Ում ու ինչու ենք մենք ողջունում
Կարծեմ առաջին անգամ է այսպիսի բան տեղի ունենում. համակարգչիս էկրանին լիքն են սկսած ու կիսատ թողած հոդվածները: Դրանցից որոշները Գալին են վերաբերում: Դրանք սկսել եմ գրել, երբ սպանեցին Գիգա Օտխոզորիային: Դրանք ավարտած են, սակայն չեմ ուղարկել հրապարակելու: Իսկ հետո հանրային կերպով այդ թեման քննարկելու ցանկությունս կորավ:
Վերջին մի քանի օրերին զվարճալի է: Ակցիան, որն իրականում անարդյունք էր, ընդ որում ոչ ոքի չէր խանգարում, սոցցանցերում հանկարծ օրվա և նույնիսկ շաբաթվա թեմա դարձավ:
«Մշիբզիա» գաղափարի հեղինակը (անուն-ազգանունը չգիտեմ ինչու թռել է գլխիցս), իմ կարծիքով, մեծ գործ է կարողացել անել՝ հասնել վրացական և աբխազական հասարակությունների միաբանությանը: Վերջապես այնպիսի մի բան հայտնաբերվեց, որը կողմերը նույն կերպ են գնահատում՝ կատեգորիկ ոչ ադեկվատություն և դատարկ բան են անվանում:
Ափսոսում եմ այդ երիտասարդի նյարդային համակարգը (դա հիշում եմ): Վստահ եմ, որ նա այս օրերին իրեն անհանգիստ է զգում: Հավանաբար անմեղ ողջույնին այդպիսի արձագանք չէր սպասում: Մյուս կողմից, մտածում եմ նաև այն մասին, աղմկոտ ակցիայի (8000 հոգու մասնակցությամբ ակցիան չի կարող աղմկոտ չլինել) հեղինակը պետք է լավ հաշվարկեր, թե ինչ են ուզում լսել աբխազները վրացիներից, ինչը նրանց չէր հետաքրքրելու և ինչ նրանք չեն կարող և չեն ուզում լսել:
Դրանից առաջ, երբ Աբխազիայի մասին հերթական հոդվածն էի գրում, հիշողությանս մեջ հայտնվեցին սեպտեմբերի 11-ի կադրերը: Երևի ամենասրտաճմլիկ տեսարանն էր, որը երբեևէ եղել է. աղջիկը, փախնելով կրակից, դուրս թռավ աշխատասենյակից և ձեռքը գցեց պատից դուրս ցցված մետաղական ձողին: Այն աստիճանաբար տաքանում էր կրակից և ի վերջո շիկացավ այն աստիճան, որ դրանից բռնվելն անհնար դարձավ: Աղջիկը ուղղվեց, ինչ-որ ժամանակ հավանաբար ուժերն էր հավաքում, խաչակնքվեց և նետվեց ցած: Այդպիսի կադրերը լավ ռեժիսորներն ըստ արժանվույն կգնահատեն: Նրանք, ովքեր մի փոքր սիրում են կինոն, կհասկանան՝ ինչու:
Իմ ենթագիտակցությունը «վատ ճաշակ ունի», այն ներծծում է այդպիսի դաժան պահեր, և հետո արդեն դրանցից հնարավոր չէ ազատվել: Հետո ինչ-որ ժամանակ անց նյույորքցիների մեծ մասը կողմ արտահայտվեց զույգ աշտարակների տեղը հիշատակի միասնական հուշարձան կառուցելուն: Դա մեծ ցավի ամիսներ էին, սակայն այդ օրերին Ամերիկայում մուսուլմանների հանդեպ ընդգծված կոռեկտ վերաբերմունք կար անմեղ մարդկանց կյանքը չթունավորելու համար: Այն ժամանակ ես Աբխազիայի մասին դեռ չէի մտածում, չնայած այդպիսի մեծահոգության օրինակն ինձ մտովի մեր տարածաշրջան էր վերադարձնում: Ուզում էի իմանալ՝ ինչպիսին ենք մենք, ինչին ենք կողմ՝ վրեժխնդրությա՞նը, թե՞ մեծահոգությանը: Արդյո՞ք մենք ի վիճակի ենք ճանաչելու և հասկանալու միմյանց, եզրակացություններ անելու, ներելու և նոր ուղիներ փնտրելու:
Աբխազիայի մասին սկսեցի ավելի ուշ գրել: Այդ թեման ինձ հետաքրքրում էր, և այս ամբողջ ժամանակահատվածում, որ աշխատում էի հոդվածի և բլոգի վրա, հաստատ գիտեի, թե ինչ եմ ուզում ասել: Ամեն դեպքում իմ էկրանին երբեք Աբխազիայի մասին այդքան անավարտ հոդվածներ «թափթփված» չէին եղել:
Իսկ հիմա այն մարդկանց մեծամասնության պես, ովքեր գրել են աբխազական կոնֆլիկտի մասին, ինձ հոգնածություն է պարուրում: Զզվեցնում է վրացիների միամտությունը կամ դիտավորյալ միամտությունը, որի տակ գիտակցված հաշվարկ է, որն էլ նորանոր տարօրինակությունների է բերում:
Հոգնեցնում է տեսնել, թե ինչպիսի ոգևորությամբ են աբխազները քարկոծում «նախաձեռնող» վրացիներին, ովքեր ի սրտե կարծում են, որ եթե իրենք ներել են աբխազներին՝ ընդ որում իմանալով մեր կոնֆլիկտի ամենամութ ու արյունալի կողմերի մասին, ապա աբխազների համար նույնպես եկել է ներելու ժամանակը: Ժամանակ չեմ ծախսելու երկրորդ կողմի փաստարկների վրա, վստահ եմ, որ իրենք ի վիճակի են պատասխանելու:
Թվում է՝ հոգնել եմ արդեն հիշել, թե քանի անգամ եմ ինձ զսպել, որ այսպիսի դեպքերում, երբ վրացիներից մեկը սրա պես միամտություն է ցուցաբերում, մի քանի ջերմ խոսք չգրեմ աբխազների հասցեին, քանի որ ֆանտազիաս հուշում է, թե ինչպիսի պատասխան կտային վրացիները սիրո նման դրսևորմանը, օրինակ, ռուսներից: Գիտակցությունս ոչինչ չի կարող անել այդ ֆանտազիաների հետ, չնայած որ շատ մարդ գիտեմ, ովքեր աբխազներին անկեղծ սիրում են:
Իսկ մնացածը` երբ, ինչպես և ինչ տեսքով կգա մեր երկու կողմերի փրկությունը, դժվարությամբ եմ պատկերացնում և ոչ թե նրա համար, որ այդտեղ ինչ-որ անհնարին բան կա: Ոչ, այս անելանելի վիճակը մեր «քաղաքական ավանդույթն է», ինչպես վերջերս գրել էր Անտոն Կրիվենյուկը. նույնատիպ մակերեսային մեսիջներ և նույնատիպ ագրեսիվ արձագանք:
Չգիտեմ, թե ինչպես դա տեղի կունենա, սակայն միգուցե մի փոքր օգնե՞նք միմյանց այդ ավանդույթը փոխելու համար, այլապես մեր ընդհանուր ելքի մասին մտորելու համար նյարդեր միայն ինֆուզորիայի մոտ կմնան: Իսկ ինֆուզորիան, ինչպես հայտնի է, նյարդեր բացարձակ չունի:
Քեթի Կատրաիա, Թբիլիսի
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ
Հրապարակվել է 23.06.2016