Օղի, ծխախոտ ու տակդիրներ
Ադրբեջանի և Վրաստանի միջև սահմանն, ավելի ճիշտ՝ «Սինիգ Քյորփու» կամ «Կարմիր կամուրջ» սահմանային անցակետը վերածվել է բավականին տարօրինակ աշխատավայրի մանր վաճառականների և նրանց օգնականների համար:
Օգնականների հիմնական պարտականությունը ապրանքը մաս-մաս սահմանից այնկողմ անցկացնելն է: Սահմանով անցկացրած ապրանքի ամեն խմբաքանակի համար նրանք 1 մանաթ են ստանում: Ֆորմալ առումով դա օրինական է, քանի որ ցանկացած ապրանքի որոշակի քանակ կարելի է սահմանով անցկացնել: Սակայն իրականում առևտրականներն ապրանքը բաժանում են փոքր չափաբաժինների և օգնականներին հանձնարարում այն մաքսակետով անցկացնել՝ մաքսատուրք, ինչպես նաև մաքսայինի աշխատակիցներին կաշառք չվճարելու համար: Ըստ առևտրականների՝ դա ապրանքի արժեքի գրեթե կեսն է:
Սահմանին մոտ ապրողները՝ Ղազախի, Թովուզի շրջանի գյուղերի բնակիչներն այստեղ հացի փող են վաստակում: Նրանք Վրաստանից էժան գնով տակդիրներ, ծխախոտ ու ալկոհոլ են գնում, որոնք Ադրբեջանում ավելի թանկ են, և այդպիսով իրենց ամենօրյա վաստակն են ապահովում: Սակայն դա այնքան էլ հեշտ չէ:
Ըստ նրանց, մաքսակետի աշխատակիցներ Ֆարիզն ու Քյամալն, ինչպես նաև հերթափոխի պետ Թևեքյուլը մանր վաճառականների և նրանց օգնականների ահուսարսափն են: Քաղաքացիներն ասում են, որ այդ մարդիկ իրենց հետ վարվում են՝ ինչպես ուզում են. հաճախ ապրանքն են խլում, կամ անձնագրերը:
59-ամյա Սամինան ասում է, որ նա 9 հոգու է պահում: Հավաքարար է աշխատում դպրոցում և 80 մանաթ աշխատավարձ է ստանում, սակայն այդ գումարն ապրելու համար չի բավականացնում:
Քանի որ նա փող չունի, չի կարող առևտրով զբաղվել, փոխարենը օրը մեկ անգամ ծանոթ առևտրականների համար ապրանք է սահմանով անցկացնում և մեկ խմբաքանակի համար 1 մանաթ է ստանում. «Երկու մանաթ ճանապարհի վրա եմ ծախսում, մոտս մնում է 8 մանաթ: Եվ ինչպե՞ս ապրեմ այդ 8 մանաթով»:
Ընդ որում, ամեն օր չի ստացվում 8 մանաթ աշխատել: Սամինան ասում է, որ աշխատակիցները, երբ խելքներին փչի, առևտրականներից կամ նրանց օգնականներից ապրանքը խլում են և ուղարկում պահեստ, ինչպես նաև վերցնում են նրանց անձնագրերն՝ ասելով, որ վաղը գան վերցնեն, իսկ ապրանքը կարող են վերադարձնել մեկ ամսվա ընթացքում:
52-ամյա Ուլվիի խոսքով, ապրանքը սովորաբար չի վերադարձվում: Մարտի 15-ին որոշ մարդիկ իրենց ապրանքը ետ են ուզել, սակայն մաքսայինի աշխատակիցները հայտարարել են, որ ուղարկել են զինվորականներին: Ուլվին հարցնում է. «Ծխախոտն ու խմիչքը հասկանում եմ, բայց տակդիրնե՞րն էլ են ուղարկել զինվորականներին»:
26-ամյա Թահմասիբ Մամեդովն ասում է, որ պարբերաբար Վրաստանից ու Թուրքիայից տարբեր ապրանքներ է բերում: Եվ ամեն անգամ բախվում է նույն խնդրին: Զրուցակիցս այս անգամ սահմանով վերելակի շարժիչ է անցկացրել, և մաքսակետի աշխատակիցը երկու օր նրան սահմանին է պահել. «Ես այստեղ երկու օր սպասել եմ: Հետո զանգեցի բարեկամներիցս մեկին, նա էլ՝ մյուսին, և ի վերջո նրանց էլ վերևներից զանգեցին, և մեզ բաց թողեցին: Այժմ ապրանքը Բաքվի մաքսային վարչությունից ետ բերելու համար պետք է 22% մաքսատուրք վճարեմ: Իսկ երեկ ինձնից 1000 մանաթ էին ուզում 220-ի փոխարեն»:
Բիրինջի Շիխլի գյուղի 64-ամյա բնակիչ Զարգյալամն ասում է, որ իրականում ոչ առևտրականներն են մեղավոր, ոչ էլ մաքսայինի աշխատակիցները: Ամեն ինչի մեղավորը գործազրկությունն է: «Մաքսակետն աշխատավայր չէ և չի էլ կարող լինել: Մարդիկ իրենք են մեղավոր: Շատերին մեկ անգամը բավարար չէ, նրանք սահմանն օրվա ընթացքում անցնում են 2-3 անգամ՝ ավելի շատ գումար վաստակելու համար: Այդ պարագայում մաքսայինի աշխատակիցներն էլ կսկսեն կոպտել»:
52-ամյա Ռեյխան Մ.-ն մասնագիտությամբ գյուղատնտես է: Ասում է, որ խորհրդային տարիներին Բիրինջի Շիխլի գյուղում խաղողի այգիներն էր խնամում: Սակայն հետո դրանք վերացան, իսկ նա մնաց անգործ. «Գյանջայի գյուղատնտեսության ինստիտուտն եմ ավարտել: Այստեղ փորձում են գյուղատնտեսության աջակցության նախագծեր իրականացնել: Սակայն գիտակներ գրեթե չկան: Իսկ ես գիտեմ իմ գործը: Թող ինձ աշխատանք տան: Ես բարձրագույն կրթությամբ գյուղատնտես եմ, և այստեղ ինչ-որ մեկի համար մեկ մանաթով սահմանով ապրանք քարշ տալու փոխարեն գյուղատնտեսությամբ կզբաղվեմ, երեխաներիս կապահովեմ և մարդկանց օգտակար կլինեմ: Իսկ այստեղ ամեն օր մաքսայինի աշխատակցի հետ ենք վիճաբանում, ամոթ է»:
Նրանք, ովքեր հաճախ են սահմանը հատում, ասում են, որ 2016-ի սկզբից մինչ այսօր սահմանային անցակետում քաղաքացիների և պաշտոնյաների միջև պարբերաբար մանր ու խոշոր բախումներ են տեղի ունենում: Ռեզոնանս առաջացրած առաջին միջադեպը տեղի է ունեցել հունվարի 8-ին, իսկ վերջինը՝ ընթացիկ տարվա մայիսին: Բախումները հիմնականում նույն սցենարով են տեղի ունենում. առևտրականները հրաժարվում են մաքսատուրք վճարել, իսկ սահմանապահները նրանց թույլ չեն տալիս անցնել: Քանի որ մաքսատուրքն ամեն ապրանքի համար անհատական է սահմանվում, այլ ոչ թե ապրանքի արժեքի հստակ տոկոս է կազմում, այդ գումարը վիճաբանությունների պատճառ է դառնում:
Փորձագետ-տնտեսագետ Թորգուլ Մաշալլին նշում է, որ խորհրդային տարիներին Ղազախի շրջանի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է եղել: Խաղողի այգիները ու հացահատիկի արտադրությունը, անասնապահությունն այն հիմնական ոլորտներն էին, որոնք շրջանին եկամուտ էին ապահովում: Սակայն շրջանում արտադրվող ապրանքի 55%-ը բաժին էր ընկնում արդյունաբերությանը. «Հիմնականում արտադրվում էր կրաքար, բենտոնիտ, գորգեր: Հիմա գորգագործությունն ամբողջությամբ դադարեցված է: Բենտոնիտը նախկինում արտահանում էինք Ռուսաստան, և այժմ էլ ենք անում: Սակայն եթե մի քանի տարի առաջ արտահանում էինք 150 հազ. տոննա բենտոնիտ, ապա այժմ վաճառում ենք 80 հազարը: Կրճատվել է նաև կրաքարի արտադրությունը, քանի որ սպառման հիմնական շուկան Բաքուն է, որտեղ շինարարության տեմպը զգալիորեն նվազել է:
Այդ պատճառով էլ կրաքարի արտադրությունը 2016թ վին կրկնակի պակասել է»:
Փորձագետի կարծիքով, շրջանում գործազրկության պատճառ է դարձել նաև՝ կրի ու ասբեստի արտադրության գործարանների կառուցման դադարեցումը. «Ձեռնարությունների շինարարությունը դադարեցվեց ճգնաժամի պատճառով: Եվ դա էլ գյուղացիների գործազրկության պատճառ դարձավ»:
Հրապարակվել է 24.05.2016