«ԱՄՆ-ն ունի Բաքվի վրա ազդելու գործիքակազմ, բայց ոչ կոշտ լծակ»․ կարծիք Երևանից
Օ’Բրայենը՝ սահմանազատման և ապաշրջափակման մասին
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացի շուրջ և պայմանավորվել են, թե որտեղ պետք է լինեն սահմանային գծերը։
«Կան որոշ հատվածներ, որոնք երկու կողմերն էլ դեռ վերահսկում են, բայց հավանական է, որ նրանք կնահանջեն սահմանների համաձայնեցման արդյունքում»,- ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է նա։
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի գնահատմամբ՝ Միացյալ Նահանգները չի կարող կոշտ լծակներ կիրառել՝ ստիպելու համար Ադրբեջանին «առանց որևէ բանի դուրս գալ օկուպացված տարածքներից», սակայն ԱՄՆ-ն ունի Բաքվի վրա ազդելու անուղղակի գործիքակազմ։
«ԱՄՆ գլխավոր գործիքակազմը սա է՝ օգնել Հայաստանին ոտքի կանգնել, դառնալ պաշտպանունակ, կայացնել նոր որակի բանակ, զինված ուժեր և ունենալ տնտեսական աճ»,- JAMnews-ի հետ զրույցում ասել է Սիմոնյանը։
Ի՞նչ է հայտարարել Օ’Բրայենը
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի տարածաշրջանային համագործակցության և անվտանգության ենթահանձնաժողովում կայացած լսումների ընթացքում Ջեյմս Օ’Բրայենն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի հարցին և նշել, որ կողմերը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացի շուրջ։
«Նրանք պայմանավորվել են, թե որտեղ պետք է լինեն սահմանային գծերը։ Եվ ճիշտ եք, որ կան որոշ հատվածներ, որոնք երկու կողմերն էլ դեռ վերահսկում են, բայց հավանական է, որ նրանք կնահանջեն սահմանների համաձայնեցման արդյունքում, և այս առումով հատուկ հետաքրքրություն են ներկայացնում բարձր լեռնային շրջանները: Բայց կրկին շեշտում եմ, որ սա գործընթաց է, որի վրա աշխատում են երկու կողմերը»,- պարզաբանել է նա։
Ամերիկացի պաշտոնյան հիշեցրել է, որ ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններ խաղաղության համաձայնագրի շուրջ, որի մաս է կազմում նաև սահմանների սահմանազատումը։
Ջեյմս Օ’Բրայենը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևորել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը․
«Կենտրոնական Ասիայի երկրներն անհավանական հարուստ են, և այժմ համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակները Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով է։ Եթե մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանով, ապա նրանք շատ ավելի քիչ կախվածություն կունենան ՌԴ-ից ու Չինաստանից և ավելի մեծ մուտք կունենան դեպի համաշխարհային շուկաներ»։
Նա հիշեցրել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը երաշխավորել էր հայերի անվտանգությունը, սակայն ձախողեց դա, և Բաքուն կարողացավ ռազմական գործողությունների միջոցով իր վերահսկողություն տակ վերցնել Լեռնային Ղարաբաղը։ Ըստ նրա՝ ՀՀ բնակչությունը փոխել է ՌԴ հանդեպ վերաբերմունքը, իսկ կառավարությունը որոշել է ռուս սահմանապահներին դուրս բերել «Զվարթնոց» օդանավակայանից։
Կարծում է՝ ինչպես Երևանը, այնպես էլ Բաքուն հիասթափված են իրենց հարաբերությունների կարգավորման գործում Մոսկվայի ներգրավվածությունից։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ Ջեյմս Օ’Բրայենի հայտարարությունները գնահատելիս պետք է տեսնել բանալի բառը՝ «հավանական է», ուստի հնարավոր է նաև, որ ադրբեջանական ուժերը դուրս չգան Հայաստանի ինքնիշխան տարածքներից։
«ԱՄՆ-ն չի կարող երաշխիքներ տալ այդ առումով, որովհետև Ադրբեջանը շատ կոշտ դիրքավորմամբ խաղում է ռուս-թուրքական քաղաքականության համատեքստում, այդ թվում՝ սերտացնելով իր հարաբերությունները Պակիստանի և Չինաստանի հետ, ռազմավարական երկխոսության մակարդակի հասցնելով ադրբեջանա-չինական հարաբերությունները»,- նկատել է նա։
Սիմոնյանի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ն կարող է կիրառել անուղղակի գործիքակազմ, այն է՝ օժանդակել ՀՀ պետականության ներուժի ամրապնդմանը, Զինված ուժերի կայացմանը, երկրի մարտունակության ու դիմադրողականության բարձրացմանը․
«Այդ դեպքում Հայաստանը հնարավորություն կունենա Ադրբեջանի վրա ճնշում գործադրել սիմետրիկ մեթոդով։ Ադրբեջանը սպառնում է բիրտ ուժով, բիրտ ուժով էլ կարելի է նրան պարտադրել դուրս գալ մեր տարածքներից»։
Ընդգծում է՝ եթե Հայաստանը ոչ թե վերականգնի ռազմական հավասարակշռությունը, այլ գերակայություն ունենա, Ադրբեջանը «ստիպված կլինի նահանջել»։ Ասում է՝ չկան ադրբեջանական տարածքներ, որոնք ՀՀ-ն է վերահսկում, եթե, իհարկե, խոսքն, այսպես կոչված, անկլավների մասին չէ։ Այդ հարցն, ըստ նրա, տարիների թնջուկ է, որը հնարավոր չէ լուծել մեկ ակնթարթում։
«Որևէ իրավաքաղաքական պայմանավորվածություն, պայմանագիր, փաստաթուղթ գոյություն չունի, որ Ադրբեջանն այդ անկլավներին տիրապետում է դե յուրե։ Դե ֆակտո տիրապետել է ԽՍՀՄ ժամանակահատվածում, բայց դրանք իրավական ուժ չունեցող որոշումներ են եղել»,- պարզաբանել է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ ԱՄՆ-ն համաձայն չէ Բաքվի արտատարածքային նկրտումների հետ․
«Ապաշրջափակում ասելով՝ Նահանգներում նկատի ունեն բնականոն կյանքի կարգավորում, ապամիլիտարիզացված տարածքներ, որտեղ մաքսային ծառայությունների մեթոդով տարբեր երկրների քաղաքացիներ հնարավորություն կունենան սահմանագիծը հատել»։
Ըստ Սիմոնյանի՝ ԱՄՆ-ն բազմամակարդակ քաղաքականություն է վարում, մասնավորապես՝ պետդեպարտամենտի մակարդակով իրականացնում է հաշտության միտված քաղաքականություն, իսկ անվտանգության քարտուղարների մակարդակով՝ «պլան Բ»՝ հաշվի առնելով խաղաղության քաղաքականության տապալման սցենարը։
«Եթե Ադրբեջանը հետ կանգնի խաղաղության օրակարգից, առոչինչ համարի բոլոր տեսակի պայմանավորվածությունները և ագրեսիա կիրառի, ԱՄՆ-ն կձեռնարկի Հայաստանի զինուժն արագ ոտքի կանգնեցնելու գործընթաց, ինստիտուցիոնալ կառուցվածքային փոփոխություններ, սպառազինության մատակարարում և այլն»,- շեշտել է նա։
Ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանից կողմից Ադրբեջանին չվերահսկվող ճանապարհ տրամադրելու հարցում ԱՄՆ և Իրանի դիրքորոշումները համընկնում են։ Երկուսի համար էլ «միջանցքը շահեկան չէ»։ Գուրգեն Սիմոնյանի համոզմամբ՝ պետք է հաշվի առնել նաև այն, որ Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները գնում են մեղմացման․
«ԱՄՆ-ն փորձում է Իրանին ախոյանի կարգավիճակից դուրս բերել գործընկերոջ կարգավիճակի։ Դա աշխարհագրությամբ պայմանավորված կարիք է՝ Հյուսիսային բևեռից մինչև Պարսից ծոց բոլոր տեսակի ենթակառուցվածքները ուղղակի կամ անուղղակի վերահսկողության տակ պահելու համար, գլոբալ՝ ամերիկա-չինական հակամարտության համատեքստում ընթացող քաղաքականություն է»։
Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար նախօրեին Թեհրան էր մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպել էր ինչպես նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի, այնպես էլ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ:
Իրանական «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ Փաշինյանի հետ հանդիպմանը Իրանի հոգևոր առաջնորդը ևս մեկ անգամ ընդգծել էր Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման կարևորությունը՝ շեշտելով, որ «Իրանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» վնասաբեր է համարում Հայաստանի համար»։ Պաշտոնական Երևանն այդ մասին տեղեկություններ չի հրապարակել։ Նշել է միայն, որ Փաշինյանն ու Խամենեին համոզմունք են հայտնել՝ «Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերն՝ ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Օ’Բրայենը՝ սահմանազատման և ապաշրջափակման մասին