Մոսկվա. «Կողմ ենք, որ Աբխազիան և Հարավային Օսիան հարաբերություններ կառուցեն Վրաստանի հետ»
Կան անհրաժեշտ մեխանիզմներ Վրաստանի, Աբխազիայի և Ցխինվալի միջև երկխոսության համար, որին «մասնակցում է նաև Ռուսաստանը», — հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ Մոսկվան կողմ է Վրաստանի և օկուպացված տարածքների միջև հարաբերությունների կառուցմանը։ Լավրովն այս մասին ասել է 2022 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք կողմ ենք, որ Աբխազիան և Հարավային Օսիան հարաբերություններ կառուցեն Վրաստանի հետ։ Կան մեխանիզմներ երկխոսության, որին մենք նույնպես մասնակցում ենք։ Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև, այսպես կոչված, Ժնևյան բանակցությունների արևմտյան մասնակիցները՝ Եվրամիությունը, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և ԱՄՆ-ն, այս կամ այն կերպ փորձում են այս երկխոսության ձևաչափը դարձնել Ուկրաինայի շուրջ տեղի ունեցողի պատանդ։ Կարծում եմ՝ դա գռեհիկ է, ոչ պրոֆեսիոնալ: Սա նշանակում է, որ նրանք կոնկրետ խնդիրներ են կատարում կոնկրետ տարածաշրջանում, ինչը պայմանավորված է նրանց քաղաքական դժգոհություններով ու քմահաճույքներով»,— ասել է ՌԴ արտգործնախարարը։
- 2008 թ․-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների հետաքննությունն ավարտվել է
- «Գործիք Արևմուտքի ձեռքում». Հարավային Օսիայի արձագանքը Հաագայի դատարանի որոշմանը
- Ուկրաինայից՝ Ռուսաստանի տարածքով․ ուկրաինացի փախստականների ճակատագիրը Վրաստանում
Նույն ասուլիսում Սերգեյ Լավրովը գովաբանել է Վրաստանի կառավարությանը՝ հայտարարելով, որ երկիրը «դիմադրում է Արևմուտքի ճնշմանը»։ Նա նաև հույս է հայտնել, որ շուտով կվերականգնվի Վրաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցությունն ու ասել, որ Վրաստանի տնտեսության 10 տոկոս աճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի հետ ունեցած կապերով։
Սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաները գովաբանում են Վրաստանի իշխանություններին Ուկրաինայի և Արևմուտքի նկատմամբ նրա վերաբերմունքի համար։
Անցյալ տարվա մարտի 25-ին Ռուսաստանի Դաշնության Խորհրդի միջազգային կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը նույնպես գովաբանել էր Վրաստանի իշխանություններին ուկրաինական հարցում իրենց դիրքորոշման համար։ Կարասինը «հավասարակշռված» էր անվանել Վրաստանի արձագանքը Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին ու ընդգծել, որ Ռուսաստանում «այդ փաստն աննկատ չի մնա»։
Կարասինը վերլուծել էր ռուս-վրացական հարաբերությունների պատմությունը։ Նա հայտնել էր, որ 2012 թվականից՝ «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալուց հետո, Ռուսաստանը դարձել է Վրաստանի երկրորդ կարևոր առևտրային գործընկերը, վրացական ապրանքների նկատմամբ կիրառվող բոլոր սահմանափակումները հանվել են, իսկ Վրաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 14 անգամ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Մի քանի ամիս առաջ Ռուսաստանի կառավարությունը հրապարակեց ոչ բարեկամ երկրների ցուցակը, որում Վրաստանը ներառված չէր։ Ըստ Կրեմլի՝ ռուս անհատները և ընկերությունները կկարողանան ռուսական ռուբլով մարել իրենց պարտքերը վարկատուներին, որոնք «ոչ բարեկամ պետություններ» են։
Փետրվարին Վրաստանը չմիացավ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից ահմանված պատժամիջոցներին։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին, քանի որ դա հակասում է երկրի ազգային շահերին, և պատժամիջոցները չեն կարող դադարեցնել Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունները։