը՝ սեփական կյանքը փրկելու համար։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություններ է տարածում հայկական կողմից հրետակոծության մասին, «որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»։
Հայկական կողմը հերքում է այս տեղեկությունները՝ պարզաբանելով, որ «այս ապատեղեկատվությունը հրադադարի ռեժիմի սեփական խախտումները քողարկելու փորձ է»։
Միաժամանակ ադրբեջանական սոցցանցերում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը լքել է Արցախը՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվում։
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը երկօրյա այցով Երևան է ժամանել մարտի 14-ին։ Տոյվո Կլաարը Թվիթերի իր էջում գրել է, որ «միջազգային իրավիճակն ավելի լարված է դարձել», և նման իրավիճակում Եվրամիությունն ավելի, քան երբեք սատարում է խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասում։
Արցախից պաշտոնապես փոխանցում են, որ ադրբեջանական սոցցանցերում տարածվող տեղեկություններն, այդ թվում՝ շփման գծում Ադրբեջանի ռազմական տեխնիկայի կուտակման մասին, չեն համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանական Տելեգրամ-ալիքների ողջ տեղեկատվությունը գնահատվում է որպես հայկական բնակչության շրջանում խուճապ առաջացնելու հերթական փորձ։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյան
Տելեգրամ-ալիքներում տարածված լուրերի մասին
«Կարծում եմ՝ չի կարելի բացառել, որ [ադրբեջանցիները] որոշակի սադրանքների կդիմեն, առնվազն տեղեկատվական ֆոնն այդ ամենի համար վերջին օրերի, շաբաթների ընթացքում ապահովել են։
Վերջին սադրանքները՝ Խրամորթի, մյուս գյուղերի մոտակայքում, դրանց թիրախավորումը նպատակ են հետապնդում օգտագործելու ռուս-ուկրաինական պատերազմը և դրա արդյունքում ստեղծված հնարավորությունների պատուհանը գուցե գետնի վրա որոշակի մարտավարական հաջողությունների հասնելու համար։ Ուստի՝ այո, պետք է պատրաստ լինել իրադարձությունների զարգացման բոլոր սցենարներին։
Այդ ամենը Ադրբեջանի երկարաժամկետ ռազմավարության մաս է, որի նպատակը Արցախում բնակվող մարդկանց ահաբեկելն է, նրանց ստիպելը, որ «կամավոր հիմունքներով» լքեն այդ տարածքը»։
Խաղաղապահների «դուրսբերման» մասին
«Այդ տեղեկությունն ակտիվորեն տարածում են ադրբեջանական քարոզչամեքենայի տարբեր ներկայացուցիչներ, ինչպես նաև նրանց աջակիցները Արևմուտքում։
Իմ ունեցած տեղեկություններով՝ դա չի համապատասխանում իրականությանը։ Հնարավոր է՝ նախկինում Արցախում ծառայություն իրականացրած խաղաղապահներից որոշները հիմա գտնվում են Ուկրաինայում, բայց այժմ Արցախում գտնվող խաղաղապահներից ոչ ոք չի ուղարկվել Ուկրաինա»։
Ձեռնարկելիք քայլերի մասին
«Կարծում եմ՝ պետք է տեղյակ պահել ռուսական կողմին տեղի ունեցող սադրանքների մասին, նշել, որ Ադրբեջանը փորձում է օգտագործել Մոսկվայի զբաղվածությունն այլ ուղղություններով, որպեսզի տարատեսակ սադրանքների դիմի։
Պետք է նաև ռազմական առումով պատրաստ լինել, խոսքը Արցախի ՊԲ ստորաբաժանումներին է վերաբերում, որպեսզի հարկ եղած դեպքում հնարավորություն լինի պաշտպանելու սահմանամերձ գյուղերի բնակչությանը, որովհետև միայն ռուս խաղաղապահների վրա հույս դնելն անիմաստ է»։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան
Տելեգրամյան ալիքներում տարածվող ինֆորմացիայի մասին
«Կարծում եմ՝ ադրբեջանական կողմի գործողությունները միտված են հոգեբանական և քաղաքական ճնշման, հոգեբանական ճնշում ռիսկերի գեներացման սպասումներ ձևավորելով՝ առաջին հերթին, հասարակության մոտ խուճապային տրամադրություններ ստեղծելու համար, և այդ կերպ թե Արցախից մարդկանց արտահոսք խթանելու համար, թե նաև քաղաքական ճնշման համար։
Քաղաքական՝ նաև տարբեր այլ հարցեր լուծելու տեսանկյունից, ոչ միայն Հայաստանին որոշակի քաղաքական պայմաններ թելադրելու, այլև, ինչու ոչ, գուցե Ռուսաստանին։
Առայժմ այդ արդյունքին են միտված [Ադրբեջանի] նման գործողությունները [սադրանքները, հայտարարությունները]։ Քիչ հավանական եմ համարում ռազմական գործողությունների միջոցով խնդիրներ լուծելու տարբերակը, թեպետ ոչինչ բացառել, իհարկե, չենք կարող՝ հաշվի առնելով համաշխարհային իրավիճակը։ Պետք է առավելագույնս պատրաստ լինենք նաև այդպիսի ռիսկերի։
Տարբեր փոքր, այսպես ասած, տեղային սադրանքները բոլորովին չեն բացառվում, նույնիսկ շատ հնարավոր են, բայց շատ թե քիչ մասշտաբային, այսպես ասած, «հատուկ գործողություն» շատ քիչ հավանական եմ համարում։ Կրկնեմ՝ հնարավոր չէ բացառել ոչինչ այսօրվա աշխարհում, բայց հավանականությունը քիչ եմ համարում՝ հաշվի առնելով այն, որ դա նշանակելու է կոնֆլիկտ Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով խաղաղապահների ներկայությունը, կամ եթե ՌԴ-ն չի միջամտում, ապա սա լրջագույն քաղաքական հետևանք կարող է ունենալ արդեն հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից։
Չեմ կարծում, որ Ադրբեջանը կգնա այդ մասշտաբի արկածախնդրության։ Հետևաբար, ավելի մեծ եմ համարում հենց այդ նպատակների հավանականությունը՝ հոգեբանական և քաղաքական ճնշում ինչպես Հայաստանի ու արցախահայության վրա, այնպես էլ Ադրբեջանով միջնորդավորված քաղաքական ճնշում ՌԴ վրա»։
Խաղաղապահների «դուրսբերման» մասին
«Ես չեմ կարծում, որ ՌԴ-ն ունի այդպիսի խնդիր՝ խաղաղապահներին տեղափոխելու Ուկրաինա․ ռուսական բանակը «չի ավարտվել», որ կարիք լինի Արցախում տեղակայված խաղաղապահներին տեղափոխել։
Եթե ավելի մեծ մասշտաբով դիտարկենք, քաղաքական խաղի տրամաբանությունը Ռուսաստանին բերելու է Կովկասում իր դիրքերի ամրությունը պահելուն, որովհետև եթե այստեղ նա զիջում է իր դիրքերը, չեմ կարծում, թե Ուկրաինայում ի վիճակի է լինելու որևէ հարց լուծել՝ առնվազն այն տրամաբանության շրջանակում, որ հայտարարում կամ ազդարարում է։ Հետևաբար, այստեղ էլ ադրբեջանական տիրույթից պարզապես քարոզչական ներգործության, ազդեցության փորձ է արվում»։
Ձեռնարկելիք քայլերի մասին
«Նախ պետք է փորձել առավելագույնս ազդարարել միջազգային կառույցներում, Մինսկի խմբի համանախագահ երկրներում, առաջին հերթին, հումանիտար խնդիրների ռիսկը և արդեն իսկ առկա իրողությունը, որ Արցախը զրկված է գազամատակարարումից, և այս հումանիտար խնդիրը պետք է լինի միջազգային կառույցների և միջազգային դերակատարների ուշադրության կենտրոնում։
Պետք է փորձել Մինսկի խմբի համանախագահների [խոսում է Ֆրանսիայի, ԱՄՆ և Ռուսաստանի մասին, նրանց համանախագահությամբ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ձևաչափը գործում էր մինչև 2020 թ-ին Արցախյան երկրորդ պատերազմը] որոշակի ակտիվություն խթանել այս ուղղությամբ։ Հասկանալի է, որ հիմա բոլորը զբաղված են Ուկրաինայով և չափազանց բարդ է այդ ուշադրությունը կենտրոնացնել Արցախի ուղղությամբ, բայց աշխատանքը պետք է տարվի այս տրամաբանությամբ և այս կոնտեքստում։
Միևնույն ժամանակ, իհարկե, մենք պետք է առավելագույնն անենք որևէ մասշտաբի ռազմական գործողության դիմակայելու կարողության տեսանկյունից։ Սա պետք է լինի զսպման էֆեկտիվ մեխանիզմներից մեկը կամ պաշտպանության էֆեկտիվ մեխանիզմներից, եթե Ադրբեջանը դիմի որևէ մասշտաբի ռազմական սադրանքի՝ որքան էլ մենք մասշտաբային սադրանքը համարենք քիչ հավանական»։