Օբամային և Պուտինին Բելառուսում պատկերել են եկեղեցու որմնանկարում
Լուսանկար՝. nn.by
Բելառուսական Վիտեբսկի Սուրբ Անտոնիոս Պադուացու եկեղեցում անսովոր որմնանկարներ են հայտնվել: Հրեշտակներն այստեղ կիթառ և սաքսոֆոն են նվագում, իսկ աստվածաշնչյան հերոսների հետ մեկտեղ պատկերված են նաև համազգեստով զինվորականներ, գործնական կոստյումներով տղամարդիկ:
Սակայն ամենամեծ ուշադրությունը գրավում է նորածին Հիսուսին մոգերի երկրպագության սյուժեն: Կույս Մարիամին և նորածնին նվերներ են բերում մարդիկ, որոնք շատ նման են Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային և Դալայ լամային:
«Ինձ համար արվեստում և կրոնում հիմնական լեյտմոտիվն այն է, թե որքանով են նրանք հասցնում իրականությանից ետ չընկնել, որն անընդհատ փոխվում է, — Եվրոռադիոյին պատմում է որմնանկարների հեղինակ, նկարիչ Վլադիմիր Կոնդրուսևիչը: — Դա հեքիաթային բնույթի ինչ-որ պատմություն չէ, որը տեղի է ունեցել երկու հազար տարի առաջ: Դա այն է, ինչ տեղի է ունենում նաև հիմա: «Մոգերի և ընչազուրկների երկրպագություն. այսպես ենք մենք անվանել որմնանկարը: Այսինքն՝ այս աշխարհի ուժեղների և նրանց, ովքեր կանգնած են սոցիալական վերջին աստիճանին: Իսկ մնացածը մեկնաբանությունների մեծ դաշտ է թողնում: Այսպիսի պահ էլ կա. եթե հիշում եք՝ նվերները բերել էր երեք մոգ՝ Գասպարը, Բաղդասարն ու Մելքոնը, որոնց հաճախ պատկերում են որպես տարբեր ռասաների ներկայացուցիչների՝ սևամորթ, սպիտակամորթ և դեղնամորթ: Այդ պատճառով էլ այդպիսի հերոսները համապատասխանում էին»:
Նկարչի խոսքով՝ դասական աստվածաշնչյան սյուժեներն ավելի ժամանակակից դարձնելու գաղափարը ծնվել է եկեղեցու տեսքի շնորհիվ: Դա վերակառուցված մշակույթի տուն է, այդ պատճառով էլ դասական որմնանկարները պարզապես անհեթեթ կլինեին: Իսկ թե ինչ դետալներ ավելացնել և ինչ հերոսների պատկերել, նկարիչը որոշել է կսյոնձ Վյաչեսլավ Բորկի հետ:
Ճիշտ է, Վլադիմիր Կոնդրուսևիչն իրեն գյուտարար չի համարում.
«Ոչ մի վատ բան չեմ տեսնում նրանում, որ տրակտոր կամ այլ ժամանակակից առարկաներ են հայտնվում: Կարելի է նայել ինչ-որ Էլ Գրեկոյի աշխատանքներ, որը հրեշտակներին նկարում էր ջութակներով, թավջութակներով: Այն ժամանակ դրանք նույնպես նոր գործիքներ էին, դրանք նույնպես աչք էին ծակում, հեղափոխական էին թվում, ժամանակակից: Վերցնենք Բրեյգելին, որը մանուկների կոտորածի տեսարանը նկարել է իր համար ժամանակակից հոլանդական գյուղում: Այդ ամենը ձյան վրա է տեղի ունենում՝ ակնհայտ ոչ աստվածաշնչյան վայրերում: Այնպես որ, մենք առաջինները չենք, որ արդիականացնում են աստվածաշնչյան սյուժեները»:
Վլադիմիր Կոնդրուսևիչը որմնանկարներ է արել արդեն 7 տաճարներում, շատերում առանձին որմնանկարներ է արել, օրինակ, միայն խորանի տակ: Սակայն ներկան դասական աստվածաշնչյան սյուժեներին ավելացնել միշտ չի ստացվում. ամեն ինչ կախված է կառույցից, հոգևորականներից:
Այնուամենայնիվ, Սուրբ Անտոնիոս Պադուացու եկեղեցու ծուխը գոհ է նկարչից:
«Ովքեր ինձ մոտենում են, մոտենում են հիմնականում հիացմունքի խոսքեր ասելու, — խոստովանում է Վլադիմիր Կոնդրուսևիչը: — Նրանք, ում դուր չի գալիս, հաճախ լռում են և չեն ուզում հետս խոսել: Այնպես որ, ես հիմնականում դրական արձագանքներ եմ լսում: Մարդիկ կան, որ ասում են, որ պաշտամունքային շենքերի ոճն իրենց վանում է, քանի որ իրականության հետ կապ չկա: Իսկ այստեղ, ասում են, որ հեշտ է շնչելը: Այսպիսի արձագանքներ էլ են եղել»: