Ֆուտբոլիստներն ու երկրպագուները
Չգիտեմ ՖԻՖԱ-ի և ֆրանսիական France Football ամսագրի «ապահարզանի» ողջ ենթատեքստը, որոնք 2010-ից իրենց հովանու ներքո միասին որոշում էին տարվա լավագույն ֆուտբոլիստին, սակայն ինձ թվում է, որ այդ բաժանությունը կանխորոշված էր այդ համագործակցության պրոդուկտով:
ՖԻՖԱ «Ոսկե գնդակի» մրցանակակրին որոշելու այդ 6 տարվա համագործակցության ժամանակ մրցանակը բաժին է ընկել միայն 2 ֆուտբոլիստի՝ Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին:
Իսկ եթե հաշվի առնենք, որ գլխավոր ինդիվիդուալ մրցանակի համար երկու ֆուտբոլային հանճարների մրցակցությունը սկսվել է 2008թ-ից, այսինքն՝ երբ
France Football-ը միայնակ էր որոշում տարվա խաղացողին, ապա կարելի է ասել, որ այս ժամանակահատվածում ֆուտբոլային երկրպագուների մի ամբողջ սերունդ է մեծացել, որոնց համար այդ պայքարում այսպես թե այնպես երրորդն ավելորդ է լինելու:
ՖԻՖԱ և ֆրանսիական ամսագրի (այդ հարցումների նախահայրը) միջև պայմանավորվածության համաձայն՝ մոլորակի ուժեղագույն խաղացողին քվեարկության միջոցով որոշում էին ՖԻՖԱ-ի մեջ մտնող բոլոր հավաքականների ավագներն ու գլխավոր մարզիչները, ինչպես նաև ԶԼՄ ընտրված ներկայացուցիչները:
Թվում էր, թե նման ընթացակարգ ներդնելով՝ հարցման կազմակերպիչները ցանկացել են օբյեկտիվին առավելագույնս մոտ արդյունքի հասնել, սակայն վերջին հաշվով ամեն ինչ այնպես չգնաց, ինչպես ի սկզբանե ենթադրվում էր:
Բացարձակապես կասկածի տակ չեմ դնում այդ երկու ֆուտբոլիստների հանճարը, սակայն այնուամենայնիվ ինձ թվում է (և ոչ միայն ինձ), թե որոշ դեպքերում վերջնական արդյունքը առանց անվան կախարդանքի չի ստացվել:
Այսինքն, այն պնդումը, թե հենց Մեսսին կամ Ռոնալդուն են լավագույնը եղել վերջին 8 տարիներից յուրաքանչյուրում, բավականին վիճելի է: Համենայն դեպս այն սեզոններին, երբ անցկացվեցին աշխարհի վերջին երկու առաջնությունները, նույնիսկ անզեն աչքով էր երևում, որ այդ մրցամարտերի հերոսներ Ինյեստան, Ռոբենը, Նոյերն ու Մյուլլերը մրցանակի կողքով անցան բացառապես Մեսսիի և Ռոնալդուի կատաղի հռչակի պատճառով:
ՖԻՖԱ-ի հավաքականների ավագներն ու մարզիչները, իսկ այսօրվա դրությամբ նրանք 211-ն են, մեծ մասամբ քվեարկել են և քվեարկելու են իրենց անձնական նախընտրություններից ելնելով: Իսկ այդ նախընտրություններն արդեն վաղուց կիսվում են երկու մեգաաստղերի միջև:
Երբեմն այնպիսի զգացողություն է լինում, որ երբ Մեսսին ու Ռոնալդուն ավարտեն իրենց փայլուն կարիերան, ձայնի իրավունք ունեցող որոշ ֆուտբոլիստներ և մարզիչներ իներցիայով և համառ մանրախնդրությամբ շարունակելու են նրանց առաջին տեղերը հատկացնել իրենց հարցաթերթերում:
Հիմա France Football-ը որոշել է վերադառնալ արմատներին և ինքնուրույն, առանց որևէ կողմնակի գործակցության, լավագույն ֆուտբոլիստին կանխորոշելու հարցում անցկացնել հին ու տասնյակ տարիներով փորձված բանաձևով. «Ոսկե գնդակի» մրցանակակրին որոշում են տարիներով փորձված հեղինակություն ունեցող ֆուտբոլայինին պարբերականների լրագրողները:
ՖԻՖԱ-ն իր հերթին նույնպես կշարունակի մոլորակի լավագույն ֆուտբոլիստ ընտրել, սակայն, ի տարբերություն ֆրանսիական ամսագրի անցկացրած հարցման, որտեղ ինտրիգն այսպես թե այնպես վերադառնում է (քանի որ խաղասեղանին դրված է յուրաքանչյուր պարբերականի հեղինակությունը), դրա արդյունքները երկար տարիների համար կարելի է կանխագուշակել, այսինքն՝ այնքան ժամանակ, քանի դեռ Մեսսին ու Ռոնալդուն չեն ավարտել իրենց ֆուտբոլային կարիերան:
Բացի այդ, ՖԻՖԱ-ն քվեարկության իր բարդ և բազմաստիճան ընթացակարգում էլ ավելի փոփային էլեմենտ մտցրեց. այս տարի ԶԼՄ ներկայացուցիչների, ինչպես նաև աշխարհի հավաքականների ավագների ու մարզիչների քվեարկությանը զուգահեռ լավագույն ֆուտբոլիստի ընտրության հարցում իրենց ավանդը կարող են ունենալ հասարակ երկրպագուները:
Մինչև նոյեմբերի 22-ը յուրաքանչյուր ոք կարող է fifa.com կայքում գրանցվել և նշել իր եռյակը: Ընդհանուր առմամբ, լրագրողների և երկրպագուների ձայները կկազմեն ֆուտբոլիստներին տրվող բալերի 50 տոկոսը: Մյուս 50-ը կկազմեն ազգային թիմերի ավագների և մարզիչների կարծիքները:
Այսինքն, հիմա ՖԻՖԱ հարցումը դատապարտված է օբյեկտիվից հեռու լինել, քանի որ այն վերածվում է արգենտինացու և պորտուգալացու ֆանկլուբերի սովորական մրցության: Ողջ հույսն այժմ միայնակ ծովային ճամփորդության մեկնած France Football-ի վրա է:
Չնայած, մի ինչ-որ ժամանակահատված մտածելակերպի իներցիայից նա չի կարող խուսափել, հատկապես որ Մեսսին ու Ռոնալդուն դեռ հիանալի մարզավիճակում են:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ
Հրապարակվել է 11.11.2016