«Ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի տարածքը»․ Ֆրանսիայի նախագահ
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա կայացել է հունիսի 1-ին՝ նրա ծննդյան օրը։ Փորձագետները կարծում են, որ այս այցը, հնարավոր է, Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը գոնե որոշ չափով հավասարակշռելու փորձ է։
Էմանուել Մակրոնը դեռևս բանակցությունների մեկնարկից առաջ՝ Փաշինյանի հետ համատեղ հրապարակային ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է օգնել Հայաստանին շատ հարցերում։ Այդ թվում՝ նա խոսել է ռազմագերիների ազատագրման մասին, որոնք դեռևս Ադրբեջանում են գտնվում Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո։
Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Հայաստանն անվտանգության ճգնաժամի է բախվել։ Մակրոնը հայտարարել է, որ ադրբեջանական զորքերը, որոնք մայիսի 12-ից ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, պետք է լքեն այն, «կողմերը պետք է վերադառնան մայիսի 11-ի դրությամբ եղած ելման դիրքեր»։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը խոսել էր նաև Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորության մասին։
Սակայն Փարիզում Փաշինյանի հետ հանդիպմանը Մակրոնը հայտարարել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության զարգացմանը նպաստելու մտադրության մասին։
- Ինչո՞ւ է Հայաստանի արտգործնախարարը լքել պաշտոնը․ Արա Այվազյանի պարզաբանումը
- Երևան-Բաքու-Մոսկվա աշխատանքային խումբը կասեցրել է աշխատանքը․ պատճառների մասին
Մակրոն-Փաշինյան հանդիպման մանրամասները
Էմանուել Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին, մտադիր է անել ամեն ինչ՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա լարվածությունը հաղթահարելու ուղղությամբ։
Նա ընդգծել է, որ «[Հայաստանի և Ադրբեջանի] սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների առնչությամբ սահմանագծումը պետք է իրականացվի բանակցությունների միջոցով և առանց ուժի կիրառման»։
Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանի համար Ֆրանսիայի ավանդական կարևոր դերի մասին․
«Հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը մշտապես զգացել է Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի անձնական աջակցությունը: Շատ կարևոր հանգամանք եմ ուզում ընդգծել, որ նախագահ Մակրոնը մեր տարածաշրջանում ճգնաժամի մեկնարկի առաջին օրից խոսել է ճշմարտության լեզվով, և այդ ձայնը լսելի է եղել ամբողջ աշխարհում: Սա շատ կարևոր է մեզ համար: Ուզում եմ ընդգծել, որ Ֆրանսիան և նախագահ Մակրոնն այդ հանձնառությունը շարունակում է, և սա չափազանց կարևոր է մեր տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու առումով»։
Բանակցությունների ժամանակ քննարկվել են նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հարցեր։
Հանդիպում խորհրդարանում
«Ֆրանսիան Հայաստանի կողքին է, խնդրում եմ մեր ուղերձը փոխանցեք հայ ժողովրդին: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Հայաստանում հաստատվի կայունություն և բարեկեցություն: Դուք միշտ ապավինել եք մեզ և կարող եք ներկայում ու ապագայում ևս ապավինել մեզ», — հայտարարել է Ֆրանսիայի խորհրդարանի նախագահ Ռիշար Ֆերանը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:
Ֆերանի խոսքով՝ Ֆրանսիան ուշադրության կենտրոնում է պահում Հարավային Կովկասում կատարվող գործընթացները։ Նա նաև ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը, Ադրբեջանում պահվող ռազմագերիների շուտափույթ վերադարձի ապահովման, Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման և այդ գործընթացում ՅՈւՆԵՍԿՕ-ի ներգրավման անհրաժեշտությունը։
Նիկոլ Փաշինյանն այստեղ էլ է խոսել այն մասին, որ Հայաստանն այս ճգնաժամային իրավիճակում մշտապես զգացել է Ֆրանսիայի աջակցությունը․
«Խոսքը միայն քաղաքական գործիչների մասին չէ, ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանում սոցհարցում էր եղել, և հարցին, թե որ երկրին եք համարում Հայաստանի բարեկամ, հարցվածների գերակշիռ մասը պատասխանել է՝ Ֆրանսիային: Բնականաբար, մենք շահագրգռված ենք, որ Ֆրանսիան ավելի մեծ ներկայություն ունենա Հայաստանում»։
Արցախյան հակամարտության կարգավորման մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այդ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերի կարևորությունը։ Նա նշել է Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևերի կարևորությունը։
2020 թ-ի նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի սենատը բանաձև է ընդունել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին»։ Դրանում կոչ կա Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի անկախությունը՝ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման նպատակով։ Բանաձևում դատապարտվում է նաև Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանության աջակցությամբ։ Սակայն բանաձևն իրավաբանորեն խորհրդատվական բնույթ էր կրում, այսինքն՝ կառավարությունը կարող էր այն ի գիտություն ընդունել և չկատարել։
Կարծիք
Քաղաքական մեկնաբան Նաիրա Հայրումյանը JAMnews-ին ներկայացրել է իր տեսակետն այն մասին, թե ինչ է նշանակում Փաշինյանի այցը Ֆրանսիա Հայաստանում տիրող ճգնաժամի փուլում․
«Փաշինյանի այցը կարող է կապված լինել Հայաստանում Ռուսաստանի աճող ազդեցությունը գոնե որոշ չափով հավասարակշռելու փորձի հետ։ Փաշինյանը հասկանում է, որ եթե «արևմտյան այլընտրանքի» տեսքով հակակշիռ չստեղծվի, Հայաստանը կարող է Բելառուսից արագ հայտնվել Միութենական պետությունում։ Դրա համար Հայաստանում կան արդեն բոլոր նախադրյալները՝ բանակի, սահմանների մեծ մասի նկատմամբ Ռուսաստանի լիակատար վերահսկողությունը, ինչպես նաև Երևանի քաղաքական որոշումների վրա ուղղակի ազդեցությունը։
Ռուսաստանի սաստիկ ճնշումը կասեցնելու նպատակով Փաշինյանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրներին՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ին [Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի միջնորդներ], և Մակրոնն ուրախությամբ արձագանքել է։ Երևանն ու Փարիզը փորձում են Ռուսաստանին ցույց տալ, որ նա չի կարող Հայաստանում գործել առանց արգելակների, և որ կա՛ն կարմիր գծեր։
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը վա-բանկ է գնում՝ արտահերթ ընտրություններում, որոնք կայանալու են հունիսի 20-ին, իր վերընտրումն ապահովելու համար։ Քանի որ հասարակությունում ազդակներ են հնչում՝ եթե ոչ վենդետայի, ապա նրա նկատմամբ հավանական իրավական գործընթացների մասին։ Հնարավոր է, որ վերընտրման հարցում նա հույսը դրել էր Ռուսաստանի վրա՝ կատարելով նրա հրահանգները, սակայն ազդակներ է տեսել, որոնք վկայում են այն մասին, որ Ռուսաստանը սատարելու է այլ թեկնածուների։ Այժմ նա փորձում է նույնը խաղարկել Եվրոպայում։
Փաշինյանի եվրոպական ճամփորդությունը ես լուրջ քաղաքական ակցիա չեմ համարի, եթե նա չհրաժարվի եռակողմ ձևաչափից (Երևան-Մոսկվա-Բաքու), չպահանջի Մինսկի գործընթացի վերագործարկում և Ֆրանսիային չառաջարկի Հայաստանի հետ միաժամանակ ճանաչել Արցախը։ Մյուս բոլոր դեպքերում դա պարզապես նման կլինի ընտրություններում պարտվելու դեպքում քաղաքական ապաստան հայցելու փորձի»։