Հայաստանում քաղաքացիների եկամուտները կհայտարարագրվեն
Քաղաքացիների եկամուտների հայտարարագրում ՀՀ-ում
2023 թվականից սկսած Հայաստանում կներդրվի ռեզիդենտ բոլոր քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգ։ Ֆինանսների նախարարության առաջարկած նախագիծն արժանացել է կառավարության հավանությանն ու առաջիկայում կքննարկվի երկրի խորհրդարանում։
Նախագիծը ենթադրում է, որ հարկային մարմիններն իրենց տիրապետած տեղեկատվության համաձայն նախապատրաստելու են քաղաքացու հայտարարագիրը, այնուհետև նա հաստատելու է այն՝ անհրաժեշտության դեպքում կատարելով փոփոխություններ և լրացումներ։
Որոշման բոլոր մանրամասները
Ովքե՞ր պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր
Եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումն իրականացվելու է մինչև 2025 թվականը։ Գործընթացը կազմակերպվելու է երեք փուլով․ ամեն տարի հայտարարատու անձանց շրջանակն ընդլայվելու է։
2023 թ․-ին հայտարարատու են համարվելու այն քաղաքացիները, որոնք
- զբաղեցնում են համայնքային կամ հանրային պաշտոններ,
- հանդիսանում են բաժնետեր մի կազմակերպությունում, որի եկամուտները 2022 թ․-ի արդյունքներով գերազանցել են 1 միլիարդ դրամը,
- 2023 թ․-ի ընթացքում ստացած կլինեն 20 միլիոն դրամ և ավելի վարկեր և փոխառություններ,
- հանդիսանում են հիփոթեքային վարկի սպասարկման գծով եկամտային հարկի փոխհատուցումներ ստացող քաղաքացիներ,
- ստանում են եկամուտ արտերկրից։
«2024 թվականին հայտարարատու կհամարվեն այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են վարձու աշխատողներ կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են աշխատանքների կատարման դիմաց եկամուտներ, 2025 թվականին՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք առաջին երկու խմբերի մեջ չեն»,- հայտնել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նախարարի գնահատմամբ՝ նախաձեռնությունը հարկային բեռն ավելացնելու մասին չէ։ Ասում է՝ եկամուտների հայտարարագրման նոր համակարգը թույլ կտա ձևավորել «հարմարավետ միջավայր և գործիքակազմ» ոչ միայն ֆիզիկական անձանց եկամուտների և վճարած հարկերի վերաբերյալ տեղեկատվության հաշվառման, այլև եկամտային հարկի գծով «հարկային պարտավորությունները ինքնուրույնաբար կատարելու» համար:
Տվյալների մի մասը համակարգում կհայտնվի «ինքնաշխատ եղանակով»
Այս մասին տեղեկացրել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Գործարկվելու է հարկային հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ, որում յուրաքանչյուր ֆիզիկական անձ ունենալու է «նույնականացված հաշիվ»։ Խաչատրյանի խոսքով՝ նախնական տվյալները «ինքնաշխատ եղանակով» լրացնելու են հարկային մարմինները՝ հիմք ընդունելով «իրենց տրամադրության տակ առկա տեղեկատվությունը»․
«Մուտք գործելով հարկային հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ՝ հայտարարատուն հնարավորություն ունի այնտեղ իր համար նախալրացված հայտարարագիրը ստուգելու, անհրաժեշտության դեպքում կատարելու փոփոխություններ և լրացումներ, ապա հաստատելու հայտարարագրերի վերջնական տարբերակը»:
Նախագծի համաձայն՝ քաղաքացին պետք է հայտարարագրի վերջնական տարբերակը հաստատի մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը։
«Եթե մարդիկ կդժվարանան, մեր սպասարկման սրահներում օգնություն կցուցաբերեն»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Պետական եկամուտների կոմիտեն է ինքնաշխատ եղանակով տվյալները մուտքագրելու հայտարարագրման նոր համակարգ։
Փոխհատուցումը՝ որպես խթան
Քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը զուգահեռ կառավարությունը մտադիր է ներդնել նաև «խթանող» միջոցառումներ։ Ֆինանսների նախարարի փոխանցմամբ՝ դրանք իրականացվելու են սոցիալական կրեդիտների համակարգի միջոցով․
«Հայտարարագիր ներկայացնողները հնարավորութուն կստանան իրենց վճարած եկամտային հարկից հետ ստանալ հարկային տարվա ընթացքում իրենց կամ իրենց ընտանիքի որոշ անդամների համար կատարված, հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված, առողջապահության, կրթության և բնակարանային ապահովությանը վերաբերող ծախսերին համարժեք որոշ գումարներ»։
Ընտանիքի անդամների շրջանակը, սոցիալական ծախսերի տեսակներն ու փոխհատուցման առավելագույն չափը դեռևս հստակ չեն։ Օրենքի ընդունմանը հաջորդող 6 ամիսների ընթացքում կառավարությունը դրանք կսահմանի առանձին որոշմամբ։
Արտերկրից եկամուտ ստացողների մասին
Տարեկան մինչև 12 մլն դրամի չափով եկամուտ ստացողներից այդ մասին հավաստող փաստաթուղթ չի պահանջվի։ Այս փոփոխությունը նույնպես արվելու է համակարգի ներդրման արդյունքում։
Քաղաքացիները կմատնանշեն միայն եկամտի աղբյուրը և ստիպված չեն լինի տվյալ երկրի հարկային մարմնի կողմից հաստատված տեղեկանք ներկայացնել։
Գործող կարգավորումների համաձայն՝ եթե ՀՀ-ում գտնվող քաղաքացին արտերկրից եկամուտ է ստանում, այդ երկրում վճարված հարկերի մասին տեղեկանք է ներկայացնում Հայաստանի հարկային մարմիններին։ Օրենքի համաձայն՝ արտերկրից ստացված եկամուտը հարկվում է միայն այն դեպքում, եթե այդ երկրում վճարված հարկն ավելի քիչ է, քան Հայաստանում այդ եկամտի նկատմամբ հաշվարկված հարկը։
«Արմենպրես» գործակալության հետ զրույցում Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում ապրող քաղաքացիների համար տրասնֆերտների տեսքով ստացված գումարները չեն դիտարկվելու որպես հարկվող եկամուտ։
«Դրանք հարկվող եկամուտներ են արտերկրում աշխատող անձի համար: Ուղարկված գումարը Հայաստանի օրենսդրությամբ նվիրատվությանը հավասարեցված գումար է, հարկման ենթակա չէ»,- ընդգծել է Պողոսյանը։
Պատասխանատվության չափը կքննարկվի խորհրդարանում
Ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ եթե հայտարարատու անձինք սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնեն հայտարարագիրը, ապա կենթարկվեն պատասխանատվության։
«Մոտեցումները քննարկել ենք։ Նախատեսել ենք 20-300 հազար դրամ՝ ըստ ռիսկի խմբերի»,- ասել է ֆինանսների նախարարն ու հավելել, որ հարցը կքննարկեն նաև ԱԺ գործընկերների հետ։
Խաչատրյանի խոսքով՝ միջազգային խորհրդատուներն են առաջարկել պատասխանատվության միջոցներ նախատեսել, հակառակ դեպքում «համակարգը կարող է ձախողվել»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Քաղաքացիների եկամուտների հայտարարագրում ՀՀ-ում