Քաղցկեցը այլևս դատավճիռ չէ
Հայաստանում քաղցկեղից մահացության և հիվանդացության ցուցանիշը շարունակում է վերելք ապրել. առավել շատ են տղամարդկանց մոտ թոքի քաղցկեղի դեպքերը, կանանց մոտ` կրծքագեղձի, որին հաջորդում է արգանդի վզիկի քաղցկեղը: Ոլորտի մասնագետները կապում են դա հիվանդության վաղ շրջանում հայտնաբերման ցածր ցուցանիշների հետ: «Քաղցկեցը այլևս դատավճիռ չէ»,- հայտարարում են առողջապահության ոլորտի մասնագետները կոչ անելով ժամանակ գտնել՝ տարեկան գոնե մեկ անգամ հետազոտվելու համար:
Երևանում գործող Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի բժիշկ ռադիոլոգ Անի Հակոբյանը ասում է. «Խնդրում եմ կանանց ոչ թե սպասել, որ քաղցկեղը կլինիկորեն դրսևորվի ու նոր դիմեն, այլ դիմեն բժշկի առողջ վիճակում: Կարևոր է քաղցկեղը որսալ նախաքաղցկեղային փուլում, իսկ դա ենթադրում է արդեն փոքրիկ միջամտություն, առանց կրծքի հեռացման և դեպքերի մեծ մասում առանց քիմիա և ճառագայթային թերապիայի, ինչն էլ իր հետ բերում է ժամանակի և ֆինանսի մեծագույն խնայողություն»:
Մասնագետների խոսքով, սովորաբար դիմում են բժշկին, հիվանդության երրորդ կամ չորրորդ փուլերում, սակայն վերջին ժամանակներում դիմելությունը այնուամենայնիվ մեծացել է:
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում ամեն տարի հետազոտվում է շուրջ 43 000 կին, գործունեության արդեն 19 տարիների ընթացքում այստեղ կատարվել է 243 977 կրծքագեղձի հետազոտություն: Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվել է 9 908 կնոջ մոտ, զննումների շնորհիվ փրկվածների թիվը կազմում է 5 982 կին:
Կետրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը ասում է, 20 տարի առաջ օրվա ընթացքում ունենում էին երկու կամ երեք այցելու, այսօր`150-200.
«Այս թիվը արդեն չորրորդ տարին է ունենում ենք, ինչը նաև հետևանք է իրազեկման, ԶԼՄ-երի հետ աշխատանքի: Մի քանի տարի առաջ միանշանակ գալիս էին, երբ դանակը ոսկորին էր հասած լինում, երբ երրորդ կամ չորրորդ փուլում էին ու գրեթե ոչինչ անել հնարավոր չէր լինում: Այն ժամանակ 40/60 հարաբերակցությամբ էր, հիմա դարձել է 60/40 հարաբերակցություն»:
Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուռուցքաբան Արթուր Ավետիսյանն էլ նշում է. վաղ փուլում հայտնաբերելու առավելություն է լիովին բուժվելու հավանականությունը.
«Իհարկե վերջին տասնամյակում հաճախ բարձրաձայնումը տալիս է որոշակի դինամիկա, սակայն դեռ 30 տոկոսը դիմում են երրորդ ու չորրորդ փուլում»:
37-ամյա Կարինե Գասպարյանը պատմում է, որ եթե ավելի շուտ դիմած լիներ բժիշկներին, կամ գոնե տարին մեկ անգամ մամոգրաֆիկ հետազոտություն անցած լիներ, ճակատագիրն այդքան գուցե դաժան չլիներ.
«Ամեն ինչ սկսվեց ծնկիս ցավից: Հետո ողնաշարումս ցավեր ունեի, կարծում էի որ աշխատանքիս հետ է կապված, ես բանջարեղենի խանութում էի աշխատում ու արկղեր հաճախ էի բարձրացնում: Հետո այնքան վատթարացավ վիճակս, որ գրեթե քայլել չէի կարողանում: Գնացի բժշկի, պարզվեց կրծքագեղձի քաղցկեղ ունեմ ու ամենավատ վիճակում եմ, մետաստազները տարածվել էին ամբողջ ոսկորներովս: Նայում էին հետազոտության արդյունքներին ու չէին հավատում, որ ես դեռ ողջ եմ: Ինձ վիրահատեցին հունիսին, հեռացրել են երկու կրծքագեղձերս, ձվարաններս, որպեսզի ավելի անվտանգ կյանք ունենամ, փառք եմ տալիս Աստծուն որ կենդանի եմ, շնորհակալ եմ բժիշկներին»:
Նա նշում է, որ բավական չէր առողջական լուրջ խնդիրների առաջ էին կանգնել ամբողջ ընտանիքով, նաև պետք է կարողանային հաղթահարել հետազոտության և բուժման համար պահանջվող մեծ գումարները.
«Միայն հետազոտությունները կազմեցին 700-800 հազար դրամ ($1460-1670): Մինչև վիրահատությունը և վիրահատությունից հետո էլ տասը քիմիա ստացա, ամեն մի քիմիան`300 հազար դրամ ($625). Մեր ընկերներն ու բարեկամներն են մեր ընտանիքի կողքին կանգնած եղել, որ կարողանայինք հաղթահարել ճակատգրի այս փորձությունը, որպեսզի ես ապրեի»:
Կրծքագեղձի քաղցկեղի բուժման եղանակներն են`վիրահատությունը, դեղորայքային բուժումը, քիմաթերապիան, թիրախային, ճառագայթային բուժումը: Ուռուցքաբանները նշում են. ուռուցքի հիմանական տեսակները միայն մեկ բուժման եղանակով չեն բուժվում, երբեմն դրանք լինում են համակցված, և հիվանդը վիրահատվում է, ստանում է և քիմիաթերապիա, և ճառագայթային բուժում:
ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ուռուցքաբան, քիմիաթերապևտ, Լիանա Սաֆարյանը նշում է, որ բժիշկների համար էլ դժվար է, պետք է մտածեն, ինչպիսի բուժում նշանակեն, որ հիվանդը կարողանա դրա համար վճարել.
«Աշխարհի զարգացած երկներում չկա այդ խնդիրը, գոյություն ունեն ապահովագրություններ, պետությունը փակում է ամբողջ թանկ դեղորայքները, մինչդեռ Հայաստանում սա շատ լուրջ խնդիր է, դեղերը բավականին թանկ են: Հաճախ են մեզ հիվանդները ասում. «Եթե բնակարանը վաճառենք ու գնենք այս դեղորայքը, դա ինձ կփրկի…» Բժշկի համար պատասխանատվություն է, որովհետև անգամ եթե վաճառի ու գնի, դա 100 տոկսով չի ապահովագրում հետագայում հիվանդության կրկնությունից:
Հաշմանդամության կարգ ունեցող հիվանդները պետության կողմից ստանում են աջակցություն 60 հազար դրամի ($125) սահմաններում որպես քիմիաթերապիայի հարակից օգնություն հիվանդներին, բայց դա շատ մեծ գումար չէ: Ցավոք, դեռ չկա այդ հնարավորությունը, որ պետությունը ամբողջությամբ փակի ծախսերը»:
Հիվանդներից շատերը հաճախ դեղորայքը ձեռք են բերում հարևան Վրաստանից, որտեղ նույն դեղերը երկու-երեք անգամ ավելի մատչելի են, քան Հայաստանում, շատերին էլ ուղարկում են արտերկրում գտնվող բարեկամներն ու ընկերները:
«Դա մեր ոլորտից դուրս է, բայց ես կարծում եմ, որ Հայաստան ներմուծված դեղերին է ավելանում ԱԱՀ 20 տոկոսը: Երբեմն լուրջ խնդիր է կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ, դեղորայք կա, որ ամեն կուրսը 600 հազար դրամ ($1250) արժե, մեկ տարում 16-17 ներարկում`դա ֆինանասական մեծ ծանրաբեռնվածություն է»,- ասում է Լիանա Սաֆարյանը:
Կրծքագեղձի քաղցկեցը հաղթահարած, բազմաթիվ դժվարությունների միջով անցած 47-ամյա Սուսաննա Սերոբյանը պատմում է, որ իր բուժումը տևել է երկու տարի, կազմել`70 հազար դոլլար:
«Առնչվել եմ ամենավատ քաղցկեղներից մեկին, որի բուժումը խիստ թանկ էր, պատկերացրեք, որ մեկ ասեղի արժեքը 3000 դոլարի շրջանակներում էր, դա թիրախային բուժում է կոչվում: Ամբողջ բուժումս կազմակերպել են ընկերներս, բարեկամներս, վաճառել ենք ամեն ինչ, ինչ ունեցել ենք, մեր բնակարանը»,- ասում է եռյակ տղաների մայր, մասնագիտությամբ տնտեսագետ Սուսաննան:
Քաղցկեղի բուժման բարդ ճանապարհը հաղթահարած կինը նշում է, որ կանխարգելելը ամենաէժան տարբերակն է.
«Պետությունը, եթե չի կարողանում մասնակցել բուժման փուլում, կամ մասնակցում է մասնակի, շատ քիչ, ապա գոնե հնարավորություն ստեղծի կանխարգելել զննումների միջոցով. վաղ հայտնաբերել ու մասնավորապես կրծքագեղձի քաղցկեղը, որն ավելի հաղթահարելի քաղցկեղ է ի տարբերություն օրինակ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի: Յուրաքանչյուր հայ կին արժանի է, որ ամեն տարի մեկ անգամ ստանա ուղեգիր, որով անվճար կանցնի այդ հետազոտությունը իր թաղամասի պոլիկլինիկայում: Թող մեր կանայք մարտի ութին ստանան այդ ծրարը, հատկապես ռիսկի խմբում գտնվողները»:
Նա «Եվրոպա Դոննա Արմենիա» պացիենտական կազմակերպության անդամ է, որն արդեն երկու տարի է գործում է Հայաստանում, գոյություն ունի աշխարհի շուրջ 47 երկրներում: Կազմակերպության առաքելությունն է զգալիորեն նվազեցնել ուշ հայտնաբերվող դեպքերի թիվը, որպեսզի Հայաստանում, ինչպես բոլոր զարգացած երկրներում, կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերվի առաջին փուլում, և հիվանդները ունենան բուժման 100% արդյունք:
Սուսաննան նշում է, որ Պացիենտական կազմակերպությունների դերը տեսնում է նաև լոբբիի մեջ, ըստ նրա եթե բժիշկներն ու պացիենտները միավորվեն ու երկուսին հուզող խնդիրները բերեն մեկ հարթակ, ապա կարող են այդ հարթակից ճնշում գործադրել ու այդ հարցում ներգրավել առողջապահության նախարարին:
Ուռուցքաբան Արթուր Ավետիսյանն էլ կարևորում է հասարակական պահանջի ձևավորումը, որպեսզի Հայաստանում ներդրվի կրծքագեղձի քաղցկեղի պետական սկրինինգ, ինչպես անում են զարգացած և արդեն նաև զարգացող երկներում.
«Պետությունը և բարեգործական ֆոնդերը միավորվեն, միգուցե Համաշխարհային բանկը, և Հայաստանում հիմնեն: Կանոնավոր ըստ ընդունված ժամանակացույցի կանայք հրավիրվեն մամոգրաֆիկ հետազոտության` ռիսկի խմբերը: Երբ կունենանք պետական կազմակերպված սկրինինգ՝ բոլորն էլ կանցնեն հետազոտությունը, իհարկե դա կբարձրացնի հիվանդացությունը, ավելի շատ կհայտնաբերվեն, բայց միաժամանակ կնվազի մահացությունը»:
Առողջապահության նախարարությունը անվճար իրականացնում է արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման ուղղված սկրինինգ ծրագիր, որի նպատակն է հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը: Այս ծրագրի հետ կապված ոլորտի մասնագետները նշում են. Հայաստանում կանայք դժվարությամբ են գնում հետազոտման, այն դեպքում, երբ հիվանդացությունը բավականին բարձր տոկոս է կազմում երկրում: Ըստ ուռուցքաբանության ազգային կենտրոնի՝ արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերի 57%-ը գրանցվում է հիվանդության զարգացման 3-4-րդ փուլերում:
Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ուղղված սկրինինգը արժե 30000 ($62) դրամ`սոնոգրաֆիան 10 հազար դրամ ($20), մամոգրաֆիան, որը հիմնակնում արվում է 35-40 անց կանանց շրջանում`20 հազար դրամ ($40), ինչն էլ յուրաքանչյուր կին չի կարող Հայաստանում իրեն թույլ տալ:
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը նշում է, որ կազմակերպությունը փորձում է ինչ-որ չափով բարելավել իրավիճակը՝Ս իրենք հաճախ գնում են հանրապետության տարբեր մարզեր, Ղարաբաղ արտագնա անվճար հետազոտություն կատարելու.
«Վերջերս Արցախում էինք, 250 հոգու`վահանձև գեղձ, կրծքագեղձ ենք հետազոտել: Հայտնաբերեցինք մի քանի դեպք քաղցկեղի, բայց ամենակարևորը`հայտնաբերեցինք հյուսվածքների պաթոլոգիա մի կերակրող մոր մոտ, բերեցինք Երևան` կատարեցինք վիրահատություն, ու ինքը փրկվեց: Այդ կինը նախաքաղցկեղային փուլում էր: Դա մեծ նվաճում է: Գնում ենք նաև տարբեր մարզեր, հասկանալով, որ գյուղերի բնակչությունը հնարավորություն չունի քաղաք հասնելու, վճարելու հետազոտման համար, սոցիալական ծանր պայմաններում են ապրում»:
Հրապարակվել է՝ 14.12.2016