Աբխազիայի խորհրդարանը հաստատել է, որ ընդդիմության առաջնորդին թունավորել են, նախագահական ընտրությունները ձախողման եզրին են
Աբխազական ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիային, այնուամենայնիվ, թունավորել են։ Այս մասին միանշանակ խոսում են փորձաքննության արդյունքները, որոնք ներկայացվել են մայիսի 16-ին խորհրդարանի նիստին։
Այս տեղեկությունը բուռն արձագանք է առաջացրել հասարակությունում և առաջատար քաղաքական և հասարակական անձանց աղմկահարույց հայտարարությունները։
Ընդդիմությունը պահանջել է նաև տեղափոխել հուլիսի 21-ին նշանակված նախագահական ընտրություններն ու դրանք աշնանն անցկացնել։
•Կարծիք․ ինչո՞ւ Աբխազիայի ոչ մի նոր նախագահ չի կարող որևէ բան դեպի լավը փոխել
Ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիայի անալիզները, որոնք նրա ազգականներն ուղարկել են մյունխենյան լաբորատորիա, վկայում են արյան մեջ մետաղների մեծ չափաբաժնի մասին, մասնավորապես խոսքը սնդիկի և ալյումինի մասին է։ Դրանք չէին կարող հենց այնպես հայտնվել, ասում են բժիշկները։
Հատկանշանակ է նաև այն, որ այդ անալիզներն արվել են արյան մաքրման (պլազմոցիտոֆարեզ) երկու պրոցեդուրայից հետո։ Դա նշանակում է, որ սկզբնական ցուցանիշները կրիտիկականին մոտ էին։
Այսինքն՝ պարզ լեզվով ասած, Ասլան Բժանիային թունավորել են։ Ընդ որում, մոսկովյան կլինիկան, ուր նա շտապ տեղափոխվել է ապրիլի 19-ին, որպես ծանր վիճակի պատճառ էր նշում վիրուսային թոքաբորբը։
Այժմ վճռվում է Բժանիային գերմանական հիվանդանոցներից մեկը տեղափոխելու հարցը։
Գրեթե բոլոր փորձագետներն այն կարծիքին են, որ Բժանիային թունավորելու միակ շարժառիթն Աբխազիայի նախագահի ընտրությունների մայիսի 21-ին մեկնարկող ընտրարշավին մասնակցելու հնարավորություն չտալու մտադրությունն է եղել։ Բժանիան ֆավորիտներից մեկն էր համարվում։
Աբխազ հայտնի քաղաքական ու հասարակական գործիչները բաց նամակով դիմել են իրավապահ մարմիններին՝ պահանջելով անհապաղ քրեական գործ հարուցել և հետաքննել Ասլան Բժանիային և նրա երկու թիկնապահներին թունավորելու հանգամանքները։
Հայտարարությունը ստորագրել են նաև խորհրդարանի նախկին խոսնակ Սոկրատ Ջինջոլիան, նախագահի վարչակազմի նախկին պես Աստամուր Տանիան, Աբխազիայի նախկին փոխնախագահ Միխայիլ Լոգուան, հայտնի հասարակական գործիչներ Լիանա Կվարչելիան և Արդա Ինալ-իպան։
«Ասլան Բժանիան Աբխազիայի ոչ միայն պատգամավոր է, այլ նաև ընդդիմության առաջնորդն ու երկրի նախագահի պաշտոնական թեկնածուն։ Այդ պատճառով էլ այն վարկածը, թե ինչ-որ ուժեր հանցավոր ճանապարհով փորձում են ընտրություններին մասնակցելուց հեռացնել առաջատար քաղաքական գործիչներից մեկին, մանրազնին հետաքննություն է պահանջում», — ասված է հայտարարությունում։
Հայտարարության հեղինակները խորհրդարանին առաջարկում են նաև արտահերթ նիստ հրավիրել և և աբխազիայի հասարակության և բոլոր քաղաքական առաջատար ուժերի ներկայացուցիչների հետ քննարկել ստեղծված իրավիճակը։