«ԼՂ-ում ցեղասպանություն է ընթանում»․ ՄՔԴ նախկին դատախազի եզրակացությունը
Օկամպոյի զեկույցը ԼՂ շրջափակման մասին
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ։ Իր զեկույցում նման արձանագրում է արել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ, միջազգային իրավունքի առաջատար մասնագետ Լուիս Մորենո Օկամպոն։ Հիշեցրել է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, որի համաձայն՝ ցեղասպանություն է համարվում նաև «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»:
«Չկան դիակիզարաններ կամ մաչետեներով հարձակումներ։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է։ Առանց անմիջական կտրուկ փոփոխությունների՝ հայերի այս խումբը մի քանի շաբաթից կկործանվի»,- հայտարարել է նա։
Ի պատասխան Արցախի նախագահի դիմումի՝ նա ուսումնասիրել է թեման և հրապարակել «Ցեղասպանություն հայերի դեմ 2023 թ․» խորագրով զեկույց: Օկամպոն իր վերլուծության մեջ ընդգծել է, որ սովամահությունը, որպես մարդկանց ոչնչացնելու մեթոդ, անտեսվել է միջազգային հանրության կողմից, երբ օգտագործվել է 1915 թ.-ին հայերի, հետագայում հրեաների և մի շարք այլ ազգերի դեմ։
JAMnews-ն ուսումնասիրել է հրապարակված զեկույցն ու առանձնացրել ամենակարևոր դրվագները։
«Հրատապ խնդրանք»
Հուլիսի 29-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «հրատապ խնդրանքով» դիմել էր Լուիս Մորենո Օկամպոյին և փորձագիտական կարծիք խնդրել հետևյալ երեք հարցերի վերաբերյալ՝
- Կարելի՞ է համարել, որ 2022 թ․-ի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից մեր ժողովրդի շրջափակումը և հատկապես 2023 թ․-ի հունիսի 15-ից Արցախի Հանրապետությանն ամեն տեսակի մարդասիրական օգնության մատակարարման արգելափակումը հանդիսանում է ցեղասպանության հանցագործություն։
- Արդյո՞ք Միջազգային քրեական դատարանը իրավասու է այդ հարցով զբաղվելու:
- Ո՞վ կարող է անձամբ պատասխանատու լինել այդ հանցագործության համար:
Հարությունյանը նաև կից փաստաթղթեր էր ներկայացրել։ Երկու օր անց Օկամպոն արձագանքել էր նամակին՝ նշելով, որ իր համար պատիվ կլինի վերլուծել խնդիրը և խոստանալով «անկողմնակալ գնահատական»։
«Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, ներառյալ 120.000 հայերի սովի վտանգը, ես նախատեսում եմ իմ զեկույցը հրապարակել 7 օրից: Խնդրում ենք վերլուծություն անելու համար հաղորդել ցանկացած նոր հանգամանք, որը կարող է ազդել իրավիճակի վրա»,- գրել էր նա։
«Ցեղասպանության կազմակերպիչն Ադրբեջանի նախագահն է»
Պատասխանելով «ո՞վ է անմիջական պատասխանատուն» հարցին՝ միջազգային իրավունքի մասնագետը նման արձանագրում է արել․
«Նախագահ Ալիևը պետք է հետաքննվի Ցեղասպանության համար, քանի որ նա է գլխավորում պետական ապարատն ու վերահսկում որոշումները քաղաքական, ռազմական և դիվանագիտական առումներով»։
Ասում է՝ կան Ալիևի ցեղասպանական մտադրությունների մասին վկայող փաստեր։
Դրանք են՝
- «Ալիևը միտումնավոր արգելափակել է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար կենսական նշանակության ապրանքների մատակարարումը»։
- «բացահայտորեն չի ենթարկվել Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով»:
Բացի այդ, Ադրբեջանի նախագահը շրջափակման հետևանքով հայերի առողջության և կյանքի համար ստեղծված «իրական և անմիջական ռիսկի» մասին ծանուցումներ է ստացել նաև ՄՔԴ-ից։
Ովքե՞ր են մյուս «հանցագործները»
Օկամպոյի փոխանցմամբ՝ կան տեղեկություններ, որոնք ուսումնասիրելով հնարավոր է նույնականացնել շրջափակման մեջ ներգրավված «այլ հանցագործների»։ Մյուս կողմից նկատում է՝ նրանց ցեղասպանական մտադրությունների ոչ մի ցուցիչ չկա, դեռ պետք է հետաքննվեն, ինչից հետո էլ պարզ կդառնա մարդկության դեմ հանցագործություններին՝ Ցեղասպանությանը և շրջափակմանը նրանց մասնակցությունը։
Հղում անելով գաղտնի զեկույցների՝ մասնագետը հրապարակել է ցանկ, որում ներգրավված անձինք պարտադիր պետք է հետաքննվեն։ Նրանք են՝
- Զաքիր Հասանով — Ադրբեջանի պաշտպանության նախարար,
- Էլչին Գուլիև — Ադրբեջանի պետական սահմանային ծառայության պետ,
- Ակշին Մահերրամով — Պետական սահմանի պաշտպանության սահմանապահ ջոկատի հրամանատար,
- Միսիր Ալիև — Պետական սահմանապահ ծառայության արագ արձագանքման ուժերի արագ արձագանքման բրիգադ,
- Ֆարիդ Շաֆիև — Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոն։
Ցանկն, ըստ նրա, այսքանով չի սահմանափակվում։
Ալիևը կարող է հետաքննվել ՄՔԴ կողմից, եթե ․․․
Հիշատակել է ցեղասպանության մասին կոնվենցիայի 4-րդ հոդվածը, որի համաձայն՝ ցեղասպանություն իրականացրած անձինք «ենթակա են պատժի՝ անկախ այն բանից՝ նրանք սահմանադրությամբ պատասխանատու ղեկավարներ են, թե պաշտոնատար կամ մասնավոր անձինք»։ Լուիս Մորենո Օկամպոյի խոսքով՝ Ադրբեջանի նախագահը չի կարող հետաքննվել «որևէ ազգային իշխանության» կողմից, քանի որ նա՝ որպես պետության ղեկավար, անձեռնմխելիություն ունի։
Հայտարարել է՝ նման անձեռնմխելիությունը չի գործում Միջազգային քրեական դատարանում:
Առաջատար մասնագետը մատնանշել է երեք ճանապարհ ՄՔԴ հետաքննություն սկսելու համար․
- Ադրբեջանը դառնում է Հռոմի ստատուտի մասնակից պետություն,
- Ադրբեջանը ընդունում է դատարանի միջամտությունն իր տարածքում (Հոդված 12.3, Հռոմի ստատուտ),
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2022 թ․ի դեկտեմբերից հետո Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի իրադրությունը փոխանցում է ՄՔԴ։
«Բայց Ադրբեջանը Հռոմի ստատուտի մասնակից պետություն չէ և չի ընդունել ՄՔԴ-ի միջամտությունը: Արդյունքում, անհապաղ պետական գործողություն է պահանջվում ընդունելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, որը Լաչինի միջանցքում և ԼՂ-ում տիրող իրավիճակը կփոխանցի ՄՔԴ»,- ընդգծել է նա։
Խոսելով նախադեպերի մասին՝ հիշեցրել է, որ 2005 թ․-ի մարտին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց 1395 բանաձևը, որը Դարֆուրի իրավիճակը փոխանցեց ՄՔԴ: Հինգ տարի անց նախագահ Օմար Ալ Բաշիրին մեղադրեցին ցեղասպանության իրականացման մեջ։
«Հրատապ քաղաքական որոշումներ են պետք»
ԼՂ-ում ապրող հայերի ֆիզիկական ոչնչացումը ժամանակին կանխելու համար, ըստ նրա, անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը՝
- դադարեցնել շրջափակումը և մեկ-երկու շաբաթվա ընթացքում վերականգնել Լեռնային Ղարաբաղին առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը,
- վիճելի տարածքային պահանջների համար ինստիտուցիոնալ լուծումներ ապահովել։
Ասում է՝ վերջինը պետք է տեղի ունենա նախքան 2025 թվականի մայիսը, քանի որ դրանից հետո Բաքուն կարող է ռուսական կողմին խաղաղապահ առաքելության գործունեությունը դադարեցնելու պահանջ ներկայացնել։
Օկամպոյի գնահատմամբ՝ Արդարադատության միջազգային դատարանի հատուկ որոշումը, պատժամիջոցները կամ դիվանագիտական գործիքները արագ և ուժեղ ազդեցություն չեն ունենա։
Կարծում է՝ պետք է հասնել նրան, որ Եվրոպան, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները որդեգրեն շարունակվող ցեղասպանությունը դադարեցնելու վերաբերյալ միասնական դիրքորոշում․
«Ռուսաստանը, որը պատասխանատու է ԼՂ-ում խաղաղության պահպանման համար, և ԱՄՆ-ն, որն առաջ է մղում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները, հանդիսանում են Ցեղասպանության կոնվենցիայի մասնակից երկրներ։ Նրանք ունեն արտոնյալ դիրք՝ կանխելու այս ցեղասպանությունը։ Ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված նրանց ինտենսիվ դիմակայությունը չպետք է հայերին վերածի կողմնակի զոհերի»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Օկամպոյի զեկույցը ԼՂ շրջափակման մասին