Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պաշտպանո՞ւմ է սոցցանցային գրառումների ազատությունը
ԶԼՄ-ներին նվիրված համաժողով Ադրբեջանի գլխավոր դատախազությունում
Ադրբեջանի գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված «սոցիալական ցանցերի ազդեցության մեծացման պայմաններում հասարակության տեղեկատվական անվտանգության ապահովմանը»։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում սոցցանցերի չորս օգտատերեր հրավիրվել են դատախազություն, որտեղ նրանց հետ կանխարգելիչ զրույց են վարել ու նախազգուշացում արել։ Փորձագետի կարծիքով՝ նման քայլերը մտավախություն են առաջացնում ինտերնետի ազատության, սոցիալական ցանցերի զարգացման և երկրում խոսքի ազատության համար։
Գլխավոր դատախազության հրավիրած համաժողովը
Ադրբեջանի գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել «Լրատվամիջոցների ազատություն և հասարակության տեղեկատվական անվտանգության ապահովում՝ սոցիալական ցանցերի ազդեցության մեծացման պայմաններում» խորագրով համաժողով։ Ինչպես հայտարարել են կազմակերպիչները, միջոցառումը նվիրված էր ԶԼՄ-ների ոլորտում վերջերս արձանագրված օրենսդրական խախտումներին։
Գլխավոր դատախազ Քամրան Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանում ստեղծվել են պայմաններ լրատվամիջոցների զարգացման համար։ Նրա խոսքով՝ դատախազությունը կտրուկ միջոցներ է ձեռնարկում մամուլում կամ սոցիալական ցանցերում ազգային անվտանգությանը վնասող, պաշտպանունակությունը թուլացնող, քաղաքացիների իրավունքները ոտնահարող կոչերի կամ նյութերի հայտնվելու դեպքում։ Այս մասին հաղորդում է Turan գործակալությունը։
Դատախազության ներկայացուցիչ Էլնուր Մուսաևը հայտնել է, որ երբ հրապարակվում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, դատախազությունը միջոցներ է ձեռնարկում։
Համաժողովին հրավիրված են եղել իշխանությունների հետ աշխատող ՀԿ-ների, ինչպես նաև իշխանամետ և պաշտոնական մամուլի ներկայացուցիչներ։ Աղբյուրը նշում է, որ համաժողովին չեն հրավիրվել անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներ և մեդիափորձագետներ։
Գլխավոր դատախազի ելույթից հետո հրավիրված լրագրողներին խնդրել են հեռանալ։ Հետո միայն երկու իշխանամետ հեռուստաընկերության են ներս թողել։ Այսպիսով, մամուլի ազատությանը նվիրված համաժողովի ընթացքում անհնար է եղել հարց հնչեցնել, մեկնաբանություն ստանալ կամ ինչ-որ բան ճշտել։
Վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանում սոցցանցերի չորս օգտատերեր կանչվել են դատախազություն՝ կանխարգելիչ զրույցի համար։ Նրանք բոլորը ստացել են պաշտոնական նախազգուշացում։
«Սահմանադրության երկու հոդված է խախտվել»
«Պետական կառույցների գործողությունները ԶԼՄ-ների հանդեպ վարվող քաղաքականության ոլորտում հասել են ապշելու աստիճանի»,- ասում է մեդիափորձագետ Ալեսքեր Ահմեդօղլուն։
«Գլխավոր դատախազությունը համաժողով է անցկացնում հասարակության տեղեկատվական անվտանգության ապահովման վերաբերյալ։ Առաջին հայացքից կարելի էր մտածել, թե սա կեղծ լուր է։ Որովհետև Գլխավոր դատախազությանը վերաբերող ոչ մի օրենք կամ հրաման նրան չի տալիս իրավասություն՝ զբաղվելու մամուլի ազատության և լրագրողական պրոֆեսիոնալիզմի հարցերով։
Սակայն լուրը կեղծ չէ: Գլխավոր դատախազությունն այլևս ոչ միայն հանդես է գալիս որպես լրատվամիջոցների ազատությունը և լրագրողական էթիկան վերահսկող կառույց, այլև համաժողով է անցկացնում այդ թեմաներով։
Ավելին, նախագահի հրամանով և «լրատվամիջոցներում բարեփոխումները խորացնելու» նպատակով ստեղծված MEDIA գործակալությունը, ինչպես նաև Մամուլի խորհուրդը, որը ստանձնել է ԶԼՄ-ների էթիկական և մասնագիտական ինքնակարգավորման գործառույթները, ներկա են եղել այդ համաժողովին՝ ասես ոչինչ էլ չի եղել և չեն կարողացել ասել. «Հարգելի դատախազություն, այս ոլորտում կարգավորողի գործառույթներն ինձ են վստահված նախագահի հրամանով, մի միջամտեք»։
Տարածված լուրերից պարզ է դառնում նաև, որ դատախազությունը, խոսելով մամուլի ազատության, լրագրողական պրոֆեսիոնալիզմի մասին, խախտում է սահմանադրության 25-րդ և 50-րդ հոդվածները, որոնց պետք է հետևեն բոլորը, թույլ է տալիս խտրականություն, լրագրողներին բաժանում է ընկերների և թշնամիների, որոշները ներկա են միջոցառմանը, մյուսները՝ վտարված»,- գրել է Ահմեդօղլուն իր ֆեյսբուքյան էջում։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից 2002 թվականին հրապարակված ԶԼՄ-ների ազատության ինդեքսի համաձայն՝ Ադրբեջանը 154-րդն է աշխարհի 180 երկրների մեջ։
Սա ամենավատ արդյունքն է Հարավային Կովկասի երկրների շարքում։ Հայաստանը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 51-րդ տեղը, իսկ Վրաստանը՝ 89-րդը։
«Այդ քայլերը վտանգներ են ստեղծում ինտերնետի ազատության համար»
«Ինչի՞ կարող է հանգեցնել վերջին շրջանում գլխավոր դատախազության ավելորդ ուշադրությունը սոցցանցերի օգտատերերին»,- հարցնում է սոցցանցերի և ինտերնետի փորձագետ Օսման Գյունդուզը.
«Այսօր տեղեկացա, որ Գլխավոր դատախազությունը համաժողով է անցկացրել՝ նվիրված ԶԼՄ-ների ազատությանը և հասարակության տեղեկատվական անվտանգությանը՝ սոցցանցերի աճող ազդեցության պայմաններում։ Մինչ այս Գլխավոր դատախազությունը, հիմք ընդունելով «Լրատվամիջոցների մասին» նոր օրենքը, նախազգուշացումներ է արել լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին։
Իսկ ավելի վաղ դատախազության մարմինները պահանջներ էին ներկայացրել սոցցանցերի օգտատերերի հրապարակած տեղեկատվության բովանդակության վերաբերյալ։
Ըստ ամենայնի, վերջին շրջանում գլխավոր դատախազությունը խիստ հսկողության տակ է պահում սոցցանցերի օգտատերերին։
Իհարկե, անընդունելի է սոցցանցերի օգտագործումն անօրինական նպատակներով։ Բայց այս ոլորտում օրենսդրությունը բավականին զարգացած է, և գործում են համապատասխան կարգավորումներ։
Նկատելի է նաև, որ այդ քայլերը ռիսկեր են ստեղծում ինտերնետի ազատության, սոցիալական մեդիայի զարգացման, խոսքի ազատության համար։
Կարծում եմ, որ այս ուղղությամբ գլխավոր դատախազության ինտենսիվ գործողությունները վերջին շրջանում ստացել են լրատվամիջոցների, հատկապես սոցիալական ցանցերի հանդեպ վերահսկողության տեսք, և դա վտանգավոր միտում է»,- նկատել է փորձագետը։
Նրա կարծիքով՝ սոցիալական ցանցերի նկատմամբ դատախազության ավելորդ ուշադրությունը հակասում է սոցիալական ցանցերի բուն էությանը.
«Սոցիալական մեդիան ոչ միայն տեղեկատվության աղբյուր և դրա փոխանցման միջոց է, այլև լայն հարթակ։ Երկրի նախագահը բազմիցս ընդգծել է հանրային վերահսկողության կարևորությունը։ Իսկ ներկա պահին հանրային վերահսկողության ամենամեծ հարթակը հենց սոցիալական մեդիան է»։
ԶԼՄ-ներին նվիրված համաժողով Ադրբեջանի գլխավոր դատախազությունում