Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել բլոգեր Լապշինին
Կիսվել
Կիսվել
photo livejournal.com
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին բլոգեր-ճանապարհորդող Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին հրաման է ստորագրել, որին Բաքվի դատարանը դատապարտել էր պետական սահմանը խախտելու և Լեռնային Ղարաբաղ ապօրինի այցելելու համար:
«Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը (1976 թ-ի ծնված), որն ազատազրկման էր դատապարտվել, ազատ է արձակվում պատիժը կրելուց», — ասված է պետության ղեկավարի հրամանում, որը հրապարակված է նրա պաշտոնական կայքում:
Հատկանշական է, որ հրամանում չի նշվում Լապշինի երկրորդ քաղաքացիությունը (Ռուսաստան):
Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հուլիսի 20-ին բլոգերին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ՝ նա պետք է պատիժը կրեր ընդհանուր ռեժիմի բանտում: Լապշինը չէր բողոքարկել դատավճիռը, սակայն հայտարարել էր Իսրայել տեղափոխվելու մտադրության մասին: Իսրայելի կողմից արտահանձնման մասին որևէ առաջարկ չէր ստացվել:
Իր վերջին խոսքում դատարանում Լապշինն ասել էր, որ զղջում է, որ իր արարքով ցավ է պատճառել Ղարաբաղից եկած փախստականներին, սակայն միաժամանակ նշել, որ իր այցելությունը զուտ զբոսաշրջային բնույթ էր կրում և քաղաքական ենթատեքստ չուներ: Այդ պատճառով էլ նա համարում է, որ միայն բարոյական պատասխանատվություն է կրում, այլ ոչ թե իրավաբանական:
Լապշինին ձերբակալել են 2016թ-ի դեկտեմբերի 16-ին Մինսկում Ադրբեջանի պահանջով, քանի որ նա «սև ցուցակում» էր հայտնվել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցնելու այդ որոշումը: Այդպիսի անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է: Փետրվարի 7-ին բլոգերը տեղափոխվել էր Բաքու հատուկ չվերթով:
Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերի քննչական վարչությունը քրեական գործ էր հարուցել բլոգերի դեմ սկզբում Ադրբեջանի քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ բազմաթիվ հրապարակային կոչեր, որոնք ուղղված են պետության դեմ, և Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում: Սակայն դատարանը նրան մեղավոր ճանաչեց երկրորդ, ավելի մեղմ հոդվածով և դատապարտեց երեք տարվա ազատազրկման: