Օդեսական նախադեպ. թե ինչպես են ուկրաինացի ակտիվիստները փոփ-աստղերին «սովորեցնում» սիրել Ուկրաինան
Օդեսայի ակտիվիստները պարբերաբար բողոքում են Ռուսաստանում և բռնակցված Ղրիմում հյուրախաղերի եղած արտիստների համերգների դեմ: Ակցիաները հայտարարագրվում են որպես խաղաղ բողոք, սակայն պարբերաբար վերաճում են ոստիկանության հետ ուժային դիմակայության: Օդեսայի համերգային գործակալները երաժիշտներին հրավիրելու թույլտվություն են խնդրում բողոքի ակցիայի կազմակերպիչներից: Թե ինչպիսի շարժառիթներ ունեն նրանք, պարզել է Հրոմադսկոյեն:
Հարցեր համերգի վերաբերյալ
Օդեսայում անցկացվող ակցիաները մշտական բնույթ են սկսել կրել 2017թ-ին: Սվետլանա Լոբոդա, Իվան Դորն, ռուսական «Բաստա» և DJ Smash. սա արտիստների ցանկն է, որոնց համերգները կամ ձախողվել են, կամ այդ ելույթների կազմակերպիչները ստիպված են եղել չեղարկել դրանք: Կամ, ուկրաինացի երգչուհի Իրինա Բիլիկի համերգի դեպքում, որն այնուամենայնիվ կայացել է, գործադրել են բոլոր ջանքերը ցուցարարների հետ պայմանավորվելու համար:
Հաջորդ, պոտենցիալ «վտանգավոր» շոուն Օդեսայում որոշել են ակտիվիստների հետ նախապես քննարկել, այլ ոչ թե դրա մեկնարկից անմիջապես առաջ. տեղական ռադիոկայանի սեփականատերը Ֆեյսբուքում խնդրել է բողոքի ակցիայի կազմակերպիչներին ռուսական «Մումի Տրոլ» խմբի համերգի անցկացման թույլտվություն:
Հասարակությունը դեմ է
«Մումի Տրոլը» Ղրիմ չի այցելել և չի աջակցել Ուկրաինայի օկուպացիային: Այդ պատճառով էլ ոչ մի արգելք նրա համար լինել չի կարող: Հիմնական չափնիշը ոչ թե քաղաքացիությունն է, այլ Ուկրաինայի հանդեպ վերաբերմունքը», — բացատրում է օդեսական «Աջ սեկտորի» նախկին առաջնորդ և օդեսական ակցիաների ներկայիս կազմակերպիչ Սերգեյ Ստերնենկոն:
Ստերնենկոյի խոսքով՝ քաղաքի սոցիալ-քաղաքական իրավիճակը բավականին խախուտ է, իսկ «ռուսական խաղաղության» կողմնակցիները նույնքան ակտիվ են տեղեկատվական դաշտում: Ղրիմում և Ռուսաստանում ելույթ ունեցած երաժիշտների համերգների դեմ ակցիաներն, ըստ Սերգեյի, բոլորի համար հիշեցում են, որ մեզ մոտ պատերազմ է, և այն դեռ չի ավարտվել:
«Ես պարզապես որոնում եմ, օրինակ, Իրինա Բիլիկ Ղրիմ» բառերը և միանգամից գտնում ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը: Այնուհետև մյուս հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրում եմ միանալ ակցիային», — Սերգեյը պատմում է այն սկզբունքը, որով որոշում է՝ դուրս գալ բողոքի ակցիայի, թե՝ ոչ:
Հասարակությունը դեմ չէ
Ուկրաինայում ռուսաստանցիների և Ռուսաստանում ուկրաինացիների ելույթների խնդրին ոչ այդքան միանշանակ են վերաբերվում հենց արտիստները: «Դիմակներ» թատերախմբի աստղ, օդեսացի Բորիս Բարսկին զարմացած է այդ թեմայի հանդեպ մեծ ուշադրությամբ և համարում է, որ դա լավ միջոց է քաղաքացիներին ավելի լուրջ խնդիրներից շեղելու համար:
Բորիս Բարսկին վստահ է, որ քաղաքացիական դիրքորոշումը յուրաքանչյուրի անձնական գործն է. մարդը կարող է «քվեարկել ոտքերով»՝ պարզապես չգալ ներկայացմանը կամ համերգին: Ռուս արտիստներին Ուկրաինա մուտք գործելու արգելքն օրենսդրորեն ամրագրելու իշխանությունների նախաձեռնությանն արտիստը թերահավատորեն է վերաբերվում:
«Դերասանները նույնպես մարդ են: Լինում են տաղանդավորներ, բայց հիմարներ: Լինում են խելացիներ, բայց անտաղանդներ: Լինում է, որ նրանք եթերում կարող են ինչ-որ բան այն չասել: Դե, լինում է, այդ ժամանակ նրանցից կարելի է նեղանալ», — ասում է դերասանը:
Արտիստների ստոպ-ցուցակը
Ռուս մշակութային գործիչներին, որոնք ելույթ են ունեցել բռնակցված Ղրիմում և ինքնահռչակ «հանրապետություններում», Ուկրաինա մուտք գործելն արգելված է օրենքով: Եվ բնավ ոչ բոլորն են դա բողոքարկում: Հուլիսի սկզբին ուկրաինացի սահմանապահները ներս չեն թողել ռուս երգիչ Դելֆինին: Նա պետք է նվագեր Կիևի Atlas Weekend փառատոնին: Երաժիշտները ելույթ են ունեցել առանց մեներգչի կարաոկե ռեժիմով. էկրանին հայտնվում էին երգերի տեքստերի տողերը, որոնք հանդիսատեսը երգում էր:
«Ես եղել եմ Ղրիմում, և ինձ չեն թողել Կիև: Կա այդպիսի օրենք, և այն կատարվել է: Այդքանը», — իր ֆեյսբուքյան էջում գրել է Դելֆինը:
Դեռևս օրենքը խախտած ոչ բոլոր արտիստներն են հայտնվում Ուկրաինայի Անվտանգության ծառայության և սահմանապահների ուշադրության դաշտում: Ռուսական Anakondaz խումբն, ի տարբերություն Դելֆինի, ելույթ է ունեցել Atlas Weekend-ին, իսկ Ուկրաինա մուտք գործելու արգելք ստացել է արդեն համերգից հետո:
Պաշտոնյաները խոստովանում են. բոլորին հետևելու ոչ ժամանակ կա, ոչ ռեսուրս: Եվ անգամ դիմում են ոչ անտարբեր քաղաքացիների օգնությանը: Սահմանային ծառայությունն այս տարվա գարնանն իր կայքում «ստոպ-ցուցակ» բաժին է գործարկել, որտեղ հուրաքանչյուրը կարող է տեղեկատվություն տեղադրել այն մարդկանց մասին, ովքեր Ղրիմ են այցելել՝ խախտելով ուկրաինական օրենքները (խոսքը միայն արտիստների մասին չէ):
Ղրիմ արտիստի այցելության ապացույցները կարող են տարբեր լինել. աֆիշաներ, տեսա-ֆոտոնյութեր, հրապարակումներ սոցցանցրի էջերից: Սակայն, ինչպես ասում են սահմանային ծառայությունում, դա ընդամենը լրացուցիչ տեղեկատվություն է, որն օգնում է որոշում կայացնել:
Այդ ընթացքում Ուկրաինայի հումանիտար հարցերով փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն առաջարկել է օրենսդրական մակարդակում պարտավորեցնել համերգների կազմակերպիչներին ռուս երաժիշտների ելույթները համաձայնեցնել Ուկրաինայի անվտանգության խորհրդի հետ: Համերիգի հայտը Կիրիլենկոն առաջարկում է Ուկրաինա ռուս արտիստների մուտքի օրվանից տասը օր առաջ ներկայացնել: