Քնեցին Ախալքալաքում, զարթնեցին Բորժոմում
Աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, Ջավախքի բնակիչները բողոքում են Վրաստանի ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների դեմ: Նրանք նոր օրենքն ընկալում են որպես ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարում:
Համաձայն այդ փոփոխությունների, որոնք վերաբերում են ընտրատարածքների սահմաններին, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետները միավորվել են մեկ մեծամասնական ընտրատարածքում, իսկ 17 գյուղեր, որոնք մինչ այդ եղել են Ախալքալաքի մունիցիպալիտետի կազմում, այժմ միացվել են Բորժոմին: Այսինքն, եթե այսօր Ջավախքը խորհրդարանում ներկայացնում են երկու պատգամավոր, ապա ապագա խորհրդարանում գլխավորապես հայերով բնակեցված այդ ընտրատարածքից կլինի ընդամենը մեկը:
Ազավրեթն այն 17 գյուղերից մեկն է, որոնք կայանալիք խորհրդարանակն ընտրություններին կմիացվեն Բորժոմի ընտրատարածքին:
Այդ գյուղի տղամարդկանց մեծ մասը, ընտանիքն ինչ-որ կերպ կերակրելու համար, հաճախակի մեկնում է Ռուսաստան արտագնա աշխատանքի:
Այստեղի բնակիչները գրեթե կտրված են Թբիլիսիի տեղեկատվական անցուդարձից, վրացերեն քչերը գիտեն, լրատվություն հիմնականում ստանում են ռուսական ալիքներից: Շատերն անգամ տեղյակ չեն, որ աշնանը Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են լինելու, նույնիսկ չգիտեն ներկայիս վարչապետի անունը:
Սակայն այն լուրը, որ գյուղը միացվելու է Բորժոմի մունիցիպալիտետին, մտավախություն է առաջացնում մարդկանց մոտ:
Գյուղի կենտրոնում հավաքված երիատասարդության զրույցի հիմնական թեման Ազավրեթի միացումն էր Բորժոմին:
«Մենք դեմ ենք այդ օրենքին, — ասում է Եղիշե Այվազյանը, — ինչո՞ւ խորհրդարանում պետք է ունենանք ընդամենը մեկ հայ պատգամավոր: Առաջին ու ամենակարևոր հարցը, որն այստեղ ծագում է, կրկին լեզու չիմանալն է: Մենք վրացերեն չգիտենք, ինչպե՞ս պետք է շփվենք պատգամավորի հետ»:
«Աստված չանի, որ խնդիրներ ունենանք, չենք իմանալու, թե ում դիմել: Ախալքալաք գնանք, ասելու են դիմեք նրան, ում ընտրել եք, իսկ Բորժոմ գնալը գումարի և ժամանակի վատնում է», — համաձայնում է Յուրա Չախալյանը:
Այն հարցին, թե արդյո՞ք երբևէ շփվել են Վրաստանի խորհրդարանում իրենց ներկայիս ներկայացուցչի հետ` բացասական պատասխան են տալիս:
«Պատգամավորներին մենք ընտրությունից ընտրություն ենք տեսնում: Հետո նրանք անհետանում են: Բայց խնդիրը միայն դա չէ: Ինչո՞ւ մեզ չեն հարցրել, երբ ընդունել են այդ օրենքը: Առաջին հերթին, դա արհամարհական վերաբերմունք է, մեզ երբեք ոչ ոք ոչինչ չի հարցնում: Մենք ասում ենք «ոչ», իսկ նրանք, միևնույն է, իրենց աթոռներին նստած անում են իրենց սրտի ուզածը», — ասում է Եղիշե Այվազյանը:
Լեզու չիմանալն ու տեղափոխման հետ կապված անհարմարությունը նոր օրենքին դեմ լինելու գլխավոր փաստարկներն են:
«Մենք չենք ուզում տարանջատվել Ախալքալաքից: Նախ, Բորժոմը հեռու է, մեր հարցերով զբաղվելու համար պետք է 150-200 կմ ճանապարհ կտրենք, որպեսզի հասնենք շրջկենտրոն: Բացի այդ ստպված պիտի լինենք մեզ հետ վրացի տանել, ով նաև հայերենին կտիրապետի և կթարգմանի, քանի որ վրացերեն չենք հասկանում: Այստեղ շրջկենտրոնում հայերեն ենք խոսում, իսկ Բորժոմում մեզ ո՞վ կհասկանա», — ասում է Յուրա Չախալյանն, ով բնակիչների մեծ մասի պես արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան, վերադառնալով միայն ձմռանը: Յուրան ավելի շատ Ռուսաստանում է լինում, սակայն հետևում է, թե ինչ է կատարվում հայրենի գյուղում:
Փետրվարին Բորժոմին միացվող երեք գյուղերի երիտասարդները հավաքվել էին Ախալքալաքի մունիցիպալիտետի շենքի մոտ՝ նոր օրենքի դեմ բողոքի:
Ակցիայի ընթացքում նշվել է, որ եթե իրենց պահանջներին ականջալուր չլինեն, ապա նրանք չեն մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին:
Ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Ախալքալաքի պատգամավոր, «Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Սամվել Պետրոսյանը: Նրա կարծիքով, կատարված փոփոխությունները ժողովրդավարական են, սակայն ազգային փոքրամասնությունների իրավունքները հաշվի առնված չեն:
«Ժողովրդավարության սկզբունքների տեսանկյունից փոփոխություններն արդարացի են, սակայն կա մի բան, որ հաշվի չի առնվել և անտեսվել է: Վենետիկի հանձնաժողովի հորդորով ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքների և ընտրատարածքների սահմանները պետք է համընկնեն` ազգային փոքրամասնությունների իրավունքները չխախտելու համար», — ասում է Պետրոսյանը:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունները վերաբերում են ոչ միայն Ջավախքին, ընտրատարածքների սահմանները փոփոխում են ողջ Վրաստանում:
Ինչպես նշում են իշխանությունները, փոփոխությունները պայմանավորված են տարբեր ընտրատարածքներում ընտրողների անհավասար քանակով: Օրինակ, եթե մեկ ընտրատարածքում պատգամավոր է ընտրում 50 հազ. մարդ, ապա մյուսում՝ 5 հազ.:
Նոր քվոտայի համաձայն, ամեն ընտրատարածքում պետք է 47 500 ընտրողից պակաս չլինի: Հենց այդ պատճառով էլ փոփոխվել են ընտրատարածքների սահմանները:
Սակայն այս փաստարկն ընդունելի չէ Ջավախքում: Ասում են, որ ամեն ինչից զատ, նոր կարգը նրանց մի շարք անհանգստություններ է պատճառելու:
Դժգոհ են նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչները: Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավորները նոր օրենքի մասին իմացել են դրա ուժի մեջ մտնելուց հետո միայն:
Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավոր Մերուժան Մարաբյանի կարծիքով, Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները «Ջավախքի համար ահռելի վտանգ են պարունակում»:
«Վերջին ժամանակներս ես շատ գյուղերում եմ եղել: Մարդիկ հուզվում են, հարցնում՝ արդյոք իրենց միացնելու են այլ շրջանի», — ասում է Մարաբյանը:
«Վերցնել ու 17 գյուղ առանց հարցնելու և տեղյակ պահելու միացնել այլ մունիցիպալիտետի, և երկու հսկայական շրջան թողնել ընդամենը մեկ պատգամավորի ուսերին, անհասկանալի է: Ժողովուրդը չի հասկանում, թե ինչ բան է մեծամասնական ընտրատեղամասը, նա գիտի միայն, որ գյուղը պոկում ու տանում են», — ասում է Կուլիկամ գյուղի պատգամավոր Սարգիս Ուզունյանը:
Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական իշխանությունների ներկայացուցիչներն արդեն հատուկ դիմում են ուղարկել կենտրոնական իշխանություններին՝ խնդրելով հետ կանչել օրենքը և լրամշակել:
Վրաստանի խորհրդարանին, վարչապետին ու նախագահին հասցեագրված նամակում ասվում է, որ ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքներում ընտրությունները պետք է անցկացվեն նախկին չափանիշներով, որպեսզի ամեն մունիցիպալիտետ հնարավորություն ունենա ընտրելու առանձին մեծամասնական պատգամավորի:
«Վրացական երազանք» իշխող կոալիցիայի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Գիորգի Վոլսկին կարծում է, որ Ջավախքի բնակչությունն ահնանգստանալու առիթ չունի:
«Վրաստանի ոչ մի շրջան խորհրդարանում առանց ներկայացուցչի չի մնա, — վստահեցնում է նա: — Դա վերաբերում է և՛ Ախալքալաքին, և՛ Նինոծմինդային: Եթե նրանց ընդհանուր մեծամասնական պատգամավորը ախալքալաքցի լինի, ապա Նինոծմինդայի ներկայացուցչին մենք կմտցնենք համամասնական ցուցակ, այնպես որ նա նույնպես խորհրդարանում կլինի»: