Քութայիսիում կանցկացվի հանրահավաք՝ ընդդիմությունն արդեն ցույցեր է սկսում Վրաստանի շրջաններում
Այն բանից հետո, երբ բանակցությունները վրացական իշխանությունների և ընդդիմության միջև ոչ մի արդյունք չտվին, ընդդիմության առաջնորդները որոշեցին ընդլայնել ցույցերի աշխարհագրությունն ու նեգրավել շրջանները։
Դեկտեմբերի 6-ին պլանավորվում է հանրահավաք անցկացնել Քութայիսիում՝ երկրի արևմուտքում գտնվող քաղաքում, որը մեծությամբ երկրորդն է Վրաստանում։
Քութայիսիի հանրահավաքի պահանջը նույնն է, ինչ Թբիլիսիում․ 2020 թ-ի աշնանը նախատեսված հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն նոր, ամբողջությամբ համամասնական համակարգով։ Որպես փոխզիջումային տարբերակ՝ ընդդմությունն առաջարկում է նաև ընտրություններն անցկացնել այսպես կոչված «գերմանական մոդելով»։
•Ի՞նչ է «գերմանական մոդելը», որը կարող է լուծել Վրաստանի քաղաքական ճգնաժամը
Շրջաններում հանրահավաքներ անցկացնելու որոշումն ընդունել է 30 ընդդիմադիր կուսակցութուն դեկտեմբերի մեկին կայացած համատեղ հանդիպման ժամանակ։
Քութայիսիի ակցիան սկսվելու է 14:00-ին։
Մինչ այդ ընդդիմությունն ու ակտիվիստները երթ են պլանավորում մարզպետարանի շենքի ուղղությամբ։
Ինչպես նշում է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Բակրաձեն, ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, «քանի դեռ իշխանությունները հաշվի չեն առել ընդդիմության և ողջ հասարակության պահանջը»․
«Քութայիսիի ակցիան խաղաղ է լինելու, և շրջաններում ամենուր խաղաղ ակցիաներ են լինելու, ինչպես եղել է միչև հիմա։ «Վրացական երազանքն» ու Իվանիշվիլին պետք է գիտակցեն, որ քաղաքական ճգնաժամը կավարտվի ոչ թե այն ժամանակ, երբ նրանք հատուկջոկատայիններին դուրս բերեն, այլ երբ մենք միասին փորձենք ելք գտնել քաղաքական փակուղուց․․․»
Ընդդիմությունը նախկինի պես պլանավորում է շարունակել ակցիաները Թբիլիսիի խորհրդարանի և այլ պետական հաստատությունների շենքերի մոտ։
«Իշխանությունները պետք է հասկանան, որ հանրությունը կանգ չի առնելու։ Ոչ հատուկջոկատայինները, ոչ սադրիչները նրանց չեն օգնի։ Ելքը միայն քաղաքական փոխզիջումն է», — հայտարարել է Բակրաձեն։
Վրաստանում ցույցերը սկսվել են նոյեմբերի 14-ին այն բանից հետո, երբ իշխանությունները տապալել են ընտրական բարեփոխման ընդունումը՝ դրանով իսկ չկատարելով խոստումը, որը կուսակցության առաջնորդ, օլիգարխ և Վրաստանի ոչ ֆորմալ առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հանրային կերպով տվել էր Թբիլիսիի ամառային ցույցերի ժամանակ․ փոփոխություններ կատարել սահմանադրությունում և անցնել ընտրությունների ամբողջությամբ համամասնական (կուսակցական) համակարգի։
Չնայած երկարատև մասշտաբային փողոցային ակցիաներին՝ իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում զիջումների գնալ և պլանավորում են 2020 թ-ի խորհրդարանական ընտրություններն անցացնել հին, խառը (համամասնական, մեծամասնական) համակարգով։
Ընդդիմությունը որոշ ժամանակ անց փոխզիջում առաջարկեց՝ այսպես կոչված «գերմանական մոդելը»։ Այդ դեպքում ընտրությունների համակարգը նույնն է մնում, ինչ հիմա, սակայն մանդատների բաշխման սկզբունքն այլ է։ Ըստ ընդդիմության միասնական կարծիքի՝ այս համակարգը շատ ավելի արդար է բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ։
Սակայն իշխանությունները հայտարարեցին, որ այդ մոդելն անհամատեղելի է Վրաստանի սահմաանդրության հետ։ Իշխանությունների և ընդդիմության հանդիպումը, որը կայացավ արտասահմանյան դիվանագետների նախաձեռնությամբ, արդյունք չունեցավ։
Նոյեմբերի 14-ից ոստիկանության հատուկջոկատայինները երկու անգամ ցրել են խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին ջրցանի օգնությամբ։
Մի անգամ ոստիկանները նույնիսկ երկաթյա ցանկապատ էին կառուցել խորհրդարանի շենքի մոտ՝ օրենսդիր մարմինը ցուցարարներից պաշտպանելու համար։
Թբիլիսիում և Վրաստանի մյուս քաղաքներում շարունակվում են տարբեր պետական կառույցների գրասենյակների մոտ ցույցերը։
Վրաստանի համար նոր երևույթ են «հակաակցիաներն»․ այնտեղ, որտեղ անցկացվում են ընդդիմության ցույցերն, ի հայտ են գալիս իշխանամետ «երիտասարդական շարժումների» ներկայացուցիչներ, որոնք ֆիզիկապես դիմակայում են ցուցարարներին։
Հասարակության մեծ մասը վստահ է, որ այդ խմբերի հավաքները կազմակերպում է կառավարությունը։ Բազմիցս նկատվել է, որ հակաակցիաներին մասնակցում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության պաշտոնյաների երեխաները։
Ընդդիմությունն այդ խմբերը «տիտուշկաներ» է անվանում Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի պաշտոնավարման ժամանակ ագրեսիվ իշխանամետ երիտասարդական խմբերի նմանությամբ։