Աբխազիայի երեք բնակիչ է խեղդվել՝ փորձելով Թբիլիսիի վերահսկողության տակ գտնվող տարածք անցնել
Զուգդիդիի մունիցիպալիտետի Շամգոնա գյուղում փրկարարները երեք մարդու դի են դուրս բերել Ինգուր գետից, որով անցնում է վարչական սահմանն Աբխազիայի և Թբիլիսիի վերահսկողության տակ գտնվող վրացական տարածքի միջև։
Երեք դիերն էլ նույնականացվել են։ Նրանք Վրաստանի քաղաքացիներ են, էթնիկ վրացիներ, որոնք բնակվում էին Աբխազիայի Գալիի շրջանում։ Նրանք փորձել են գետն անցնել՝ հասնելու համար Թբիլիսիի վերահսկողության տակ գտնվող Զուգդիդիի շրջան։
Հենց այդ ժամանակ էլ խեղդվել են։
Փրկարարները ևս մեկին են փնտրում, որն, ըստ ամենայնի, փորձել է նրանց հետ միասին Զուգդիդի տեղափոխվել։
Միջադեպի առթիվ հայտարարություն է արել Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը։
Հայտարարությունում ասվում է, որ Ինգուր գետում խեղդված խաղաղ բնակիչների մահը «ևս մեկ անգամ ցույց է տվել օկուպացիայի անմարդկային և հանցավոր բնույթը, որի համար ողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը»։
Գերատեսչության հայտարարությունում ասվում է․ «Այդ մարդիկ զոհ են դարձել ռուսական օկուպացիոն ռեժիմի կողմից ազատ տեղաշարժի ապօրինի սահմանափակումների»։
«Վրաստանի շարունակվող օկուպացիայի արդյունքում մարդու իրավունքների և մեր քաղաքացիների հիմնական ազատությունները նախկինի պես կոպտորեն խախտվում են Աբխազիայում և Ցխինվալի շրջանում, որի համար ռուսական օկուպացիոն ուժերը լիակատար պատասխանատվություն են կրում», — ասված է հայտարարությունում։
«Սակայն Ժողովրդավարության հետազոտման ինստիտուտ» վրացական հասարակական կազմակերպությունը կարծում է, որ մեղավոր են Աբխազիայում բնակվող մարդկանց նկատմամբ վրացական կառավարության սահմանած կանոնները։
Մասնավորապես, խոսքն այն կանոնի մասին է, որի համաձայն՝ Աբխազիայի բնակիչները պետք է հինգ օր կարանտինի մեջ լինեն։
«Աբխազիայում բնակվող քաղաքացիներն այդ վտանգավոր ճանապարհով փորձում են մուտք գործել Վրաստանի վերահսկողության տակ գտնվող տարածք՝ խուսափելու համար հնգօրյա պարտադիր կարանտինից։ Մենք Վրաստանի կառավարությանը կոչ ենք անում անհապաղ չեղարկել կարանտինը, որը սպառնալիքի տակ է դնում մարդկանց կյանքը», — ասված է կազմակերպության հայտարարությունում։
ՆԳՆ-ն հայտարարում է, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել և հետաքննություն է սկսվել։
2017 թ-ից հետո Ինգուր գետի կամուրջը միակ ճանապարհն է, որով սովորական քաղաքացիները հատում են Աբխազիայի վարչական սահմանը։
2017 թ-ի սկզբին վրաց-աբխազական սահմանին անցակետերի թիվը վեցից կրճատվել է մինչև մեկը, ինչը զգալիորեն բարդացրել է օկուպացիոն գծի մյուս կողմում՝ Գալիում ապրող էթնիկ վրացիների առանց այն էլ ծանր դրությունը։
Գալի շրջանի բնակչության ճնշող մեծամասնությունն էթնիկ վրացիներ են, որոնք սերտ կապեր են պահպանում վրացական կողմի հետ։
Նրանցից շատերը նաև վրացական կենսաթոշակ են ստանում և այն ստանալու համար պետք է պարբերաբար անցնեն կամուրջը դեպի վրացական կողմ։ Նրանք կամուրջն անցնում են նաև մթերք գնելու և բուժման նպատակով։
Ինգուրի կամրջով անցնելը քաղաքացիների համար ցանկացած պահի էլ դժվար է, թանկարժեք և աշխատատար։ Դա էլ ավելի է բարդացել կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի պետական նախարար Թեա Ախվլեդիանին փետրվարի սկզբին հայտարարել է, որ Ինգուրի կամրջով տեղաշարժը, որը գրեթե մեկ տարի փակ էր համավարակի պատճառով, վերսկսվել է, սակայն տեղի բնակիչներն այլ բան են ասում։ Գալի շատ բնակիչներ լրատվամիջոցներին բողոքել էին, որ իրենց թույլ չեն տալիս հատել սահմանը։ Կամրջով տեղափոխում են միայն թոշակառուներին և սահմանափակ կարողություններով անձանց։ Մյուսների համար այն դեռ փակ է։
Հրապարակման հեղինակի օգտագործած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են միայն նրան, և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով։