Ադրբեջանի խորհրդարանում հաշվել են, թե ինչ գումարով կարելի է մեկ ամիս ապրել
Ադրբեջանում հաստատվել է 2019թ-ի կենսաապահովման նվազագույն բյուջեն, նվազագույն աշխատավարձի չափն ու կարիքավորության չափանիշը։ Այս բոլոր գումարներն ավելացել են մի քանի մանաթով, և այժմ կենսաապահովման նվազագույն բյուջեն կազմում է 180 մանաթ (մոտ 106 դոլար), իսկ նվազագույն աշխատավարձն ու կարիքավորության չափանիշը՝ 143 մանաթ (85 դոլար)։
Այսինքն՝ Ադրբեջանում նվազագույն աշխատավարձն ու կարիքավորության չափանիշը կենսաապահովման նվազագույն բյուջեից ցածր է։ Միջազգային պրակտիկայի համաձայն՝ այդպես չպետք է լինի։ Սակայն Ադրբեջանի կառավարությունը նշում է, որ միջոցներ չունի դրանք հավասարեցնելու։
Այդ ի՞նչ գումարներ են
Կենսաապահովման նվազագույն բյուջեն այն նվազագույն գումարն է, որը մարդուն ամսական անհրաժեշտ է՝ նորմալ սնվելու և այլ տարրական պահանջմունքներ բավարարելու համար։ Այլ կերպ ասած՝ սպառողական զամբյուղի արժեքը՝ հաշվի առնելով այս տարվա գները։
Նվազագույն աշխատավարձն այն վճարն է, որից պակաս չի կարելի ամսական վճարել 8-ժամյա աշխատանքային օր ունեցող աշխատակցին։ Այդ գումարը համընկնում է կարիքավորության չափանիշի հետ․ այսինքն՝ այս նվազագույն գումարից ցածր ամսական եկամուտ ունեցող մարդիկ պետք է պետությունից նպաստ ստանան։
• Ի՞նչ է տեղի ունեցել Ադրբեջանի բյուջեի հետ 2018թ-ին
• Ո՞վ, ինչպե՞ս և ինչո՞ւ է մարել վրացիների վարկային պարտքերը
Կենսաապահովման նվազագույն բյուջեի և նվազագույն աշխատավարձի չափը, հետևաբար նաև՝ կարիքավորության չափանիշը յուրաքանչյուր տարի որոշում է ադրբեջանական կառավարությունն ու ամեն անգամ այն մի փոքր ավելանում է։
Այսպես՝ 2014-2018թթ-ին կենսաապահովման նվազագուն բյուջեն աճել է 48 մանաթով ։ 2014թ-ին այն կազմում էր 125 մանաթ , իսկ 2018թ-ին հասել 173 մանաթի ։ Ընդ որում, 2015 թ-ին երկու արժեզրկում է տեղի ունեցել, և մանաթը գրեթե կրկնակի էժանացել է։
Այդ ամենը բավարա՞ր է
Սոցցանցերի մեկնաբանությունները․
«Նրան է պետք ստիպել ամսական 143 մանաթով ապրել»․
«Այսպիսի պատգամավորներ ունենաս, թշնամի էլ պետք չէ»․
«Հայհոյանքից բացի ուրիշ ոչինչ մտքիս չի գալիս»։
Այսպիսի արձագանք է ստացել պատգամավոր Հադի Ռաջաբլիի հայտարարությունն այն մասին, որ 143 մանաթը լիովին բավարար է մեկ ամիս ապրելու համար։
Ավելի շոշափելի դարձնելու համար այս գումարն ապրանքի վերածենք։ Ադրբեջանում 84 դոլարով կարելի է, օրինակ, մի-երկու տաք սվիտր գնել։ Կամ տավարի մոտ 14 կգ միս՝ ոսկորով։