Աբխազիան պատրաստ է ընդունել Վրաստանից «վտարված» Astoria Grande զբոսանավը
Աբխազիան պատրաստ է ընդունել Astoria Grande նավը
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի խոսքով՝ «հանրապետությունը պատրաստ է» ընդունել ASTORIA GRANDE զբոսանավը, որը լքել է Վրաստանի Բաթումի նավահանգիստը տեղի բնակիչների բողոքի ակցիայից հետո։ Բժանիան ջերմ ընդունելություն է խոստացել այն ռուս զբոսաշրջիկներին, ովքեր գտնվում են նավի վրա։
«Հանրապետությունը շահագրգռված է զբոսաշրջային ծառայությունների ընդլայնմամբ, և հաշվի առնելով աշխարհագրական հնարավորությունները՝ ամռանը զբոսանավերի ծառայությունները համարվում են ամենահեռանկարայինը։ Սուխումիի ծովային նավահանգիստը տեխնիկապես պատրաստ է Astoria Grande տիպի նավեր ընդունելուն։ Մենք ձեզ հրավիրում ենք Աբխազիա և խոստանում ջերմ ընդունելություն աբխազական հյուրընկալությամբ»,- ասել է Բժանիան ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Նա որպես օրինակ բերել է Սոչի-Սուխումի երթուղին, որով հունիսի վերջից շահագործում է մեկ այլ զբոսանավ՝ «Կնյազ Վլադիմիր»-ը։
«Եթե մենք ըստ արժանվույն ընդունեցինք «Կնյազ Վլադիմիր» նավը, ապա տեղ կգտնվի նաև Astoria Grande-ի համար»,— նշել է նա։
- Ռուսաստանը սպառնում է Աբխազիայից վերցնել Պիցունդա հանգստավայրի մի մասը։ Ինչո՞ւ է լռում Թբիլիսին
- Հակառուսական պատժամիջոցների պատճառով Աբխազիան մասամբ հանել է Վրաստանից ներկրվող ապրանքների էմբարգոն
- «Մինչ մենք սովորում ենք, նրանք հաստատվում են»․ ծովափնյա սեզոնը «օկուպացված» Բաթումում
Ավելի վաղ Ռուսաստանի նախկին փոխարտգործնախարար, այժմ սենատոր Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ Բաթումիում բողոքի ակցիան կազմակերպել են Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության ակտիվիստները, և որ Սաակաշվիլիի ներմուծած «ատելության բացիլը» դեռևս կենդանի է։
Հուլիսի 31-ի առավոտյան Բաթումիի բնակիչները բողոքի ակցիայով դիմավորեցին Ռուսաստանից ժամանած ASTORIA GRANDE նավը։
Ակցիայից մի քանի ժամ առաջ ՆԳՆ-ն փակել էր նավահանգստի հարակից փողոցները, իսկ այն շրջանը, որտեղ պետք է մտներ նավը, պարսպապատվել էր երկաթյա պատնեշներով։
ASTORIA GRANDE նավը Բաթումիում կանգ էր առել նաև հուլիսի 27-ին: Իր ուղին մեկնարկել էր Սոչիի նավահանգստից և տեղափոխել ռուս զբոսաշրջիկների, ովքեր հակավրացական հայտարարություններ էին արել ԶԼՄ-ներում, ինչպես նաև արվեստագետների, ովքեր աջակցում են պատերազմին և նախագահ Վլադիմիր Պուտինին։
Այս անգամ զբոսաշրջիկներին առաջարկվել էր ճամփորդություն RU.TV հեռուստաալիքի աստղերի հետ։
