Այն ամենն, ինչ պետք է իմանալ Վրաստանում վարկերի «զրոյացման» նոր ծրագրի մասին " />

Արդյո՞ք վրացի միլիարդատերը կվճարի քաղաքացիների պարտքերը

Այն ամենն, ինչ պետք է իմանալ Վրաստանում վարկերի «զրոյացման» նոր ծրագրի մասին

Նոյեմբերի 19-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ներկայացրել է կառավարության նոր նախաձեռնությունը, որը նախատեսում է 600 հազար քաղաքացիների պարտքերի մարում, որոնք բանկերի «սև ցուցակներում» են: Ընդհանուր առմամբ պարտքի գումարը կազմում է 1,5 մլրդ լարի (մոտ 560 մլն դոլար): Ենթադրվում է, որ պարտքերը կմարվեն մինչև տարեվերջ. դա տեղի կունենա «Քարթու» հիմնադրամի միջոցով, որը պատկանում է «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին:

Ո՞ւմ պարտքերն են մարվելու և ինչպե՞ս

1)Կմարվեն միայն ֆիզիկական անձանց պարտքերը

2)Վարկի գումարը չպետք է գերազանքի 2 հազար լարին (մոտ 750 դոլար)

3)Կմարվեն միայն նրանց պարտքերն, ովքեր վճարում չեն կատարել մեկ տարվա ընթացքում

•Նոյեմբերի 28-ին Վրաստանը նախագահ է ընտրելու: Այն ամենն, ինչ պետք է իմանալ այս ընտրությունների մասին

•Ինչու են վրացի քաղաքական գործիչները պայքարում բանկերի դեմ

4) Ծրագիրը չի վերաբերում գրավով ապահովված վարկերին (լոմբարդներ, հիփոթեք և այլն)

5) Ծրագիրը վերաբերում է միայն այն բանկերի և միկրոֆինանսական կազմակերպությունների հաճախորդներին, որոնք համաձայնել են մասնակցել դրան: Իշխանություններն ու «Քարթու» հիմնադրամը չեն կարողացել պայմանավորվածության գալ առցանց վարկերի Vivus.ge ամենախոշոր ընկերության հետ. այսպիսով՝ վերջինիս հաճախորդները դեռ չեն կարող պարտքերի մարման հույս ունենալ:

6)Բոլոր չափանիշների բավարարման դեպքում «կզրոյացվեն» բոլոր վարկերը: Ասենք, եթե քաղաքացիներից մեկն ունի 50 լարի արժողությամբ 4 վարկ, բոլոր չորսն էլ կմարվեն:

Դա չի նշանակում, որ տվյալ վարկառուին կհանեն «սև ցուցակից» և նա կրկին մաքուր վարկային պատմություն կունենա: Չնայած վարկերի «զրոյացմանը»՝ բանկերի տվյալների բազայում դրանց մասին տեղեկատվությունը կպահպանվի 5 տարի, և այն հասանելի կլինի ֆինանսական բոլոր ինստիտուտներին: Հետևաբար, այդպիսի հաճախորդների համար դժվար կլինի նոր վարկ ստանալ:

•Վրաստանում յուրաքանչյուր հինգերորդ ընտանիքում ուտելիք պատրաստվում է պարտքով գնված մթերքից

•Վրաստանի բնակիչներն աղքատացել են

•Վրաստանի նախագահի ընտրություններին մեկ ամսից պակաս ժամանակ է մնացել. առաջնորդը բնակչությունից ևս մեկ շանս է խնդրում

Միաժամանակ ծրագրի գլխավոր առավելություններից մեկն այն է, որ պարտք ունեցողներն այսուհետ կարող են աշխատել այնպիսի ընկերություններում, որոնք աշխատավարձը բանկային քարտով են փոխանցում: Բանկն այլևս այդ գումարները չի գանձի որպես չվճարված վարկերի պարտք:

Դեկտեմբերի 3-ին կգործարկվի ֆինանսների նախարարության հատուկ կայքէջը, որտեղ հնարավոր կլինի ստուգել սեփական վարկային պատմությունն ու ավելի շատ տեղեկատվություն ստանալ պարտքերի զրոյացման ծրագրի մասին:

Ինչո՞ւ են պարտքերը մարվում: Իշխանությունների փաստարկները

Այսպես կոչված «հավելուրդային պարտքերի» դեմ պայքարը դարձել է գլխավոր փաստարկ, որը ներկայացրել է վարչապետը նոր ծրագրի մասին հայտարարելիս: Ենթադրվում են այն պարտքերը, որոնք քաղաքացիները չեն կարողանում վճարել, ինչի պատճառով էլ վատթարանում է նրանց ֆինանսական դրությունը, բնակարանային պայմաններն, ու նրանք չեն կարող լիարժեք կերպով մասնակցել  տնտեսական կյանքին:

Վերջերս իշխանությունները հաճախ են խոսում այն մասին, որ Վրաստանի բնակչությունը շատ մեծ պարտքեր է կուտակել, իսկ դրա համար պատասխանատվությունը դնում են բանկերի վրա, որոնք իբր մեծ տոկոսադրույքով «անպատասխանատու շատ» վարկեր են բաժանում: Դրա դեմ կառավարությունը փորձում է պայքարել՝ նոր կարգավորումներ մտցնելով, որոնք սահմանափակում են վարկերի տրամադրումը: Մասնավորապես, բանկերից պահանջվելու է ավելի մանրազնին ստուգել հաճախորդների ֆինանսական ապահովվածությունը:

Նոր կանոնները պետք է ուժի մեջ մտնեին նոյեմբերի 1-ին, սակայն հետաձգվեցին մինչև ենթադրաբար հաջորդ տարի:

Աղքատություն

Այն մասին, որ Վրաստանում աղքատության աճի պատճառներից մեկը «հավելուրդային պարտքն» է, դեռ գարնանը մեծ քաղաքականություն վերադառնալուց հետո հայտարարել էր «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին:

Վարչապետ Բախտաձեն նշել է նաև, որ ռուսական օկուպացիայից հետո Վրաստանում թիվ երկու խնդիրն աղքատությունն է, որի հաղթահարմանը կօգնի պարտքերի «զրոյացումը»:

Նա նշել է, որ ծրագրի մեջ ընդգրկված անձանցից 150 հազարը սոցիալապես անապահով մարդիկ են:

ՄԱԿ UNICEF մանկական հիմնադրամի հետազոտության համաձայն՝ Վրաստանի բնակչության 21.7 տոկոսն ապրում է աղքատության մեջ, այդ թվում՝ երեխաների 27.6%-ը և թոշակառուների 17.6%-ը:

 

Հետազոտության մեջ նշվում է, որ 2015-2017թթ-ին Վրաստանում աղքատության ցուցանիշն աճել է երկու տոկոսով:

 

«Օքսֆամ» միջազգային կազմակերպության հետազոտության համաձայն՝ Վրաստանի բնակչության կեսից ավելին սնվելու փողի պակաս ունի, իսկ յուրաքանչյուր հինգերորդ ընտանիք պարտքով մթերք է գնում:

Ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին պնդում է, որ պարտքերի «զրոյացումը» նոր վարկերի տրամադրման սահմանափակման հետ միասին կօգնի նվազեցնել աղքատությունը:

Ինչի՞ համար է վճարում Իվանիշվիլին

Գործարքում կենտրոնական դեր է խաղում «Քարթու» հիմնադրամը, որը պատկանում է Բիձինա Իվանիշվիլիին: Ֆինանսական ինստիտուտի հետ բանակցությունները վարել է կառավարությունն, իսկ բանկերին հիմնադրամը կվճարի սեփական միջոցներից:

Կառավարության ներկայացուցիչներն առանձնահատուկ կերպով ընդգծել են «Վրացական երազանքի» առաջնորդի դերը, որը ղեկավարվել է բարեգործության սկզբունքներով:

Միաժամանակ ընդդիմությունն ու հասարակական կազմակերպությունները դրանում քաղաքական դրդապատճառ են տեսնում:

Իսկ տնտեսագետները նշում են, որ այսպես կոչված «անհույս վարկերի» մասնաբաժնում հենց Իվանիշվիլիի «Քարթու» բանկն է առաջատարը վրացական բանկերի շրջանում. դրա 815 մլն լարի վարկային պորտֆելի 35 տոկոսը հենց անհույս պարտքերն են: Այնպես որ, Իվանիշվիլիի բանկը հենց ինքն է ծրագրի ամենախոշոր շահառուն:

«Մենք էլ ավելի մեծ սև ցուցակ կստանանք». փորձագետների կարծիքը

Կառավարության նախաձեռնությանը քննադատորեն են մոտենում նաև շատ փորձագետներ: Փորձագետ Գիա Խուխաշվիլին նշել է, որ այդ ակցիան կխթանի «անպատասխանատվության համախտանիշը»:

«Մենք էլ ավելի մեծ սև ցուցակ կունենանք: Մարդիկ, ում պարտքերը վճարվեն, միանգամից կվազեն՝ նոր վարկեր վերցնելու, իսկ ազնիվ վճարողները խթան կստանան դադարել վճարել և սպասել հերթական քաղաքական ճգնաժամին: Այդ ամենը շատ է վնասում տնտեսությանն», – ասում է Խուխաշվիլին:

Տնտեսագետ Զվիադ Խորգուաշվիլին կարծում է, որ մասնակցությունն Իվանիշվիլիի հիմնադրամի ծրագրին նախընտրական պոպուլիստական հնարք է, և վերջնական արդյունքում այդ պարտքերը բեռ կդառնան պետության և բյուջեի վրա:

«Իրականում բոլորը լավ գիտեն, որ Իվանիշվիլին իր գրպանից ոչ մի ցենտ չի վճարելու: Նա այդպիսի բան դեռ երբեք չի արել: Հավանականությունը մեծ է, որ ծախսված գումարները ստիպված կլինի փոխհատուցել մանսավոր բիզնեսը կամ պետբյուջեն»:

«Դա կաշառք է ընտրողներին»

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից 9 օր առաջ հայտարարել, որ 600 հազար քաղաքացու պարտքերը ներվելու են, օրենքի կոպիտ խախտում է, կարծում են հասարակական կազմակերպությունները:

«Պարտքերը մարելու հետ կապված նախաձեռնությունը, հնարավոր է, ընտրողներին կաշառելու աննախադեպ մասշտաբների փորձ է», – ասված է երեք ամենաազդեցիկ հասարակական կազմակերպությունների հայտարարությունում՝ «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա», «Միջազգային թափանցիկություն-Վրաստան», «Արդար ընտրություններ»:

Հոկտեմբերի 28-ին Վրաստանում անցկացվել է նախագահական ընտրությունների առաջին փուլը: Երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 28-ին:

Առաջին փուլում իշխանամետ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է 38.64 տոկոս ձայն, նրա մրցակիցն ու ընդդիմության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն՝ 37.73 տոկոս:

Պարտքերը մարելու ծրագիրը «կեղծ խոստում» և «կաշառելու դասական օրինակ» է անվանել  ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գիգա Բոկերիան:

«Գլխավորն այն է, որ Իվանիշվիլին, ինչպես և 2012թ-ին (երբ նրա կուսակցությունն իշխանության եկավ), խաբում է ժողովրդին և ասում, որ աղքատությունը կհաղթահարի: Իրականում նրա բոլոր քայլերն ու քաղաքականությունը միայն կխորացնեն այն», – կարծում է Բոկերիան:

Գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միասնական ազգային շարժումը», որի թեկնածուն մասնակցում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, ասում է, որ կառավարությունը «գողացել է» իր պլանը, քանի որ պարտքերի մարումը ՄԱՇ նախընտրական խոստումն էր:

Միաժամաակ Վաշաձեի շտաբում հայտարարում են, որ իշխանության խոստումները մշուշոտ են և միտված են միայն ընտրողներին գրավելուն:

Քաղաքագետ Գիա Նոդիան ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ իշխանություններն այդ քայլին են գնացել միայն այն պատճառով, որ իրենց թեկնածուն պարտվել է առաջին փուլում, և այժմ «Վրացական երազանքը» փորձում է դիրքերը չզիջել:

«Պետք է լավն էլ տեսնել. շնորհավորենք 600 հազար այն անձանց, որոնք ազատվել են այդ ծանր բեռից: Շնորհավորենք երկրին, քանի որ այդ բեռը բյուջեի վրա չի ընկել: Շնորհավորենք տնտեսությանը, որի համար թերևս օգտակար կլինի ավելորդ պարտքերի խնդրի լուծումը (թեկուզև ժամանակավորապես): Եզրակացություն անենք. միլիարդատեր Իվանիշվիլին մարդկանց օգնելու համար փող է ծախսում միայն այն ժամանակ, երբ իր օգտին չեն քվեարկում: Քանի դեռ նրա օգտին քվեարկում էին (կամ նա հույս ուներ, որ քվեարկում են), նա ոչինչ չէր ծախսում: Եվս մեկ անգամ կրկնենք. եթե դուք նրա օգտին քվեարկեիք առաջին փուլում, պարտքերը չէին զրոյացվի: Զրոյացվել են, որովհետև դուք չեք քվեարկել [նրա թեկնածուի օգտին]: Հաշվի առեք սա ապագայի համար»:

Իսկ իշխանության ներկայացուցիչները միաձայն պնդում են, որ պարտքերի մարումը «բոլորովին պատահականորեն համընկել է» ընտրությունների երկրորդ փուլի հետ, իսկ ծրագիրը նախապես է ծրագրված եղել:


Կարդալ ավելին JAMnews-ում