Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք
Հայաստանում մարտի 11–ին գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու ևս երեք դեպք։ Բոլոր երեքն Իտալիայից են ժամանել:
Այսպիսով՝ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է չորսի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նոր հիվանդներից երկուսը Հայաստանի քաղաքացիներ են (45 և 27 տարեկան), մեկն՝ Իտալիայի քաղաքացի (51 տարեկան), որն աշխատում է Հայաստանում»։
Այժմ ճշտվում է նրանց շփման շրջանակը, որն, ըստ նախնական տվյալների, մեծ չէ։
• Տեսանյութ․ ինչպե՞ս կորոնավիրուսով չվարակվել և ո՞րն է դրա սպառնալիքը
• Ամեն ինչ՝ կորոնավիրուսի մասին
Մարտի 10–ին Հայաստան է ժամանել միանգամից երկու ինքնաթիռ Իտալիայից՝ Հռոմից և Միլանից։ Հաղորդվում էր, որ բոլոր ժամանածներն օդանավակայանում զննում անցնելուց հետո տնային կարանտինի մեջ են գտնվելու։
Հայաստանի այն քաղաքացիները, որոնք դեռ Իտալիայում են, հայրենիք կժամանեն մարտի 15–ին պլանավորված չվերթով։
«Ֆինանսական ծախսերը կհոգա Հայաստանի կառավարությունն, Atlantis European Airways ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը», — գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է մարտի մեկին։ Հայաստանի 29-ամյա քաղաքացին Թեհրանից էր վերադարձել հայրենիք։
Փետրվարի 23–ից, երբ Իրանում վարակման առաջին դեպքերը գրանցվեցին, Հայաստանը փակեց սահմանն այդ երկրի հետ՝ վարակի ներթափանցումը կանխելու համար։ Սակայն հատուկ նշվեց, որ Իրանի և Հայաստանի քաղաքացիների համար հայրենիք վերադառնալու ոչ մի սահմանափակում չի լինելու։