«Քաղաքական արդյունք է պետք, ոչ թե ՌԴ դիմակազերծում»․ Ֆրանսիան կդիմի՞ ՄԱԿ ԱԽ
Ֆրանսիան ԼՂ-ի հարցով բանաձև կներկայացնի
Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին, որոնք Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվելու պատճառով կանգնած են սովամահության եզրին։ Այս մասին հայտնել է ֆրանսիական Le Figaro պարբերականը։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ եթե նույնիսկ գործ ունենք հավաստի տեղեկության հետ, պետք է ոչ միայն ողջունել այն, այլև «սառը դիտարկել»։ Հիշեցնում է՝ նախորդ տարեվերջին էլ հենց Ֆրանսիան էր նույն հարցով հայտարարության նախագիծ ներկայացրել ԱԽ, այն այդպես էլ չընդունվեց։
ՄԱԿ Անվտանգության խորհուրդն առաջին անգամ հարցը քննարկել էր դեռևս 2022 թ․-ի դեկտեմբերի 20-ին։ Խորհրդի անդամների ճնշող մեծամասնությունն Ադրբեջանին կոչ էր արել վերացնել շրջափակումը: Սակայն ԱԽ-ն այդպես էլ փաստաթուղթը չէր ընդունել։
Եվս մեկ նիստ կազմակերպվեց ՀՀ նախաձեռնությամբ վերջերս՝ օգոստոսի 17-ին։ Ելույթ ունեցան ԱԽ անդամ 15 երկրների, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները։ Բանաձև կամ հայտարարություն այս անգամ ևս չընդունվեց։
«120 հազար մարդու կյանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ձեռքում է»
Le Figaro-ն Ֆրանսիայի՝ ԱԽ դիմելու վերաբերյալ մանրամասներ չի հաղորդել։ Նշել է միայն, որ հաջորդ շաբաթ Փարիզը և Ֆրանսիայի խոշոր շրջանները մարդասիրական օգնությամբ ավտոշարասյուն են ուղարկելու Հայաստան։ Ֆրանսիան արդեն իսկ հանդես է եկել նման նախաձեռնությամբ։
Այս երկրից ուղարկված հումանիտար բեռները միացել են Հայաստանի կառավարության կողմից տրամադրված օգնության բեռնատարների շարասյունին։ Բոլոր մեքենաները դեռևս սպասում են դեպի Լաչինի միջանցք տանող ճանապարհին՝ Կոռնիձոր գյուղի մոտ։ Բաքուն արգելել է դրանց մուտքը ԼՂ։
Ֆրանսիական պարբերականն անդրադարձել է նաև 2022 թ․-ի դեկտեմբերի 12-ից՝ Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությանը․
«Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն արգելափակելուց հետո տեղի հայ բնակչությունը պարբերաբար փորձությունների է ենթարկվում՝ զրկված լինելով սննդի, դեղորայքի, գազի, էլեկտրաէներգիայի, վառելիքի մատակարարումներից»։
Փորձագիտական կարծիք
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ պարզ չէ՝ այս անգամ էլ է նախաձեռնությունը եղել Երևանի խնդրանքո՞վ, թե՞ Փարիզի որոշումն է։ Ասում է՝ բոլոր դեպքերում կասկած չկա՝ պետք է «դաս քաղել նախադեպից, որ եղավ հայտարարության պարագայում»:
1in.am-ում հրապարակված հոդվածում Բադալյանը հիշեցրել է՝ հայտարարության պարագայում գործ ունեինք ԱԽ անդամ մի քանի երկրների անհամաձայնության հետ։ Դրանց թվում առանցքայինը Ռուսաստանի դիրքորոշումն էր, ինչն էլ հանգեցրել էր «հայտարարության տապալման»։
«Իսկ անհամաձայնության պատճառ եղել էր այն, որ Ռուսաստանին հայտարարության տեքստում չէր բավարարել փաստը, որ շոշափելի հիշատակված չէ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, դրանից բխող ՌԴ առանձնահատուկ դերակատարման հանգամանքը»,- նկատել է նա։
Մեկնաբանի գնահատմամբ՝ Հայաստանին և ԼՂ-ին պետք է քաղաքական-դիվանագիտական արդյունք, այլ ոչ թե Ռուսաստանի «դիմակը պատռելու» հերթական առիթ։
Նրա խոսքով՝ եթե որևէ նախաձեռնություն հանգում է ընդամենը Ռուսաստանի «դիմակազերծմանը», ապա դա ավելի շուտ արդյունք է ՌԴ հետ հակամարտության մեջ գտնվող դերակատարների համար, քան Հայաստանի և Արցախի, որոնք «անհավասար հակամարտության մեջ են Բաքվի հետ»․
«Այդ հակամարտության թե ռազմա-քաղաքական, թե մարդասիրական աղետալի ռիսկերը չեզոքացնելու համար էլ ակնկալում են [Հայաստանն ու ԼՂ-ը] միջազգային դերակատարների գործուն մասնակցություն ու աջակցություն»։
Շեշտում է՝ ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծ ներկայացնելիս Ֆրանսիան պետք է բավարար տնային աշխատանք կատարի առնվազն 5 մշտական անդամների շրջանում դրա «ընդունելիության բավականին բարձր նախադրյալ» ձևավորելու համար։
«Այլապես նախաձեռնությունը կամա, թե ակամա կվերածվի ՄԱԿ մշտական հնգյակի դերակատարների միջև հարաբերություններ պարզելու մի հերթական դրվագի, որը ոչ միայն գործնական օգտակարություն չի ունենա Հայաստանի ու Արցախի համար, այլև կարող է դառնալ Ադրբեջանի հանդգնության նոր լիցք: Դա չպետք է թույլ տալ»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ֆրանսիան ԼՂ-ի հարցով բանաձև կներկայացնի